
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Սիրիայի քրիստոնյաների պաշտպանությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական ու մարդասիրական կազմակերպություններին և անհատներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը Սիրիայի բոլոր քրիստոնաների պաշտպանության վրա։
Այս մասին նշված է Երուսաղեմի հայոց պատրիարքության տարածած հայտարարության մեջ։
«Երբ ականատես ենք լինում Սիրիայում շարունակվող խժդժություններին ու ավերիչ հակամարտությանը, մեր սրտերը լցվում են խորը վշտով և մտահոգությամբ բոլոր տառապողների համար։ Մասնավորապես, մեզ հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայրների ու քույրերի ծանր վիճակը, որոնք սերունդներ շարունակում ապրում են այդ հողի վրա, ուր ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից հետո»,-նշված է հայտարարության մեջ։
Պատրիարքարանը նաև ընդգծել է, որ Սիրիան եղել է վերապրածների ու նրանց ժառանգների տունը, որոնց ներկայությունն այնտեղ քրիստոնյա հայերի տոկունության և հավատքի վկայությունն է։
«Այսօր Սիրիայում գտնվող բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունն ու ապահովությունը դարձյալ վտանգված է բռնության և քաոսի պատճառով, որը, ցավալիորեն, պատուհասում է տարածաշրջանը։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ոչ միայն բոլոր անմեղ կյանքերի պաշտպանության, այլ հատկապես այն հայերի համար, որոնք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովրդի կենդանի վկաներն են։ Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն, նրանք գոյատևման, հաստատակամության և արժանապատվության համար շարունակվող պայքարի սուրբ վկաներն են՝ ի դեմս ցեղասպանական հալածանքների»,-ասված է հայտարարության մեջ։
Պատրիարքարանը հիշեցրել է, որ Սիրիայում հայերը հիմնականում ապրում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, և նրանք արդեն շատ մարտահրավերների են դիմակայել։
«Նրանք վերականգնել են իրենց կյանքը Ցեղասպանությունից հետո, ստեղծել են կենսունակ համայնքներ և ակտիվորեն նպաստում են Սիրիայի մշակութային, հոգևոր կառույցների զարգացմանը։ Բայցևայնպես, նրանք այժմ կանգնած են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող վտանգի առջև։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմների կրակի տակ, և դարձյալ տեղահանության վախ կա»,- նշված է Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտարարության մեջ։
Վերջինս նաև հավելել է, որ այդ համայնքները պարզապես ազգային փոքրամասնություններ չեն. դրանք ավելի մեծ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են, մի ներկայություն, որը գոյատևել է դարեր շարունակ:
«Սիրիայում մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի անվտանգությունը չպետք է անտեսվի կամ դիտարկվի որպես երկրորդական խնդիր տարածաշրջանում քաղաքական տեղաշարժերի ֆոնին: Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքներին, և թող Նրա ողորմությունը խաղաղություն և պաշտպանություն բերի բոլոր նրանց, ովքեր տառապում են Սիրիայում և նրա սահմաններից դուրս: Մենք աղոթում ենք այն օրվա համար, երբ բոլոր փոքրամասնություն կազմող քրիստոնյաները՝ անկախ իրենց դավանանքից, կարողանան ապրել իրենց համայնքներում ներդաշնակ և ապահով՝ առանց կրոնական հալածանքների»,-ընդգծել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը:
Սիրիայում մարտի 7–10-ն ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանություններ են իրականացվել։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը անցել է հազարը։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին՝ Լաթաքիայի մուտքի մոտ։
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ «պատասխանատվության են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր թաթախված են խաղաղ քաղաքացիների արյան մեջ»:
Աշ-Շարաայի հրամանով ստեղծվել է «Քաղաքացիական խաղաղության պահպանման բարձրագույն կոմիտե»՝ հետաքննելու և բացահայտելու սիրիական ծովափնյա շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։