
Հնարավոր է` սպառողական վարկերի տրամադրումը սահմանափակվի. ՀՀ բանկերի միության նախագահ

Կենտրոնական բանկը փետրվարի 13-ին հրապարակել էր «ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ բանկերի նկատմամբ 2025-2027 թվականներին իրականացվող պրուդենցիալ վերահսկողության առաջնահերթություններ» փաստաթուղթը, որում նշված էր, որ ԿԲ-ն մտադիր է առաջիկա տարիներին ուժեղացնել հիփոթեքային և սպառողական վարկավորման շուկայում հնարավոր ռիսկերի վերլուծությունը։
Վերահսկողության միջոցով ԿԲ-ն նախատեսում է գնահատել, թե արդյոք բանկերն ավելորդ «ռիսկային ախորժակ» չեն ցուցաբերում՝ ձգտելով շահույթ ստանալ հիփոթեքային բումի ընթացքում։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը` մեկնաբանելով ԿԲ-ի այս հաղորդագրությունը, այսօրվա ասուլիսում ասաց՝ եթե Հայաստանի կենտրոնական բանկն առաջիկայում խստացնի վարկավորման նկատմամբ վերահսկողությունը, հնարավոր է` բանկերը զսպեն սպառողական վարկերի տրամադրումը։ Ա
Ազատյանը ենթադրում է, որ ԿԲ-ի որոշումը կապված է ՀՀ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի կենտրոնացվածության հետ, քանի որ 2024թ. բանկերի կողմից տրամադրված վարկերի 45 տոկոսը կազմել են հատկապես հիփոթեքային և սպառողական վարկերը։
«Եթե ընդունենք, որ հատկապես հիփոթեքային վարկավորման աճը պայմանավորված է եղել եկամտահարկի վերադարձի սահմանափակման հետ, կարող ենք ենթադրել, որ 2025-ին մենք հիփոթեքային վարկերի աճ չենք ունենա։ Իսկ ինչ վերաբերում է սպառողական վարկերին, դա, իմ կարծիքով ԿԲ-ին ավելի տեսանելի է։ Կարծում եմ` բանկերը հարգանքով կմոտենան այդ որոշմանը, և հնարավոր է`ռիսկերի զսպման կոնտեքստում զսպեն նաև սպառողական վարկերի տրամադրումը»,- ասաց Դանիել Ազատյանը՝ միաժամանակ հավելելով, թե հայաստանյան բանկերն այսօր ունեն կապիտալացվածության և իրացվելիության այնպիսի մակարդակ, որ իրենց սեփական ռիսկերը հաշվի առնելով` կարող են իրենց թույլ տալ լրացուցիչ վարկեր տրամադրել, իսկ ԿԲ-ն էլ իր հերթին մակրոտնտեսական ռիսկերը հաշվի առնելով, հնարավոր է` նպատակահարմար գտնի որոշակի սահմանափակումներ կիրառել։
Պատասխանելով 2025 թվականից շինարարության ծավալների հնարավոր կրճատման ու դրա հետևանքով բանկային համակարգում վարկավորման ծավալների նվազման մասին հարցին` Ազատյանը նշեց, թե համոզված է, որ բանկերում ևս որոշակի վերլուծություններ արվել են, ու պատրաստվել հնարավոր սթրեսային իրավիճակներին դիմակայելուն։
Բացի այդ, ըստ նրա, բանկերը կարող են նաև շինարարական այլ նախագծեր ևս ֆինանսավորել (ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն և այլ պետական ծրագրեր)` չսահմանափակվելով միայն բնակարանային շինարարությամբ։
«Ես վստահ եմ, որ բանկերի սթրես-սցենարներում նաև շինարարության մասով ծրագրերը ներառված են, և ճշգրտումներ 2025թ. դրանց մասով կլինեն»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահը։