Ծառուկյանի «ուդոն» այլևս չի անցնում

Այսօր Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը բավական հետաքրքիր է ընթացիկ քաղաքական զարգացումների տեսանկյունից:  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության հուշահամալիրի մոտ կայանած մեքենային մոտենալ այն ճանապարհով, որով թույլ են տվել անցնել բազմաթիվ այլ պաշտոնյաների: Դա հարուցել է ԲՀԿ-ականների զայրույթն ու ցասումը, կուսակցությունը պաշտոնապես պարզաբանում է պահանջել Ոստիկանությունից: Ոստիկանությունում էլ դեռևս մտածում են, թե ինչ պարզաբանում են տալու «Ազգային անվտանգության խորհրդի անդամ, խորհրդարանի երկրորդ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին» (ԲՀԿ նախագահի այս կարգավիճակները Ծիծեռնակաբերդում ոստիկաններին շտապել են հիշեցնել այդ պահին նրա կողքին գտնվող ԲՀԿ-ականները):

Իհարկե, ոստիկանների արածն էլ, մեղմ ասած, էժանագին քայլ է: Ակնհայտ է, որ այդ քայլին Ծիծեռնակաբերդում ծառայություն իրականացնող ոստիկանները չէին կարող դիմել անձնական նախաձեռնությամբ: Հաշվի առնելով, թե ում դեմ են նրանք «ճանապարհ փակել», պարզ է, որ դա քաղաքական որոշման հետևանք է, Ոստիկանության ղեկավարության կողմից ստացված հրահանգ: Ոստիկանությունը, որի ղեկավար Վլադիմիր Գասպարյանի դերակատարությունը քաղաքական գործընթացներում վերջին շրջանում բավական բարձրացել է, այդպիսով ցույց է տվել, որ «համարժեք է արձագանքում» ընթացիկ քաղաքական զարգացումներին: Իսկ վերջին զարգացումներից հիմնականը ԲՀԿ-ի վարքագծի փոփոխությունն է: Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն քննադատում է իշխանությանը, իսկ Վարդան Օսկանյանն ընդհանրապես առաջարկում է սեպտեմբերից դառնալ ընդդիմություն: ԲՀԿ-ն պաշտոնապես առնվազն չի բացառում ընդդիմություն «դառնալու» հեռանկարը: Եվ ահա, Ոստիկանությունն իր այսօրվա գործողություններով, ըստ էության, «ճանաչողական» քայլ է կատարել անձամբ Գագիկ Ծառուկյանի համար: Ճանաչողական՝ այն իմաստով, որ վերջինս որոշում կայացնելուց առաջ իմանա, թե ինչ ասել է՝ ընդդիմություն, և ինչ ասել է՝ ընդդիմադիր ուժի ղեկավար: Իհարկե, Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածը շատ փոքր, առանձին վերցրած դրվագ է, բայց հաշվի առնելով, որ խոսքն իշխանական և բուրժուական վայելքներին սովոր անձնավորության մասին է, կարող է շատ կարևոր լինել նրա համար: Գագիկ Ծառուկյանին Ոստիկանությունը (իմա՝ իշխանությունը) ակնարկել է, որ ընդդիմադիրներին թույլ չեն տալիս օգտվել այն արտոնություններից, որոնք տրված են իշխանությանը: Գագիկ Ծառուկյանը երևի մոռացել է, որ այն ժամանակ, երբ ինքն իշխանական կոալիցիայի անդամ էր, ընդդիմադիր գործիչների մեքենաներին ոչ միայն թույլ չէին տալիս կայանել պաշտոնյաների համար նախատեսված վայրերում, այլ անգամ «բերման էին ենթարկում» և ամիսներով պահում տուգանային հրապարակում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների բարձրացրած աղմուկին, Ծառուկյանի կարգավիճակների մասին հիշեցումներին, ապա դրանք, մեղմ ասած, ծիծաղելի են: Ոչ այն իմաստով, որ Ծառուկյանն ԱԽ անդամ չէ, կամ էլ խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարը չէ: Այլ՝ որովհետև Ծառուկյանն այդ կարգավիճակներում որևէ գործունեություն չի ծավալում: Նույնիսկ պարտաճանաչ ԲՀԿ-ականները հազիվ թե կարողանան հիշել, թե երբ է վերջին անգամ Գագիկ Ծառուկյանն այցելել խորհրդարան, առավել ևս՝ մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Բայց նրանք այդ մասին հիշում են այն ժամանակ, երբ պետք է օգտվել դրանց արտոնություններից: Այսինքն՝ լայն իմաստով՝ ԱԺ երկրորդ խմբակցության ղեկավարի և Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակները Գագիկ Ծառուկյանի համար ոչ ավելին են, քան այն, ինչը հանրության մեջ ընդունված է անվանել «ուդո»: Ոստիկանությունը, փաստորեն, արձանագրել է, որ Ծառուկյանի «ուդոն» այլևս չի անցնում:

Տեսանյութեր

Լրահոս