Հայաստանի ոստիկանության բաժիններում մարդկանց էլեկտրահարում են էլեկտրաշոկով, գլուխը խփում են «պառավոյին»
Հայաստանի ոստիկանության բաժիններում նախորդ տարի անձանց նկատմամբ կիրառվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններ: Այս մասին նշված է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի 2011-2012 թթ. իրականացրած «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» ուսումնասիրության մեջ, որը ներկայացվեց այսօր քննարկման ժամանակ: Ըստ դրանց՝ ֆիզիկական բռնության դրսևորման հիմնական ձևերն են՝ ձեռքով, ոտքով, փայտով, մահակով և այլ առարկաներով ծեծելը, մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելը, էլեկտրաշոկով էլեկտրահարելը և այլ միջոցներ:
Ուսումնասիրության ընթացքում զրույցներ են անցկացվել 80 անձանց հետ, որոնցից միայն 30-ն են համաձայնել հարցաթերթիկներ լրացնել: Նրանց բոլորի նկատմամբ Ոստիկանության բաժիններում կիրառվել են ֆիզիկական և հոգեբանական բռնություններ: Դրսևորվել են բռնությունների հետևյալ ձևերը. «Ձեռնաշղթա են հագցրել և մահակով հարվածել կողերին, ոտքերին, գլխին, գրքով խփել են մեջքին, մահակով՝ ոտքերի տակ, հարվածել են մահակով, մանրահատակով, գլուխը խփել են «պառավոյին», աթոռից կապել են, ցանկացել են մուրճով խփել ծնկներին, բայց այդ պահին մարդ է եկել, չեն հասցրել, հետագայում ձեռքերի ափերով խփել են ականջներին, ոտքերով խփել են երիկամներին, այս ամենն ուղեկցվել է հայհոյանքներով»:
Ըստ ուսումնասիրության՝ հոգեբանական բռնությունները կիրառվել են հետևյալ կերպ. «Զգուշացրել են, որ, եթե չխոստովանես ու գործը վիզ չվերցնես, հորդ ու եղբայրներիդ վրա գործ կսարքեն, սպառնացել են, որ եթե չխոստովանի՝ ընկերուհուն կբերեն և կծեծեն, ծեծելուց հետո սպառնացել են, որ չխոստովանելու դեպքում ընկերոջն էլ կներգրավեն գործին, հորն էլ, իսկ հետագայում բաժին են բերել եղբորը, որպեսզի խոստովանի»: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 26 անձի բերման ենթարկելուց հետո նրանց իրավունքներին չեն ծանոթացրել: 20-ին չեն պարզաբանել պաշտպան ունենալու իրավունքը: Սկզբնական շրջանում հարցվածներից 29-ը պաշտպան չեն ունեցել, իսկ պաշտպան ունենալուց հրաժարվել են հիմնականում քննիչի դրդմամբ: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստին 21-ը պաշտպան չեն ունեցել:
Խախտված իրավունքների բացահայտված դեպքերից մեկը գրանցվել է 2011-ի հունիսի 14-ին: Արման Դավթյանին, կնոջը և ընկերոջը բերման են ենթարկել Ոստիկանության Մաշտոցի բաժին, մի քանի անձինք ռետինե մահակներով և մանրատախտակով ծեծի են ենթարկել նրանց՝ ստիպելով ինքնախոստովանական ցուցմունք գրել: Մանրատախտակի հարվածից Ա. Դավթյանի ձախ ձեռքի մատները կոտրվել են, հետագայում նրան սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով մարմնի տարբեր մասերում:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ նշված խնդիրների պատճառները բազմաթիվ են՝ օրենսդրական բացեր, քննիչների իներցիոն մտածողություն. մեծ մասամբ՝ առանց ապացույցներ հավաքելու, ծեծի միջոցով փորձում են ինքնախոստովանական զեկույցներ կորզել: Ըստ Ա. Իշխանյանի՝ Հայաստանում համապատասխան պատրաստվածություն ունեցող քննիչներ կա՛մ չկան, կա՛մ քիչ են, իսկ Դատախազության կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: «Շատ լուրջ խնդիր է խափանման միջոցի հարցը, որովհետև, իմ համոզմամբ, երբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը, սա մարդուն կոտրելու լրացուցիչ ձև է նախաքննության ընթացքում: Հաշվի առնելով նաև քրեակատարողական հիմնարկներում, հատկապես կալանավորված անձանց խցերում գերծանրաբեռնվածությունը և անմարդկային պայմանները, կարելի է ասել, որ սա լրացուցիչ ձև է մարդուն կոտրելու»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրա՝ գոյություն ունի սահմանափակում՝ քանի մարդ կարող է պահվել ձերբակալվածների պահման վայրում. «Եվ այստեղ, ես կարծում եմ՝ նորից գալիս է Հայաստանում գերատեսչությունների ինքնուրույնության հարցը, որովհետև, եթե Արդարադատության նախարարությունն ինքնուրույն կառույց լիներ, ապա, իմ կարծիքով, նա կարող էր ուղղակի չընդունել մարդկանց, քանի որ արդեն տեղ չունի: Ո՞նց կարող է օրենք խախտելով՝ մարդուն ընդունել, 8 հոգու համար նախատեսվող խցում 20-ից ավելի մարդ պահել»: