Պահպանել Հայաստանի պետականությունը. ըստ դատախազի՝ Սեյրան Օհանյանի կողմից բանակին փոխանցված Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերն ունեցել են ոգևորիչ բնույթ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր «Մարտի 1»-ի վերաբացված գործի քննությունը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:
Պետրոսյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է մամուլը, պարզվում է, 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:
Այսօրվա դատական նիստին մեղադրանքի կողմն ընթերցեց մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Ուշագրավ էր, որ երբ ընթերցվում էր Սեյրան Օհանյանի վերաբերյալ մեղադրանքը, հանրային մեղադրողն ասաց, որ երբ Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, մտել է մայրաքաղաք բերված բանակի ստորաբաժանումների մոտ, նրանց առաջ հանդես է եկել ոգևորող խոսքով, փոխանցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, այն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը:
168.am-ը դեռևս ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը որոշեց.
1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Սա նշանակում էր «Մարտի 1»-ի գործի վերաբացում: Ուշագրավ էր, որ այդ որոշման կայացմանը ՍԴ-ում մասնակցել էին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ արդեն իսկ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ու, որ առավել հետաքրքրական է, «Մարտի 1»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, այժմ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: