«Խոսքը ուժ ունի. երբ մեղադրում ես կոշիկ լիզելու մեջ՝ վերջում լիզողը դու ես դառնում». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունների հանգուցալուծման հնարավորություն այս պահին չի տեսնում, քանի որ, ինչպես նա է նշում՝ Ալիևն իր քաղաքականությունն է վարում, ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում, իսկ Հայաստանի իշխանություններն էլ մտածում են միայն իշխանությունը պահելու մասին:

«Փաշինյանն ասում է, թե 1994թ. բանակցություններն այն մասին էին, որ Հայաստանի իշխանությունները մտածել են, թե ոնց Արցախը տան Ադրբեջանին, թե Ադրբեջանն ինչու չէր ուզում վերցնել, դա անհասկանալի է: Դա՝ մի երևույթ: Երկրորդ՝ խոստանում էին որևէ տարբերակի դեպքում գալ՝ քննարկել, բայց փաստորեն մեղավորը «հայրենասեր լինելն է», թե չէ՝ կքննարկեին: Միակ բանը, որի մասին մտածում են՝ իշխանությունը պահելն է: Այսօր ընդդիմությանն են մեղադրում, այդ թվում՝ Տիգրան Մեծին, դրանից հետո էլ ի՞նչ մեկնաբանես: Նրանց ամբողջ խնդիրն այն է, որ ինչ-որ թուղթ ունենան ստորագրված, որ հաջորդ ընտրություններին դա ցույց տան: Բոլորս լավ տեսնում ենք, որ որևէ ստորագրված պայմանագիր որևէ երկրների միջև այլևս չի աշխատում. ստորագրելու մոլուցքն ինչի՞ն է բերում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քարոզչությունը չի աշխատում այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ազգային, պետական մոտեցում. «Դա աշխատում է այն մարդկանց մոտ, ում համար այսօր լավ է, կարևորը՝ այսօր երկու կոպեկ աշխատի, թուրքերն էլ դեռ իր տուն չեն մտել, տնից չեն վռնդել: Եթե քո սերունդների մասին մտածելու փոխարեն՝ միայն քո սեփական մարմնի մասին ես մտածում, ունենք այն, ինչ ունենք»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ նա հետևյալն ասաց. «Երբ կարողանում ես քո անձն ավելի քիչ վեր դասել, քան ազգի գալիքը, դու գտնում ես ճանապարհ ու չես ասում, թե ով է կոշիկ լիզում, որովհետև խոսքը ուժ ունի: Երբ որևէ մեկին փորձում ես մեղադրել կոշիկ լիզելու մեջ՝ վերջում լիզողը դու ես դառնում: Չկա արտաքին քաղաքականություն: Քաղաքականություն ունենում են այն երկրները, որոնք արժեք ունեն: Սկզբում պետք է քո ներսում միասնության հասնել, որովհետև ուրիշ ռեսուրս չունես: Գիտեք՝ Ալիևը շատ խելո՞ք է, ո՛չ, նավթ ունի: Մենք պետք է առաջարկ ձևավորենք: Ի՞նչ ունենք առաջարկելու»:

Նկատեցինք՝ «Խաղաղության խաչմերուկ» են առաջարկում իշխանությունները:

«Այն մարդիկ, ում պետք է լինելու, այդ խաչմերուկից օգտվելու են, քեզ էլ մի կոպեկ չեն տալու: Ինչո՞ւ են Ալիևն ու Թուրքիան այսօր այդպես խոսում, որ քո համար խաչմերուկ լինի՞: Ո՛չ, միգուցե այդ խաչմերուկում պետք լինի կոշիկներ մաքրող, մազեր կտրող, սանհանգույցներ լվացող, եթե ուզում եք, կարող եք մնալ, աշխատել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Թևան Պողոսյանը որևէ դրական սպասելիք չունի 2025 թվականից. «Աշխարհի փոփոխությունների շրջանակում այնքան բան կա, որ մենք այլևս ֆակտոր չենք: Մինչև փոփոխություն չունենանք, որ ինչ-որ արժեք ձևավորենք… Այդ փոփոխությունը կարող է գալ, երբ իշխանություններ փոխվեն, բանակցող փոխվի: Ինչքան գիտակցված, անցնցում դա անեն, այնքան ավելի լավ, բայց դա էլ դուռ բացի, որ այդ ազգային միասնության ձևավորման խնդիրը կարողանանք առաջ տանել: Այլ պարագայում, այս վիճակով Ադրբեջանն իր քաղաքականությունն է տանելու, ինչքան ատամը կտրի, Թուրքիան իրենն է անելու, Ռուսաստանն իր շահերի հետևից է գնալու, Իրանը՝ իր, ԱՄՆ-ը՝ իր, Վրաստանում իրավիճակը ոնց որ թե հեշտ չի հանդարտվելու, Իրանում ունենալու են խնդիրներ՝ Թրամփի գալով»:

Նա նկատեց՝ պետք է գիտակցել՝ ինչ է նշանակում հայ, ինչ է նշանակում ապրել Հայաստանով, և, որ ստեղծել ենք Հայաստան՝ հանուն հայերի. «Եթե վերադառնանք դրան, գիտակցենք… Օրինակ՝ Հոլանդիայի օրինակը հետաքրքիր է, թե ինչպես են միասին աշխատել, որ կարողանան ծովի դեմն առնել, որ գոյություն ունենան: Դրա համար պետք է միասնականություն: Պետք է նայել ոչ թե անցյալին, այլ ապագային, իսկ այն մարդիկ, որոնք անցյալից չեն կարողանում դուրս գալ, պետք է հեռանան: Իշխանությունները խոսում են ոչ թե ապագայից, այլ միայն ու միայն նախկիններից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս