Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը քրդական հարցով․ ի՞նչ սպասել Հարավային Կովկասում

Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը Սիրիայում քրդական հարցով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի)։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են Ֆիդանն ու ալ-Շարան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ կազմակերպել էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման գործողությունը, գրկախառնվում և ձեռք սեղմում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը հայտնել էր, որ Ֆիդանը կմեկնի Դամասկոս։

Դամասկոսում Թուրքիայի ԱԳ նախարարը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցելու Սիրիային պետական ինստիտուտների վերականգնման գործում։ «Ես Դամասկոսում եմ, որպեսզի ասեմ, որ թուրք ժողովուրդը, թուրքական պետությունը և մեր նախագահ Էրդողանը միշտ ձեր կողքին են լինելու։ Այս հաղթանակը պատկանում է միայն ձեզ և ոչ թե ուրիշներին։ Սիրիայում պետական ինստիտուտների վերականգնման համար Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու»,- հայտարարել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ Սիրիայում կայունության հաստատումն առաջնահերթություն է, որին հասնելու համար անհրաժեշտ է երկրում ապահովել անվտանգությունը, օրենքի գերակայությունը և փոքրամասնությունների պաշտպանությունը։

Կարդացեք նաև

«Անհրաժեշտ է ստեղծել ներառական վարչակազմ, որը կներառի բոլոր կրոնական և էթնիկ խմբերին։ Երկրի կառուցումը, որտեղ բոլորն ապրում են խաղաղության մեջ, և տիրում է արդարությունը, կլինի նոր Սիրիայի ամենամեծ ձեռքբերումը և նրա ապագայի երաշխիքը։ Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք կիսվելու կառավարական ինստիտուտների և բիզնեսի բարեփոխման մեր փորձով։ Մեր նախագահն այս առնչությամբ բոլոր կառույցներին տվել է անհրաժեշտ հանձնարարականներ»,- հայտարարել է Ֆիդանը։

Բացի այդ՝ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Անկարան Սիրիային կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում։

«Այսօրվա հանդիպման ժամանակ մենք հաստատել ենք մեր միասնական դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» և «Սիրիայի դեմոկրատական ուժերը» բացարձակապես տեղ չունեն Սիրիայում։ Այս ահաբեկչական կազմակերպությունները բռնազավթել են Սիրիայի ժողովրդի հողերը և գողանում են նրա բնական պաշարները։ Ես ևս մեկ անգամ տեսա, թե որքան վճռական է տրամադրված սիրիացի ժողովուրդը՝ պայքարելու «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ։ Այս խմբավորումները պետք է հնարավորինս շուտ ինքնալուծարվեն։ Մենք պատրաստ ենք հնարավորինս ուժեղ օգնություն ցուցաբերելու Սիրիայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա հավելել է, որ այս օգնությունը ներառում է նաև օգնություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Ֆիդանը նաև ասել է, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է Թուրքիայի անվտանգությունն առաջնահերթություն  դարձնելու կարևորությունը, քան Վաշինգտոնի աջակցությունը քուրդ զինյալներին։ Սրանով նա ուղերձ է հղել նաև ԱՄՆ նոր վարչակազմին, ըստ էության կոչ անելով հաշվի առնել Թուրքիայի և ոչ քրդական շահերը։ Ըստ նրա, Սիրիայի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ։ Ֆիդանի որակմամբ, Սիրիայի տարածքային ամբողջականության գլխավոր սպառնալիքը երկրի հյուսիսում գործող քրդական ուժերն են, որոնք «օկուպացրել են Սիրիայի տարածքը և շահագործում են երկրի բնական պաշարները»։ Ֆիդանն իր ելույթում, սակայն, չի հիշատակել Սիրիայի հյուսիսում գտնվող այն շրջանների մասին, որոնք Թուրքիայի զինված ուժերի հսկողության ներքո են։ Անկարայի և դրա դաշնակիցը հանդիսացող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման հսկողության ներքո է գտնվում Սիրիայի հյուսիսային շրջանների 9 հազար քառակուսի կիլոմետրը։

Ուշագրավ է նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը France 24-ին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի հարցում Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումների մասին։ Հարցին, թե կա՞ համաձայնագիր, որում Իրանն ու Ռուսաստանը, որոնք տարիներ առաջ մեծ ներդրումներ էին կատարել՝ ի պաշտպանություն Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի, հանկարծակի դուրս եկան առանց կրակոցների, Ֆիդանն ասաց, որ «դա համաձայնություն չէր անվանի»:

«Թուրքիան տեսնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր իշխանության տարիների շնորհիվ մարտավարական առաջնորդից վերածվել է լավ ռազմավարական մտածողի»։ «Նա շատ լավ գիտի, թե ինչն է կարևոր, ինչը՝ պակաս կարևոր, ինչում ներդրում անել, ինչ-որ բան կայո՞ւն է, թե՞ ոչ։ Ուստի, կարծում եմ, որ նա վերջնական հաշվարկ է կատարել սիրիական հարցում և որոշել է այլևս չշարունակել»,- ասել է Ֆիդանը։

Խոսելով Ասադին Իրանի աջակցության ավարտի մասին՝ Ֆիդանը նշել է, որ այս երկիրը «նույնպես հաշվարկել է իր բոլոր տարբերակները և շատ իրատեսական դիրքորոշում որդեգրել»։

Մեկնաբանելով Սիրիայում ռուսական բազաների հնարավոր ճակատագիրը՝ թուրք նախարարն ասել է, որ «դա սիրիացի ժողովրդի խնդիրն է»։

«Սա մի հարց է, որը կախված է սիրիացի ժողովրդից։ Եթե ​​համաձայնության գան, դա իրենց որոշումն է լինելու, կտեսնենք, բայց որքան կարող ենք ասել, ռուսները զորքերի վերատեղակայման գործընթացում են։ Մենք չգիտենք, թե այս գործընթացի ավարտին նրանցից քանիսը կմնան Սիրիայում բազաներում»,- ասել է նա:

Սիրիական ճակատում թուրքական դիրքերի ամրապնդման ֆոնին ուկրաինական ճակատում Ուկրաինայի իշխանությունները, որոնք բացառում էին բանակցությունները, Փարիզում Մակրոն-Զելենսկի-Թրամփ հանդիպումից հետո սկսում են ավելի հաճախ խոսել Ռուսաստանի հետ բանակցությունների անխուսափելիության մասին։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ստեղծված նոր իրողությանը, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են, Ուկրաինան պետք է պատրաստ լինի դրան։

«Մենք պետք է հասկանանք, որ Ամերիկայում փոփոխություններ են եղել, և այդ փոփոխությունները մեզանից պահանջում են պատրաստ լինել բանակցությունների»,- ասել է նա։

«Երբ Թրամփը դուրս եկավ ընտրապայքարի, ասաց, որ դադարեցնելու է այս պատերազմը։ Ստեղծված պայմաններում նա ուսումնասիրելու է՝ ով է դրան պատրաստ»,- ասել է Լեշչենկոն։ Le Parisien-ի հետ զրույցում էլ օրերս Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմի «սառեցման» և Ռուսաստանի հետ արագ պայմանավորվածությունների վտանգ կա։

Զելենսկին նաև նշել է, որ Թրամփին դեռ հասանելի չեն պատերազմի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, մասնավորապես՝ Պենտագոնի և դիվանագիտական ​​որոշ ուղիներով ստացվող հետախուզական տվյալները։ «Երբ նա այնտեղ լինի, մենք կկարողանանք խոսել նույն լեզվով, նույն մակարդակի տեղեկատվության հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր իշխանության ձեռքով ազատվել քրդական հարցից։

Նա հիշեցրեց, որ օրերս Թուրքիայում և մի շարք այլ ռեգիոնալ կետերում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Կարծում եմ՝ այս հարցում այս վարչակազմը հստակ դիրքորոշում ունի և աջակցում է քրդերին, փորձում համապատասխան աշխատանք տանել, անվտանգություն ապահովել։ Սակայն պատահական չէ, որ Ֆիդանը դիմում է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին, քանի որ կարծես ակնկալիքները հենց Թրամփի վարչակազմից են և նրա նախագահական շրջանից։ Այսինքն՝ այդ փուլում կփորձեն քրդական ուժերի դեմ գործողություններն ակտիվացնել։ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում է միասնական Սիրիայի մասին, կարծես որպես ինքնիշխան երկիր, սակայն բոլորն են հասկանում, որ Սիրիայի նկատմամբ ամենամեծ ազդեցությունը  Թուրքիայինն է։ Թուրքիայի համար սա պատմական հնարավորություն է, շատ ջանքեր են ներդրվել Սիրիայի տարածքում հաստատվելու համար, որպեսզի քրդական վտանգը վերացվի։

Հարցն ամենևին ահաբեկչությունը չէ, հենց քրդական հարցն է։ Թուրքիան ահաբեկչական կառույցների հետ աշխատելու փորձ ունի, իսկ այդպիսի կառույց էր Սիրիայի նոր իշխանությունը։ ԱՄՆ ապագա իշխանության պաշտոնավարման շրջանը քրդերի համար բարդ է լինելու, մեծ հարց է, թե ինչպես կաջակցի Թրամփի վարչակազմը քրդերին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց Թրամփի վերջերս արած հայտարարությանը, որ Սիրիայում ծավալվող զարգացումների առանցքային դերակատարը Թուրքիան է, և Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայում է։

«Սրանք առանցքային հայտարարություններ են, որոնք ցույց են տալիս, որ Թրամփը խնդիր չի տեսնում Թուրքիայի քաղաքականությունում Սիրիայում քրդերի դեմ։ Բնականաբար, բոլորը հասկանում են Թուրքիայի հետագա հնարավոր գործողությունները, և երևի թե պետք է մտածել, որ միջամտություն չի լինելու»,- նկատեց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, պատահական չէ, որ Ֆիդանը, Էրդողանը ՌԴ ղեկավարի հասցեին դրական ձևակերպումներ են անում։

«Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն ու Իրանը կոնսենսուս չեն ունեցել Թուրքիայի հետ Սիրիայի հարցով, նախապես բանակցություններ չեն եղել, և Ասադի տապալման համաձայնություն չի տրվել, սակայն այնուամենայնիվ որոշակի լուռ հաշվարկ բոլորն են արել, այդ թվում՝ Ռուսաստանը, որը պատերազմի մեջ է Ուկրաինայում, իսկ Ռուսաստանի «առջև» կրկին կանգնած է Թրամփի վարչակազմը, որը խոստացել է խաղաղություն հաստատել, և այստեղ էլ Ռուսաստանը որոշակի ակնկալիքներ ունի։

Ցավոք, թե բարեբախտաբար, երկրները մշտապես առաջնորդվում են՝ ելնելով իրենց առաջնահերթություններից, և երբ որևէ աջակցություն արդեն հարվածում է սեփական շահերին, այն այլևս անիմաստ է դառնում, ու այդտեղ փոփոխության է պետք դիմել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Ռուս արևելագետի կարծիքով, Մերձավոր Արևելքում իր նպատակներին հասնելուց  հետո կամ դրանց զուգահեռ, բնականաբար, Թուրքիան ցանկանալու է հասնել իր նպատակներին նաև Հարավային Կովկասում։

«Ինչպես բազմիցս ասել եմ, նրանց մեծ ցանկությունը Թուրանական միջանցքն է, որից վերջին տարիներին անընդհատ խոսում են։ Սակայն Անդրկովկասում ևս կարևոր է այն, թե ինչպե՞ս կբաշխվեն ռեգիոնալ ազդեցության գոտիները, ինչպիսի՞ կոնֆիգուրացիա կձևավորվի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև։ Կարծում եմ՝ ինչպես մնացած հարցերում, Թրամփի վարչակազմն Անդրկովկասի հարցում ևս ավելի պասիվ քաղաքականություն է վարելու՝ ակտիվությունը թողնելով ռեգիոնալ խաղացողներին։

Վերջին տարիների ընթացքում ՌԴ-ն էականորեն զիջել է իր դիրքերը, Թուրքիան՝ է՛լ ավելի ամրապնդվել, իսկ Իրանը, չնայած հավակնություններին, էականորեն չի մեծացրել ազդեցությունը։ Ուստի, կարծում եմ, այս հարցերը կարևոր են, երբ դիտարկում ես փաթեթային, քանի որ ԱՄՆ-ի որոշակի նահանջի ֆոնին, որը դեռ հայտնի չէ, թե ինչ ձև ու ծավալ կունենա, ընթանում է մնացած խաղացողների ամրապնդում, Հարավային Կովկասի նկատմամբ ևս ամենամեծ հավակնությունը դրսևորում է Թուրքիան, սակայն իրավիճակն այդքան էլ պարզ չէ, որքան թվում է. այն կապ ունի շատ ավելի լայն բանակցությունների ու հաշվարկների հետ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Տեսանյութեր

Լրահոս