Ռուսաստանը դեմ է Հայաստան-Ադրբեջան արագացված փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը․ Գալուզին

Ռուսաստանը կողմ է, որպեսզի հայկական և ադրբեջանական կողմերը մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով Երևան-Բաքու բանակցություններին։ ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով, ՌԴ-ն միշտ պատրաստ է նպաստել առաջընթացին։

«Սակայն դեմ ենք ցանկացած արագացված փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագրի կնքման արևմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ, կայուն խաղաղության, այլ ընդհակառակը՝ կարող են ապագայի համար առճակատման որոշակի սերմեր դնել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի ենք համարում Հայաստանի ու Ադրբեջանի, Հարավային Կովկասի ու Ռուսաստանի համար»,- ասել է փոխնախարարը։

Գալուզինը ցավով է նշել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ, ընդհատվել և սառեցվել է։

«Մենք կոչ ենք անում կողմերին և առաջին հերթին մեր հայ ընկերներին այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքին։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,- նշել է դիվանագետը։

Կարդացեք նաև

Գալուզինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում Արևմուտքի գիծը համարում է բացարձակ ապակառուցողական, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ փորձելու «նպաստել» այս թևից ՌԴ ռազմավարական պարտությանը։

Տեսանյութեր

Լրահոս