Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերում կգործարկի TASMUS կապի մարտավարական-հաղորդակցային համակարգը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում նախապատրաստվում են TASMUS համակարգի գործարկմանը, որն արդեն իսկ գործում է Թուրքիայի զինված ուժերում: Խոսքը գնում կապի մարտավարական-հաղորդակցային համակարգի մասին:
Այս մասին ադրբեջանական գործակալությանը հայտնել է թուրքական ASELSAN ընկերությունը, որը մասնակցում է IDEX-2013 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին: ASELSAN-ի ներկայացուցիչների խոսքերով՝ արդեն իսկ իրականացվել է համապատասխան աշխատանք, պատրաստվել է ծրագիր, որը սպասում է իր հաստատմանը:
Նշվում է, որ ադրբեջանցի զինվորականները նախկինում արդեն իսկ ծանոթացել են Թուրքիայի զինված ուժերում գործող TASMUS համակարգի հետ: ASELSAN-ը հայտարարել է, որ TASMUS-ը կընդլայնի Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ հնարավորությունները:
Միևնույն ժամանակ կապահովվի Թուրքիայի ու Ադրեջանի զինված ուժերի կապի և ղեկավարման համակարգերի համապատասխանեցումը մարտական պայմաններին: Իսկ դա իր հերթին զինված ուժերին հնարավորություն կտա հետագայում անցկացնել համատեղ օպերացիաներ: