 
                        Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ներում Կիևի դաշնակից երկրների բաղադրիչներ են հայտնաբերվել
 
                                    Ռուսաստանը շարունակում է իր զենքերի համար Ուկրաինայի դաշնակից երկրների արտադրության բաղադրիչներ ստանալ։ Այս մասին իր սոցիալական էջերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա հոկտեմբերի 5-ի գիշերն իրականացված համակցված զանգվածային հարձակման ժամանակ Ռուսաստանն օգտագործել է 549 զինատեսակ, որոնք պարունակել են արտասահմանյան արտադրության 102 785 բաղադրիչ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Նիդեռլանդների ընկերություններից։
Ուկրաինայի նախագահը կոչ է արել ավելի արդյունավետ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։
BBC-ն իր հերթին նշում է, որ Բրիտանիայի Բիզնեսի և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ վերջերս միջոցներ է ձեռնարկել այն բրիտանական ընկերությունների դեմ, որոնց արտադրանքը շարունակում է հայտնվել Ռուսաստանի ռազմական մատակարարումների շղթայում։ Ըստ գերատեսչության՝ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև 20 միլիարդ ֆունտ ստեռլինգի առևտուրը ներկայում պատժամիջոցների տակ է գտնվում։
«Ռուսական զենքերում բրիտանական ընկերությունների մասերի առկայության մասին հաղորդագրությունները մենք չափազանց լուրջ ենք ընդունում», – մեջբերում է BBC-ն կառավարության խոսնակին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        