«Իմպիչմենտով» եկածն իմպիչմենտով էլ կգնա, եթե․․․  

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու՝ «Արթուն ենք» հանրային շարժման նախաձեռնությունը հերթական անգամ կրքեր է բորբոքել ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ իշխանության, որքան՝ ներընդդիմադիր դաշտում։

Ինչպես սովորաբար, քննարկումները հիմնականում ծավալվում են նախաձեռնության հեղինակների անձերի, այս կամ այն խմբերի հետ նրանց հարաբերությունների շեշտադրմամբ՝ երկրորդական պլան մղելով դրա զուտ քաղաքական նշանակությունը։ Իսկ ինստիտուցիոնալ մակարդակում Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն իշխանափոխության նպատակի հասնելու մաքուր քաղաքական գործիք է, որը քաղաքականությամբ զբաղվողներին դնում է «կա՛մ-կա՛մ» երկընտրանքի առաջ։

Վերջին օրերի զարգացումները, սակայն, ցույց են տալիս, որ ոչ իշխանական դաշտի մի մասը նախընտրում է «և՛-և՛» տարբերակը, այն է՝ հայտարարելով գործող իշխանության փոփոխության նպատակի մասին, միաժամանակ չի պատրաստվում միանալ դրան ուղղված գործընթացին։

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ իմպիչմենտի սահմանադրական ճանապարհն իրականում հնարավոր է հենց «և՛-և՛»-ի միջոցով, բայց դա ոչ թե ընդդիմադիր դաշտի մեծամասնություն կազմողների «և՛-և՛»-ն է, այլ անվստահության խորհրդարանական ընթացակարգի և փողոցային պայքար գեներացնելու զուգահեռությունը։ Փաշինյանին անվստահություն հայտնելու պառլամենտական նախաձեռնությունը չի կարող հասնել վերջնանպատակի, եթե դրան զուգահեռ փողոցում տեղի չունենան բողոքի զանգվածային ակցիաներ։ Այդ մասին օբյեկտիվորեն հայտարարում են նաև դրա նախաձեռնողները:

Կարդացեք նաև

Մյուս կողմից, ինչպես ցույց է տվել հետպատերազմյան շուրջ հնգամյա ընթացքը, միայն փողոցում մարդկանց ընդվզումը չի հանգեցնում իշխանափոխության։ 2020թ․ հաջորդած հինգ տարիների ընթացքում ընդդիմությունը փորձել է գրեթե ամեն ինչ, բացի այս երկու՝ իմպիչմենտի ու փողոցի մեթոդների համաժամանակյա կիրառումից։

Հիմա, այս գործընթացը նախաձեռնողներն առաջարկում են գոնե մեկ անգամ էլ փորձել դա։ Եվ բոլոր նրանք, ովքեր ուղիղ կամ ստվերային կերպով քննադատում են այս նախաձեռնությունը, դեմ են հանդես գալիս այդ փորձին՝ միանգամայն արդարացիորեն խորացնելով հանրության շրջանում տարածված այն կասկածները, որ ընդդիմադիր գործունեություն ծավալողներից շատերը գերադասում են «ասֆալտին ծեփվելու» հրապարակային սպառնալիքների ներքո շարունակել իրական ասֆալտապատումից տենդերային եկամուտների ստացումը, քան գոնե մի անգամ փորձել պաշտոնանկ անել իրենց վրա մատ և հնարավոր ամեն ինչ թափ տվողին։ Ճաշակի ու եկամտի հարց է, հավանաբար։

Իմպիչմենտի նախաձեռնությունը մինչև 2026թ հերթական ընտրությունները քաղաքական գործընթաց հարուցելու, գոնե այս պահին, միակ տեսանելի միջոցն է, այլապես իշխանությունը՝ բոլոր հայտնի մեթոդներով, վերարտադրվելու է հաջորդ տարվա ընտրություններում:

Իմպիչմենտը՝ անվստահություն հայտնելը, քաղաքական գործիք է, որը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է հասնել հաջողությունների՝ ԱԺ ներսում ընդդիմության միջոցով և փողոցում հավաքվածների միջոցով ճնշում գործադրելով ՔՊ-ականների վրա: Հնարավոր է կանգնեցնել այս աղետը, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու, վերարտադրվելու համար: Նիկոլ Փաշինյանն իր օրակարգն ունի, որին աջակցում են դրսից, և չպետք է թույլ տալ, որպեսզի նրա օրակարգը դառնա միակը:

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կարիերան հեռավոր 2000-ականներին սկսել է «Իմպիչմենտ» նախաձեռնությամբ՝ դրանով փորձելով պաշտոնանկ անել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։  Խորհրդանշական, բայց շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ հենց վերջինիս կողմնակիցներն են այսօր անձնուրացաբար հանդես գալիս Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի դեմ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս