Բաժիններ՝

PKK-ն հրաժարվել է Թուրքիայի տարածքը լքելիս հանձնել զենքերը

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) այսօր հայտնել է Թուրքիայի տարածքը լքելու ժամկետը:

PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը Ղանդիլում (Հյուսիսային Իրաք) հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն իսկ սկսված են PKK-ականների կողմից Թուրքիայի տարածքը լքելու նախապատրաստական աշխատանքները:

Քարայըլանն ընդգծել է, որ քուրդ զինյալները Թուրքիայի տարածքը կսկսեն լքել մայիսի առաջին շաբաթից սկսած՝ մայիսի 5-8-ին: Քարայըլանը վերջակետ է դրել երկար քննարկումների պատճառ հանդիսացած այն հարցին՝ արդյոք Թուրքիան լքող քուրդ զինյալները պե՞տք է հանձնեն իրենց զենքը, թե՞ ոչ.

«Ինչպես եկել ենք, այնպես էլ կգնանք: Զենքերի հանձնում չկա: PKK-ն Թուրքիայի տարածքը լքելու է երեք փուլով»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ PKK-ականները Թուրքիայի տարածքը լքելուց առաջ պետք է հանձնեն իրենց զենքերը.

«Կարգավորման գործըթնացում պետք է ձգտել այդ հարցում բացարձակապես վերջակետ դնելուն: Եթե այդ մարդիկ վայր չդնեն զենքը և սկսեն նորմալ կյանք վարել, ապա խնդիրը կարող է վերսկսվել 3-5 տարի անց: Այդ դեպքում արդյունքը կլինի էլ ավելի վատ»:

Ի դեպ, այս տարվա մարտի վերջին էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես կարևորել էր այն, որ PKK-ականները Թուրքիան լքելիս հանձնեն իրենց զենքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս