
Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել ՀՀ տարածքին։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը:
-Ադրբեջանի նախագահը Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ինչպիսին է Ձեր արձագանքը, և արդյո՞ք Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում այդ թեման քննարկվել է։
-Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։
Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, և մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։
Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։