Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը ծրագրում է այցելել Իսրայել

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք կատարելիք այցի նախաշեմին, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյայի։

Պաշտոնը ստանձնելուց հետո սա կլինի Հեգսեթի առաջին այցն Իսրայել։ Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները տարակարծիք են Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորության շուրջ, ինչպես նաև Գազայում շարունակվող պատերազմի և Եմենում ԱՄՆ-ի ռազմական արշավի ֆոնին։

Հեգսեթը Իսրայել կժամանի մայիսի 12-ին և կհանդիպի իր գործընկեր Իսրայել Կացի և վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։ Այնուհետև Հեգսեթը կմեկնի Սաուդյան Արաբիա՝ միանալու Թրամփի այցին Պարսից ծոցի երկրներ։ Թրամփը կայցելի նաև Քաթար և ԱՄԷ, սակայն առայժմ չի ակնկալվում, որ նա կայցելի Իսրայել։ Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Հեգսեթի այցի ծրագրերը։

Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և Վաշինգտոնում գործող իսրայելամետ կազմակերպությունները մտահոգված էին, որ Պենտագոնում պաշտոնների համար Թրամփի թեկնածուներից շատերը թերահավատորեն են վերաբերվում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական միջամտությանը, հատկապես երբ խոսքը վերաբերում է Իրանին։

Նաթանյահուն և նրա խորհրդականները փորձել են համոզել ամերիկացի գործընկերներին Իրանի հարցում ռազմական լուծման անհրաժեշտության մեջ, գրում է Axios-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս