Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ խաչմերուկում. Բազմավեկտորության ճգնաժամ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծական զեկույց
1. Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխություն
Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանը եղել է Ռուսաստանի դաշնակիցը կովկասյան տարածաշրջանում։ Ընդ որում՝ Ռուսաստանը հանդես էր գալիս որպես նրա անվտանգության հիմնական երաշխավոր։ Դա չի խանգարել պաշտոնական Երևանին, հետխորհրդային գրեթե բոլոր կառավարությունների օրոք, հետևողականորեն մեծացնել իր արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը, ինչպես նաև միանշանակ աջակցություն պահանջել Ռուսաստանի Դաշնությունից՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հակամարտությունում։ Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված էր Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համակցման, ինչպես նաև Ադրբեջանի, տարածաշրջանի մյուս երկրների՝ առաջնահերթ Թուրքիայի և Իրանի հետ կառուցողական բարիդրացիական հարաբերությունների կառուցման, Վրաստանի հետ նորմալ փոխգործակցության վերականգնման վրա։ Ռուսաստանի ձգտումը, պահպանելով դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, զարգացնել առևտրատնտեսական և այլ կապեր Ադրբեջանի հետ, հնարավորություն տվեց Մոսկվային, քաղաքական և ռազմական առումով Բաքվին անվերապահորեն սատարած Անկարայի նման, չվերածվել հակամարտության կողմի, այլ միջնորդի դեր խաղալ կարգավորման գործում: Հարկ է նշել՝ ինքը՝ Հայաստանը, զգուշանալով Արևմուտքի երկրների արձագանքից, այդպես էլ չդարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անմիջական մասնակից՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (ԼՂՀ) աջակցություն ցուցաբերելով միայն ոչ պաշտոնապես։
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո «բազմավեկտոր մանևրման» ընդհանուր համատեքստում շարունակվեց Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանման կուրսը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում (2019թ.) ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Ռուսաստանին անվանել է գլխավոր ռազմավարական գործընկեր և դաշնակից: Հայաստանը սատարել է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, 2020 թվականի օգոստոսին Ն. Փաշինյանն ընդունել էր Բելառուսում կայացած ընտրությունների օրինականությունը։ Սակայն հետագայում Հայաստանում զարգացավ սեփական պատմամշակութային ժառանգության և Ռուսաստանի հետ հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթի վերագնահատման գործընթացը։ Արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հայտնվել են խորը ճգնաժամի մեջ, քաղաքական և պաշտպանական ոլորտներում այն հավասարակշռում է արգելափակման և նույնիսկ լիակատար խզման եզրին: Միաժամանակ վատթարացել են Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ մյուս անդամների և հենց այդ միջազգային կազմակերպության հետ, ինչը հանգեցրեց Երևանին անդամակցությունը «սառեցնելու» որոշմանը, որն իրականում քայլ է դեպի ելք։
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում (2020թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 10) կրած ծանր պարտությունը խոր ցնցումների և քաղաքական ապատիայի մեջ գցեց հայ հասարակությանը։ Հասարակության աչքում Հայաստանի իշխանություններին հաջողվեց պարտության պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, որն իբր Հայաստանի Հանրապետության (ՀՀ) «վատ դաշնակիցն» էր։
ՌԴ Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո միջազգային իրադրության բարդացումը հանգեցրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետագա լուրջ ճշգրտման: 2022 թվականի աշնանը, Ուկրաինական ճակատում Ռուսաստանի իրական դժվարությունները գնահատելով որպես հավաքական Արևմուտքի հետ հակամարտությունում «Ռուսաստանի պարտության» նշաններ, Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, հրաժարվեց իր արտաքին քաղաքականության բազմավեկտորության բուն սկզբունքից։ Հայաստանի իշխանություններն ընտրություն կատարեցին հօգուտ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման առաջնահերթության։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում վարչապետ Ն.Փաշինյանը հրաժարվեց հետկոնֆլիկտային կարգավորման հարցում ռուսական միջնորդությունից և այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էին բերվել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով եռակողմ երկխոսության ձևաչափի շրջանակներում։ Հայաստանի կառավարության նման որոշումը կանխատեսելիորեն ոչ միայն որոշեց չճանաչված ԼՂՀ ճակատագիրը, այլև բարդացրեց իրավիճակը ողջ Հարավային Կովկասում:
2. ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության իրավիճակը
Հայաստանի ղեկավարությունը սկսել է նվազագույնի իջեցնել հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ քաղաքական և ռազմատեխնիկական ոլորտում և 2022 թվականից համակողմանիորեն ավելացնել գործընկերությունն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: 2023 թվականի մարտին Ն.Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն ինքը «կամա թե ակամա դուրս է գալիս Հանրապետությունից»: Այնուհետև Հայաստանի կառավարությունը հրաժարվել է երկրում անցկացնել կազմակերպության՝ ավելի վաղ նախատեսված զորավարժությունները։ Երևանը չի օգտագործել հայկական քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար՝ հետ կանչելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչին։ 2023 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանն առաջին անգամ չմասնակցեց ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովին։ Հետագայում հայկական ղեկավարությունը սկսեց բոյկոտել կազմակերպության բոլոր միջոցառումները։
2024-ի փետրվարին Ն. Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին։ Կազմակերպություն վերադառնալու պայմանն է 2022-2023 թվականներին սահմանային միջադեպերի ընթացքում Ադրբեջանի` որպես «ագրեսորի» գործողությունները միանշանակ դատապարտելու և Հայաստանի` որպես «ագրեսիայի զոհի» նկատմամբ իր դաշնակցային պարտքն ամբողջությամբ կատարելու պահանջը։ Ն.Փաշինյանի կառավարության այս քայլն ակնհայտորեն հաշվարկված էր ներքին քաղաքական-քարոզչական խնդիրների լուծման համար. Երևանում քաջ գիտակցում էին, որ բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ-ին անդամակցում են նաև այլ պետություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի Ադրբեջանի հետ առևտրատնտեսական և քաղաքական կապերի իր պատմությունը։ Նույնիսկ այս պայմաններում ՀԱՊԿ-ը հանդես եկավ իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններով՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկում սահման, միջնորդություն Երևանի և Բաքվի միջև բանակցություններում։ Սակայն այդ առաջարկներն էլ մերժվեցին Հայաստանի ղեկավարության կողմից։ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտում համագործակցությունը նույնպես նվազագույնի է հասցվել:
ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում անդամ պետություններից մեկի կամքով կազմակերպության անդամակցության «սառեցում»: Միջոցառումներին մասնակցության դադարեցումը, ղեկավար մարմինների աշխատանքի բոյկոտը և Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը խախտում են կազմակերպության կանոնադրությունը: Հոդված 19-ը ամրագրում է անդամ պետությունների՝ կազմակերպությունից դուրս գալու իրավունքը և սահմանում է դրա ընթացակարգը՝ դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում՝ դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, կազմակերպության շրջանակներում իրենց պարտավորությունների կարգավորում և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից անդամության դադարեցման հաստատում։ 20-րդ հոդվածը նախատեսում է, որ անդամ պետության կողմից ՀԱՊԿ կանոնադրության դրույթների, խորհրդի որոշումների և կազմակերպության այլ մարմինների որոշումների չկատարման դեպքում Խորհուրդը կարող է որոշում ընդունել նրա մասնակցությունը կասեցնելու կամ ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին:
Իրավիճակը երկար ժամանակ շարունակում է անորոշ մնալ. Ռուսաստանի ղեկավարությունն ու ՀԱՊԿ ներկայացուցիչներն իրենց պաշտոնական հայտարարություններում շարունակում են Հայաստանին դիտարկել՝ որպես լիիրավ անդամ, սակայն կոչ են անում նրա ղեկավարությանը կատարել իր «վերջնական ընտրությունը»՝ կազմակերպության անդամակցությունը պահպանելու կամ դուրս գալու վերաբերյալ:
2024 թվականի հունիսին ԱԳ նախարար Ա. Միրզոյանը հայտարարեց ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների՝ «ռազմավարական գործընկերության» մակարդակի զարգացման մասին։ Իսկ 2025 թվականի հունվարի 14-ին Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար է. Բլինքենը ստորագրեցին ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Նման փաստաթուղթ ԱՄՆ-ը արդեն ստորագրել Է Վրաստանի (2009թ.) և Ուկրաինայի (2021թ.) հետ։ Վրաստանն այս համաձայնագիրը կնքել է 2009 թվականի հունվարին` Մ. Սահակաշվիլիի վարչակազմի և Ռուսաստանի միջև առճակատման գագաթնակետին՝ 2008 թվականի օգոստոսի պաշտոնական Թբիլիսիի հրահրած հնգօրյա պատերազմից հետո: Կիևի ռեժիմը, որը նման համաձայնագիր է ստորագրել 2021 թվականին, վաղուց բաց հակառուսական քաղաքականություն էր վարում։ Իսկ Հայաստանը պաշտոնապես մնում է Ռուսաստանի դաշնակիցը` ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում, այլև 1997թ. օգոստոսի 29-ի բարեկամության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի պայմաններով։
Կանոնադրությունը Երևանին անվտանգության էական երաշխիքներ չի տալիս և սահմանափակվում է շփումները շարունակելու, կրթական ծրագրերին հայ զինվորականների մասնակցությունն ապահովելու խոստումներով, և այլն: Այս փաստաթղթի ստորագրումն առաջին հերթին քաղաքական և գաղափարական նշանակություն ուներ ԱՄՆ հեռացող վարչակազմի և Հայաստանի ներկայիս կառավարության համար: Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր մոտեցումներ ձևակերպել Հարավային Կովկասում և Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հասկանալով դա՝ Ն.Փաշինյանի կառավարությունը նախընտրեց Հայաստանի բնակչությանը ցույց տալ, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի փոխարեն՝ գտել է անվտանգության նոր պոտենցիալ երաշխավորներ՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի։
Մինչդեռ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ էականորեն տարբերվում են, ինչի մասին չեն սիրում հիշատակել Երևանում։ ԵՄ և Ալյանսի անդամ 9 պետություններ (Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Ռումինիա, Լեհաստան, Բուլղարիա, Սլովակիա, Չեխիա և Իտալիա) աջակցություն են հայտնում Բաքվի քաղաքականությանը և Ադրբեջանի հետ ստորագրելու ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթեր: Միայն ԵՄ երեք պետություններ (Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս), որոնք Ադրբեջանի դիրքորոշումներն ու գործողությունները կապում են Թուրքիայի շահերի հետ, աջակցում են հայկական բանակի վերազինմանը և ցուցաբերում Հայաստանին քաղաքականապես աջակցելու պատրաստակամություն: Սակայն ակնհայտ է, որ այդ պետությունները, հայ-ադրբեջանական անմիջական ռազմական բախման դեպքում, չեն կարող հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության հուսալի երաշխավորներ։ Նրանց գործողությունները միայն համոզում են Անկարային ու Բաքվին, որ «հայկական խնդիրը» կարելի է լուծել ուժային ճանապարհով՝ բարենպաստ իրավիճակի առկայության դեպքում։ Դրա նախադրյալները կարող են ստեղծվել արդեն առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերացման դեպքում:
Ռուսաստանի համար ձեռնտու չէ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը, սակայն նրա շահերին չի համապատասխանում նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը բոլոր ուղղություններով սաբոտաժի ենթարկելու և «սառեցված» մասնակցի կողմից դրա հետագա վարկաբեկման ներկայիս իրավիճակի պահպանումը։ Ներկայումս Հայաստանի քաղաքական տարանցումը դեպի Արևմուտք փաստացի վճարվում է Ռուսաստանի հետ համագործակցության տնտեսական օգուտների հաշվին։ Բացի այդ, Ռուսաստանն ավանդաբար ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես փոխկապակցված ինտեգրացիոն միավորումներ. մեկը՝ անվտանգության ոլորտում, մյուսը՝ սոցիալ-տնտեսական համագործակցության ոլորտում։
3. Ռուսաստանի և ԵԱՏՄ գործոնը Հայաստանի տնտեսական զարգացման գործում
Քաղաքական և ռազմական ոլորտում համագործակցության դադարեցմանը զուգընթաց՝ Հայաստանի ղեկավարությունը մտադրություն է հայտնել դիվերսիֆիկացնել առևտրատնտեսական կապերն Արևմուտքի երկրների հետ գործընկերության հաշվին։ Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվել է 2018 թվականի հունիսի 1-ից և ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: Ընդ որում՝ Ն.Փաշինյանի կառավարությունը գերադասում է չհրաժարվել Հայաստանի՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամի տնտեսական օգուտներից ու արտոնություններից: Սա Հայաստանին հնարավորություն է տալիս պահպանել սոցիալ-տնտեսական կայուն վիճակը և նվազագույնի հասցնել դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերակողմնորոշման ապահովման ծախսերը:
Հայաստանի ազգային տնտեսական մոդելի ձևավորումը տեղի է ունեցել ռազմական հակամարտությունների, քաղաքական անկայունության և ոչ միշտ մտածված շուկայական բարեփոխումների պայմաններում: Այս առումով, ինքնիշխան զարգացման վերջին 34 տարիների ընթացքում տնտեսական կորուստները սրվել են ոչ միայն արդյունաբերական հատվածի և ԽՍՀՄ այլ նախկին հանրապետությունների հետ կոոպերացիոն տնտեսական կապերի համակարգի դեգրադացիայով, այլև գիտական և տեխնոլոգիական բազայի կորստով, մրցակցային տեխնոլոգիաներով, տրանսպորտային և լոգիստիկ դժվարություններով, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամով: Հայաստանի տնտեսության մեկ այլ առանձնահատկությունն աշխատանքային ռեսուրսների կայուն ավելցուկն է, ինչը պայմանավորում է միգրացիոն արտահոսքի բարձր մակարդակը՝ հիմնականում դեպի Ռուսաստան, ԵՄ երկրներ և ԱՄՆ: Հայաստանի տնտեսության մեջ աշխատանքային ռեսուրսների ավելորդության և միգրացիոն արտահոսքի խնդիրը խորացել է 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
ՀՀ տնտեսական մոդելը պահպանում է ռիսկերի բարձր մակարդակ՝ պայմանավորված անկայուն ռազմաքաղաքական իրադրությամբ, թույլ ռեսուրսային բազայով և կախված է սպառողական պահանջարկի ֆինանսավորման արտաքին աղբյուրներից, արտաքին ներդրումներից, ինչպես նաև արտաքին տնտեսական այլ գործոններից՝ աշխատուժի արտահանումից, ներմուծվող ապրանքների վրա կենտրոնացած սպառումից, ներդրումներից և Սփյուռքի կողմից ֆինանսական աջակցությունից:
Հայաստանի տնտեսական զարգացման պատկերն ունի հետևյալ տեսքը. 1990-1995 թվականներին տեղի է ունեցել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում՝ տարեկան միջինը 10%-ով։ Տնտեսության աշխուժացումը 1995-2000 թվականներին, երբ ՀՆԱ-ի միջին տարեկան աճի տեմպը կազմում էր 4,6%, փոխվեց 2000-2005 թվականներին դինամիկ աճով՝ տարեկան միջին հաշվով մինչև 11,5%, ինչը պայմանավորված էր բարենպաստ արտաքին տնտեսական կոնյունկտուրայով, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ: 2005 թվականից ի վեր ՀՆԱ-ի աճի միջին տարեկան տեմպը նվազել է ըստ ժամանակաշրջանների. 2005-2010 թվականներին` տարեկան մինչև 6%, 2010-2015 թվականներին` 4% և 2015-2020 թվականներին` 2,7% (Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»): Հայաստանի տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը կապված է եղել տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության անբարենպաստ կոնյունկտուրայի, 2014-2015 թվականներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ, որոնք առաջացրել են միջազգային առևտրի համակարգի վերակառուցում, ինչպես նաև գլոբալ տնտեսական ռեցեսիայի հետ, որը պայմանավորված է 2020 թվականին COVID-19 համավարակի հետևանքներով։
2021-2024 թվականներին Հայաստանի տնտեսության վերականգնումը հիմնված էր մի քանի գործոնների վրա։ Նախ, 2021-ի վերականգնման աճը պայմանավորված էր 2020-ի ցածր բազայով, երկրորդ՝ արագացված աճը 2022-ին (12,6%) և 2023-ին (9.4%) (Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности») կապված է եղել ռուսական արտահանողների և ներմուծողների եկամուտների մի մասի վերաբաշխման հետ՝ հայկական ընկերությունների միջնորդական մասնակցության հաշվին։ Երրորդ, աճի գործոն է հանդիսացել Հայաստան մշտական կամ ժամանակավոր բնակության տեղափոխված ռուս ֆիզիկական անձանցից միգրացիոն փոխանցումների և մուտքերի կտրուկ աճը, այսպես կոչված, «ռելոկանտների», այդ թվում` փոքր ձեռնարկատիրության և ստարտափների մակարդակով ներդրումների աճը։ Չորրորդ՝ Հայաստանի տնտեսական զարգացման գործում էլ ավելի էական ներդրում ունեցավ ռուսական մի շարք ընկերությունների անցումը հայկական իրավասությանը՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի «պատժամիջոցներից» խուսափելու նպատակով։ Այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանում տեղի ունեցավ ներքին պահանջարկի և ներդրումային ակտիվության ընդլայնում: Դա նպաստեց հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի ակտիվության աճին, հիմնականում՝ սպասարկման ոլորտում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` ՀՆԱ-ի աճի տեմպերով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ երկրների գլխավոր շահառուն: Ընդ որում, տնտեսական աճի առաջանցիկ տեմպերը Հայաստանը ձեռք է բերում գերազանցապես Ռուսաստանի հետ արտաքին առևտրային գործառնությունների ավելացման հաշվին։
2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը հասել է 7 միլիարդ դոլարի, ինչը զգալի աճ է 2022 թվականի 5,3 միլիարդ դոլարի համեմատ։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է՝ ավելի քան 3 մլրդ դոլարի, իսկ հայկական արտահանումը 850 մլն դոլարից հասել է 4 մլրդ դոլարի, ընդ որում՝ այս աճի զգալի մասը բաժին է ընկնում երրորդ երկրների տարանցիկ ապրանքներին։ Բայց դա կապված է ոչ միայն Հայաստանի վերաարտահանման հնարավորությունների աճի հետ։ Արևմտյան ընկերությունների հեռանալը ռուսական շուկայից թույլ է տվել հայ մատակարարներին ընդլայնել իրենց ներկայությունը այնտեղ: 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը հունվար-սեպտեմբերին հասել է 9,9 միլիարդ դոլարի կամ 9 ամսվա ընթացքում հանրապետության արտաքին առևտրի ծավալի 41%-ին (տարեվերջին այն հավանաբար կգերազանցի 12 միլիարդ դոլարը), ներառյալ արտահանումը Հայաստանից՝ 2,28 մլրդ դոլար, ներմուծումը Հանրապետություն՝ 7,64 մլրդ դոլար. Միևնույն ժամանակ, Հայաստանի ընդհանուր արտահանումը 2024 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 10,59 մլրդ դոլար, ներմուծումը` 13,12 մլրդ դոլար, որից Ռուսաստանին բաժին է ընկնում արտահանման 21,5%-ը և ներմուծման 58,2%-ը։ ԵՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 6%-ը և ներմուծման 9%-ը (Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»)։
Հայաստանի համար արտահանման կարևորագույն ապրանքներից են մնում չմշակված կամ կիսամշակված կամ փոշու տեսքով ոսկին (13,0 անգամ աճ) և ոսկերչական իրերն ու դրանց մասերը (10,3 անգամ աճ), հեռախոսային և հեռագրական սարքավորումները (աճը՝ 29,6%), ադամանդը (աճը՝ 4,3%), պղնձի հանքաքարը, խտանյութը (աճը՝ 15,1%)։ Նշված արտահանման ապրանքախմբերի համախառն մասնաբաժինը կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 67,4%-ը, որից ոսկին բաժին է ընկնում 46,9%-ին (Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»):
ՀՀ արտաքին առևտրի ընդլայնումը տեղի է ունեցել առավելապես դեպի Ռուսաստան և այնտեղից դեպի երրորդ երկրներ արտադրանքի վերաարտահանման հաշվին։ Ռուսական թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման համակարգում ներառումն ապահովվում է ԵԱՏՄ շրջանակներում առևտրի արտոնյալ ռեժիմով։
2022-2024թթ. ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրի տարբերակիչ առանձնահատկությունն էր նրա ներգրավվածությունը զուգահեռ ներմուծման սխեմաներում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների զգալի ուժեղացումից հետո, ինչը հանգեցրեց արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքի էական փոփոխության (նկ. 1-2). Ընդ որում, սեփական արտադրության արտադրանքի արտահանման տեսակարար կշիռը՝ կազմելով ընդհանուր ծավալի 18-22%-ը (Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»)։ Ընդ որում` Ռուսաստանը Հայաստանի համար սեփական արտադրության արտահանման միակ ավանդական շուկան է։ Ռուսական շուկա է մտնում հայկական ապրանքների լայն տեսականի՝ մրգերից և բանջարեղենից, սննդամթերքից, գինուց և օղիից՝ մինչև էլեկտրական սարքավորումներ:
Հենց Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրային կապերն են ապահովում հանրապետության պարենային, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը։ Ըստ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տվյալների՝ ցորենի, ցորենի ալյուրի, արևածաղկի ձեթի և հացահատիկային այլ մշակաբույսերի 98%-ը, գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 35%-ը և թռչնամսի 39%-ը և գյուղատնտեսության համար պարարտանյութերի մոտ 40%-ը ներկրվում է Ռուսաստանից Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»: Այդ կապերի խզումը կարող է հանգեցնել Հայաստանի պարենային անվտանգության համակարգային ապակայունացմանը։ Ռուսաստան է ուղղվում հացաբուլկեղենի և մակարոնեղենի արտահանման ավելի քան 50 տոկոսը, պտուղ-բանջարեղենի և գյուղատնտեսական արտադրանքի (կաթնամթերք և պանիրներ) 96,7 տոկոսը Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»:
Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի հատուկ հոդվածը ՌԴ-ից էներգետիկ ռեսուրսների մատակարարումն է արտոնյալ գներով, ինչը ձևավորում է գնաճի ցածր մակարդակ և ապահովում Հանրապետության էներգետիկ կարիքների ավելի քան 91,7%-ը Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»: Համաշխարհային գներով էներգառեսուրսների մատակարարումից հրաժարվելը զգալիորեն կազդի արդյունաբերության բոլոր ճյուղերի մրցունակության վրա և կհանգեցներ երկրի ՀՆԱ-ի զգալի անկման։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողը: Հայաստանում ռուսական ներդրումների կուտակված ծավալը 2024 թվականի հոկտեմբերին կազմում է 4 մլրդ դոլար Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»։
Հայաստանը զգալի ներդրումներ և աջակցություն է ստանում եվրասիական ֆինանսական զարգացման հաստատություններից՝ Եվրասիական զարգացման բանկից և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից: Նրանց ծրագրերն ուղղված են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության, սպասարկման ոլորտի և պետական կառավարման թվայնացման, զբոսաշրջության զարգացման ոլորտներում նախագծերի իրականացմանը։ Եվրասիական զարգացման բանկի կուտակված ներդրումները Հայաստանում 2024 թվականի վերջին կազմել է 488 մլն դոլար, 2025-2026թթ. բանկը նախատեսում է մինչև 250 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ:
4. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման տնտեսական հետևանքները
Արտաքին տնտեսական կապերը հօգուտ արևմտյան գործընկերների «դիվերսիֆիկացնելու» ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քաղաքական որոշումները ենթադրում են ԵՄ-ի հետ ինտեգրման զարգացում։ Այս նպատակը պաշտոնապես հայտարարված է Հայաստանի ղեկավարության կողմից։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին երկրի անդամակցության մասին օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան։ Ընդ որում, հայկական կողմը դեռևս պնդում է ԵՏՄ-ին իր լիարժեք անդամակցության պահպանմանը, ինչը Երևանի՝ ԵՄ կողմնորոշվելու և հայ-եվրոպական առևտրում առավել լիբերալ առևտրային ռեժիմների համակարգ հաստատելու դեպքում հակասում է ՌԴ շահերին: Ժամանակակից միջազգային-քաղաքական պայմաններում փաստացի անհնար է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև առևտրային վեճերի բնականոն կարգավորումը, որոնք կապված են Հայաստանի` Եվրամիության հետ ասոցացման և դեպի լիարժեք անդամակցություն շարժման հետ:
Հաշվի առնելով Հայաստանին ռուսական էներգակիրների գերակայությունը և «Գազպրոմ Արմենիայի» մենաշնորհային դիրքը (բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Գազպրոմին»)` գազի արտահանման մաքսատուրքերի արտոնությունների վերացումը կհանգեցնի ռուսական գազի գնի 20-30%-ով բարձրացման (գործող պայմանագրով հազար մետր խորանարդի դիմաց գազը գնվում 165 դոլարով): Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» Հայաստանի տարածքում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը հատկացրել է մոտ 550 մլն դոլար։ Վառելիքը Հայաստան է մտնում Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»:
Այլընտրանք կարող է լինել Իրանից եկող գազը։ Սակայն կան ենթակառուցվածքային սահմանափակումներ Իրան-Հայաստան գազատարի թողունակության առումով, որը տարեկան կազմում է մոտ 2,2 մլրդ մետր խորանարդ, մինչդեռ այսօր Հայաստանը Ռուսաստանից ներկրում է մոտ 2,7 մլրդ մետր խորանարդ Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»: Բացի այդ, անխուսափելի է գնաճը, ինչպես նաև հնարավոր են լրացուցիչ դժվարություններ՝ կապված այն բանի հետ, որ Իրանից գազի մատակարարումը կարող է զգալիորեն սահմանափակվել կամ նույնիսկ արգելափակվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, քանի որ հակասում են հակաիրանական պատժամիջոցների ռեժիմին: Եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և նրան դարձնել Հայաստանին գազի, նավթի և նավթամթերքների հիմնական մատակարարը, ապա ադրբեջանական ղեկավարությունն օրինաչափ կցանկանա նման գործարքից քաղել ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական օգուտներ։ Հայաստանի ղեկավարությունը ստիպված կլինի բացատրել իրադարձությունների նման ընթացքը երկրի բնակչությանը։
Հայաստանը Ռուսաստանից միջուկային վառելիք է ներկրում, որը տեխնոլոգիական պատճառներով չի կարելի փոխարինել արտասահմանյան վառելիքով։ Համաձայն ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի՝ նախատեսվում է փակել գործող Մեծամորի ԱԷԿ-ը և փոխարինել այն փոքր ՀԷԿ-երի կառուցման և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հաշվին: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ նոր ատոմակայանների կառուցման անհրաժեշտության դեպքում նախապատվությունը կտա ամերիկացի ներդրողներին, այլ ոչ թե՝ «Ռոսատոմին»։
ՀՀ տնտեսության համար էական խնդիր է նրա կախվածությունը միգրանտների դրամական փոխանցումներից թե Ռուսաստանում, թե ԱՄՆ-ում, և թե ԵՄ-ում հայկական սփյուռքի օգնությունից։ Միգրանտների դրամական փոխանցումները միջինը 1995-2020 թվականներին կազմել են տարեկան ՀՆԱ-ի 14%-ը։ Արտերկրից դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին հասել է գրեթե 4 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 7%-ով։ Ամենաշատ դրամական փոխանցումները ստացվել են երկու երկրից, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ներհոսքի 78,0%-ը։ Ռուսաստանից 2024 թվականին փոխանցվել է ավելի քան 2,57 միլիարդ դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 14,3 տոկոս անկում. պայմանավորված է ռելոկանտների թվի կրճատման և արևմտյան երկրներում ֆինանսական սահմանափակումների հետ): Դրամական փոխանցումների երկրորդ աղբյուրը ԱՄՆ-ն է, որտեղից ստացվել է 0,5 մլրդ դոլար: Նույնիսկ 4,5 տոկոս աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թույլ չի տվել կրճատել Ռուսաստանից փոխանցումների օգտին գոյություն ունեցող հնգապատիկ բացը Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»: Անդրսահմանային փոխանցումների ծավալների նման հարաբերակցությունն ինքնին խոսում է իր մասին և պետք է նաև հուշի ՀՀ կառավարությանը կշռադատված որոշումներ կայացնել:
ԵՄ-ի հետ ինտեգրման կողմնակիցների փաստարկներից մեկն օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատումն է։ Հայաստանում այս բացասական միտումը կապում են ԵԱՏՄ անդամակցության և հակառուսական պատժամիջոցների հետ։ Սակայն ԵԱՏՄ-ի և Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների խզման դեպքում ներդրումների ներհոսքի ավելացում հնարավոր է ակնկալել միայն արդյունահանող ճյուղերում, որոնք ամբողջությամբ կանցնեն օտարերկրյա ներդրողների վերահսկողության տակ։ Բնական պաշարների տեսանկյունից օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ են մոլիբդենի (Հայաստանում, ՀԲ-ի գնահատականներով, կենտրոնացված է համաշխարհային պաշարների մինչև 7,6% – ը) և պղնձի հանքավայրերը: Եվրոպական խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների համար այդ հանքավայրերում ներդրումները բարդացած են տրանսպորտային-լոգիստիկ խնդիրներով։
ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման սկզբունքները չեն նախատեսում անդամ երկրների՝ այլ ինտեգրացիոն ասոցիացիաներին միանալու հնարավորություն՝ բացելով նրանց ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։ Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ կապերի հաստատումը և հատկապես Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն ուղղակիորեն հակասում է ԵԱՏՄ մյուս անդամների տնտեսական շահերին։ ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միությանը նոր անդամներ ընդունելու և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը դադարեցնելու կարգի մասին» №25 որոշմանը համապատասխան՝ այս պահին սահմանվել է կազմակերպության կազմից նախաձեռնողական կարգով կամավոր դուրս գալու կարգը: ԵԱՏՄ Գերագույն խորհրդի լիազորությունների մասին 12-րդ հոդվածը նախատեսում է կառավարման մարմնի իրավունքը՝ փոփոխություններ կատարելու՝ կապված Միությունից հեռացման լրացուցիչ մեխանիզմի մշակման հետ։ Սա պահանջում է համաձայնություն կազմակերպության բոլոր ներկա անդամների հետ:
Ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման ուղղությամբ Ն.Փաշինյանի կառավարության գծի շարունակման դեպքում առևտրատնտեսական փոխգործակցությունը չի կարող դուրս մնալ նոր ձևավորվող միտումների շրջանակներից: Հենց ռուսական շուկա է ուղղվում հայկական արտահանման զգալի մասը։ Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում ամբողջ արտահանվող ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, կեռասի, դեղձի, սալորի ավելի քան 95%-ը և արտահանվող պանրի և կաթնաշոռի, ջրի և ալկոհոլային խմիչքների մինչև 87%-ը [Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»]։ Այլընտրանքային շուկաներ գտնելը դժվար կլինի։
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ գործունեությանը և Երևանի միաժամանակյա մերձեցումը ԵՄ-ի հետ անհամատեղելի են. այս մասին 2024 թվականի հունիսին ասել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ա. Լ. Օվերչուկը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից անցկացվող «Պրիմակովյան ընթերցումներ» 10-րդ միջազգային ֆորումում։ Կես տարի անց՝ 2025 թվականի հունվարի 9-ին, նա կրկին խոսեց այդ թեմայի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, որին անդամակցում է 2015 թվականից Аналитический доклад ИМЭМО РАН «Внешняя политика Армении на перепутье: кризис многовекторности»: Այս համատեքստում Հայաստանի հետ առկա բոլոր երկկողմ պայմանագրերի վերանայումն անխուսափելի է թվում։ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում այն կկորցնի գազի և էներգակիրների մատակարարման արտոնյալ ռեժիմը։ Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ առևտրում անխուսափելի կլինի բոլոր մաքսատուրքերի և սակագների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության հետ կապված բոլոր այլ արտոնությունների վերանայումը։ Հաշվի առնելով Հայաստանում ռուսական սեփականության սեփականատերերի ծանրակշիռ դիրքերը (հանրապետության առավել նշանակալի արդյունաբերական և էներգետիկ ակտիվների մինչև 70%), Փաշինյանի կառավարության գործողությունները կարող են զգալի ցնցումներ առաջացնել ՀՀ տնտեսության համար: Ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, այսպես կոչված, պատժամիջոցների և այլ սահմանափակումների պայմաններում այդ ակտիվների հնարավոր հարկադիր վաճառքը դժվար կլինի ինչպես ռուս սեփականատերերի, այնպես էլ Հայաստանի կառավարության համար։ Ռուսական ընկերությունների ունեցվածքի ազգայնացման փորձերը տնտեսական պատերազմի ակտ կլինեն Ռուսաստանի դեմ և կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների խորը ճգնաժամի։
ԵԱՏՄ-ում գործող առևտրային ռեժիմների դադարեցումը կարող է էական ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության ողջ հատվածների համար։ Այսպես, օրինակ, ՀՀ տնտեսության համար ցավոտ կարող է դառնալ Հայաստան արտահանվող հացահատիկային կերերի և պարարտանյութերի գնաճը։ Իրադարձությունների նման զարգացումը խնդիրներ կստեղծի Հայաստանի ագրոարդյունաբերական հատվածի համար, կբարդացնի առաջատար գյուղատնտեսական ընկերությունների վիճակը և կնվազեցնի տնային տնտեսությունների գնողունակությունը բնակչության սպառողական զամբյուղում Ռուսաստանից ներկրման հետ կապված հացի և այլ սննդամթերքի բարձր մասնաբաժնի պատճառով: Այլընտրանքային մատակարարներին միացման փորձերը կպահանջեն արտաքին առևտրի ողջ համակարգի, տրանսպորտային-լոգիստիկ սխեմաների և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ նոր քաղաքական պայմանավորվածությունների էական վերանայում:
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու և առևտրային ռեժիմների փոփոխության դեպքում, նույնիսկ, եթե Ռուսաստանը չկիրառի սակագնային սահմանափակումներ, որոնք հղի են մի շարք արտահանվող և ներմուծվող ապրանքային դիրքերում առևտրային գործառնությունների միաժամանակյա սահմանափակմամբ, ադապտացիոն շրջանը կարող է երկար լինել։ 3-5 տարի կարող է պահանջվել, որպեսզի Հայաստանի տնտեսությունն անցնի Ռուսաստանի այլընտրանքային առևտրային գործընկերներին, առաջին հերթին՝ ԵՄ-ին և Թուրքիային, և այդ շուկաներում հայկական ապրանքների և ծառայությունների հաջողության հեռանկարները վարդագույն չեն թվում: Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի խզումից կորուստները կարող են կազմել ՀՆԱ-ի մինչև 20%-ը, ինչն առաջին հերթին՝ կանդրադառնա կենսամակարդակի վրա և կարագացնի աշխատունակ բնակչության արտահոսքը հանրապետությունից՝ առաջնահերթ առավել որակյալ աշխատողների կորստին: Ոմանք կմեկնեն ԵՄ երկրներ ավելի բարձր աշխատավարձերի և ավելի մեծ հնարավորությունների համար, իսկ որոշ մարդկային կապիտալ կներգրավվի ռուսական տնտեսության կողմից։ Շատ հայերի համար Ռուսաստանում և Եվրամիությունում ապրելու և աշխատելու միջև ընտրությունը կրելու է ոչ միայն տնտեսական, այլև մշակութային-քաղաքակրթական բնույթ:
Իհարկե, Հայաստանի դուրս գալը ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլև ԵԱՏՄ-ից զգայուն հարված կլինի ոչ միայն հայկական ազգային շահերին, այլև Ռուսաստանի և ռուսական բիզնեսի շահերին: Սակայն ռիսկերը և լրացուցիչ ծախսերը ռուսական ընկերությունների համար, որոնք ստիպված կլինեն փոխել արտաքին տնտեսական գործառնությունների սխեմաները, խզել կապերը հայ գործընկերների հետ, մասշտաբներով անհամեմատելի են այն հետևանքների հետ, որոնց Հայաստանի կառավարության նման որոշումները կարող են հանգեցնել ողջ հայկական բիզնեսի և երկրի տնտեսության համար:
* * *
Հայաստանի ղեկավարության ընտրությունը երկրի զարգացման հեռանկարների, նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունների, գործընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ ինքնիշխան պետության կառավարության իրավունքն է, որն ունի ոչ միայն այդ ընտրությունը կատարելու իրավունք, այլև առաջին հերթին հայ ժողովրդի առջև ստանձնած որոշումների արդյունքների վերաբերյալ լիակատար պատասխանատվություն: Հայաստանի ներկայիս ղեկավարության հրաժարումը բազմավեկտոր արտաքին քաղաքականությունից, ՀԱՊԿ գործունեությանը լիարժեք մասնակցությունից, միանշանակ շրջադարձը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, որին հաջորդում է տնտեսության և անվտանգության ոլորտում այն խորը փոխկախվածությունը, որը ձևավորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, երկիրը դուրս է բերում պատմական անորոշության՝ բիֆուրկացիայի։ Հետագա զարգացումը կարող է ընթանալ երկու հիմնական սցենարով.
Եթե Ն.Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերջնականապես խզելուն ուղղված էլ ավելի էական քայլեր ձեռնարկի, ապա դա դժվար թե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում էական օգուտներ բերի, բայց արդեն միջնաժամկետ հեռանկարում կարող է ռազմավարական ռիսկեր ստեղծել Հայաստանի ազգային անվտանգության և ժամանակակից հայկական պետականության գոյության համար: Հայաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների վճռական գործողությունների հավանականության թերագնահատումը, ինչպես նաև նրա անվտանգությունն ապահովելու ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կարողությունների գերագնահատումը, զուգորդված նման որոշումների սոցիալ-տնտեսական հետևանքների լիակատար անտեսմամբ, կարող են հանգեցնել առավել մահացու հետևանքների: Ընտրությունը հօգուտ հետագա զարգացման՝ հիմնված սեփական մշակութային և պատմական ժառանգության և Ռուսաստանի հետ հարաբերությունների բազմադարյա դրական փորձի վրա՝ կարող է Հայաստանի Հանրապետության համար բացել ինքնիշխանության պահպանման, միջազգային-քաղաքական սուբյեկտայնության, անվտանգության ապահովման և բարգավաճ ու անվտանգ Եվրասիայի կառուցմանն ակտիվ մասնակցության հեռանկարը:
Նկ. 1. 2024 թվականի Հայաստանի արտահանման և ներմուծման թոփ 10 ապրանքները
Նկ. 2. Աշխարհագրությունն՝ ըստ Հայաստանի արտահանման և ներմուծման երկրների 2024 թ., %