Բաժիններ՝

Չինաստանը, ի պատասխան Թրամփի, մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ածուխի, նավթի, մեքենաների և հեղուկ գազի ներմուծման համար

Չինաստանը հայտարարել է, որ 10% մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից նավթի, փոքրալիտրաժ մեքենաների, պիկապ մեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման համար։ Մինչդեռ ԱՄՆ-ից ներկրված ածուխի և հեղուկ բնական գազի ներկրման համար, Պետխորհրդի որոշմամբ, կգործեն 15 տոկոս մաքսատուրքեր:

Այս որոշումն ընդունվել է ի պատասխան այսօրվանից՝ փետրվարի 4-ից, ուժի մեջ մտած Չինաստանից ապրանքների ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած 10% մաքսատուրքերի։ Պատասխան միջոցների մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդին առընթեր սակագնային և դասակարգման կոմիտեն, գրում է kommersant.ru-ն։

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները, ինչպես նաև խոչընդոտում է «Չինաստանի և Միացյալ Նահանգների բնականոն տնտեսական և առևտրային համագործակցությանը»։

Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա պնդում է, որ դրանով կատարում է իր նախընտրական պարտավորություններից մեկը՝ դադարեցնել անօրինական միգրանտների ներհոսքը երկիր և ֆենտանիլի մաքսանենգությունը։

Չինաստանից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը կկազմեն 10%, Մեքսիկայինը՝ 25%, Կանադայինը՝ 10% էներգետիկ ռեսուրսների և 25% այլ ապրանքների համար։

Չինաստանը նաև խոստացել է հայց ներկայացնել ԱՀԿ-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս