Ինդոնեզիան հերքել է Ջակարտայում դեսպանատուն բացելու հարցում Հայաստանին մերժելը
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռ 2013 թվականի սկզբին Երևան ուղարկվեց Ինդոնեզիայի իշխանությունների համաձայնությունը՝ մայրաքաղաք Ջակարտայում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին:
Այս մասին գործակալությանը հայտնել են Կիևում Ինդոնեզիայի դեսպանատնից, որը համատեղում է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանատան գործառույթները: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ապրիլի կեսերին տեղեկատվություն էին տարածել, թե Ինդոնեզիայի իշխանությունները Հայաստանին մերժել են Ջակարտայում դեսպանատուն բացելու թույլտվության հարցում:
Սակայն Ուկրաինայում Ինդոնեզիայի դեսպանատունը հայտարարել է, որ Ինդոնեզիայի խորհրդարանի ղեկավար Մարզուկի Ալիեն Հայաստանին մերժելու մասին որևէ հայտարարություն չի արել.
«Ինդոնեզիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի ու սկզբունքների հիման վրա»: