Եթե Ալիևը մի փոքր էլ անցնի «կարմիր գիծը», այդ ամենը մեծ հետևանքներ կարող է ունենալ ինչպես իր, այնպես էլ՝ Մոսկվայում ապրող ադրբեջանցի միլիարդատերերի համար. Բալասանյան
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի ուղևորվող «Embraer 190» մարդատար ինքնաթիռի կործանման մեղավորները Ռուսաստանի ներկայացուցիչներն են։ Նա Ռուսաստանից պահանջել է արդարություն, նաև պատիժ մեղավորների համար և փոխհատուցում։
Նա նշել է, որ առաջին պահանջն էր, որ Ռուսաստանը ներողություն խնդրի Ադրբեջանից ավիավթարի համար, ինչն արվել է։
Միջադեպը որևէ կերպ կարո՞ղ է ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ Ալիևն անցել է հակագրոհի՝ չսպասելով նույնիսկ «սև արկղերի» վերծանմանը։
«Սա գալիս է լրացնելու մոտ մեկ տարի առաջ իմ կողմից առաջ քաշված այն թեզը, որ Ալիևը պարտավորություններ ունի իր տերերի հանդեպ, ովքեր աչք փակեցին Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նրա վայրագությունների վրա։ Ալիևին հիմա հրահանգում են թեժացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և լարվածության նոր օջախ բացել Հարավային Կովկասում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։
Սակայն նա չի կարծում, թե Ալիևին կհաջողվի լարվածության նոր օջախ բացել, որովհետև նա շատ լավ է հասկանում, որ եթե մի փոքր էլ անցնի «կարմիր գիծը»՝ թույլատրելի սահմանը, այդ ամենը մեծ հետևանքներ կարող է ունենալ ինչպես իր, այնպես էլ՝ Մոսկվայում ապրող ադրբեջանցի միլիարդատերերի համար։ Իսկ եթե նրանց նկատմամբ սկսվեցին հետապնդումներ, դա որևէ կերպ չի ներվելու Ալիևին։
«Կրկնում եմ, կարծում եմ, Ալիևը նման բան է անում, քանի որ պատվեր է կատարում, կա հստակ պրովոկացիա։ Այստեղ Ալիևն անգամ կարող է անել հայտարարություններ, որոնց հոգու խորքում ինքն էլ չի հավատում։ Բայց այժմ նրա առջև խնդիր է դրված սրել իրավիճակը ու հասնել լարվածության աճի։ Ըստ իս, սա այդպիսի լուրջ հետևանքներ չի ունենա Ռուսաստանի համար։ Ինչ-որ պահի կարող են Ալիևին բացատրել, որ նման գործելաոճ չի կարելի դրսևորել միջազգային հարաբերություններում»,- հավելեց նա։
Գրիգոր Բալասանյանը նաև շեշտեց այն հանգամանքը, որ Ալիևը նույնիսկ թույլ չտվեց, որպեսզի Ղազախստանի ու Ռուսաստանի մասնագետները մասնակցեն «սև արկղերի» բացմանը և ներգրավվեն հետաքննության մեջ։
«Այստեղ օբյեկտիվ հարց է առաջանում, եթե այդ երկրի տարածքում է տեղի ունեցել միջադեպը և ըստ Ալիևի՝ այդ երկիրն է մեղավորը, ինչո՞ւ այդ երկրի մասնագետներին թույլ չի տալիս ներգրավվեն աշխատանքներում, որպեսզի հերքեն կամ հաստատեն։ Սա արդեն կասկածելի է և վկայում է այն մասին, որ Ալիևն ուղղակի պատվեր է կատարում»,- նշեց միջազգայնագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի «տերերին», Գրիգոր Բալասանյանը մատնանշեց Մեծ Բրիտանիային՝ ասելով, որ Թուրքիան չէ Ադրբեջանի տերը, նրանք երկուսն էլ ունեն տերեր, որոնցից գլխավորը Մեծ Բրիտանիան է, նաև Իսրայելը, որոնք շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից։
«Այս երկրներն այս ամենն անում են Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերով։ Այս ամենի հետևում կանգնած են անգլոսաքսերը և Իսրայելը, որը չի թաքցնում, որ այս ամենի շահառուն է, չի տաքցնում տարածաշրջանից Իրանի ու Ռուսաստանի դուրսմղումը»,- ընդգծեց նա։
Հարցին՝ հայկական կողմն ինչպե՞ս կարող է ստեղծված իրավիճակն օգտագործել սեփական երկրի շահերի համար, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց.
«Հիմա Հայաստանի դեսպանը չպետք է դուրս գար Կրեմլից ու պետք է փորձեր Ալիևի լկտիությունը թեժացնել ու այն հանգցներ բենզինով։ Այս ամենն օգտագործելով՝ ավելի թեժացներ ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ հօգուտ Հայաստանի։
Օգտվեր հնարավորությունից և կենտրոնական հեռուստաընկերություններից մաքրեր պրոադրբեջանական այն պսևդո ռուս փորձագետներին, որոնք գումարի դիմաց ակնհայտ ելույթներ են ունենում՝ ավելի սրելով հայ-ռուսական հարաբերությունները։ Նաև համագործակցելով հայ գործարարների հետ՝ փորձեր թուլացնել Մոսկվայում ադրբեջանցի միլիարդատերերի ազդեցությունը, ինչն ի վնաս է Հայաստանի։ Ցավոք, այսօր գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանը և հայ համայնքը ներգրավված են տարբեր գործընթացներում և համագործակցության սերտությամբ չեն փայլում»։