Մելիքբեկյանին շատ ենք ասել՝ կապի դուրս եկեք Հենրիխ Մխիթարյանի հետ, խոսեք, չեն արել

Մինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 25-րդ ընդհանուր ժողովի ժամանակ խոսում էր ապագայի պլանների մասին՝ հասնելով մինչև 2029 թվականին երիտասարդների աշխարհի առաջնությանը, Ֆուտբոլի ազգային հավաքականի ու թիմերի ֆան ակումբների ներկայացուցիչները հրաժարականի հերթական պահանջն էին ներկայացնում նրան։

Լրագրողների հետ հանդիպմանը  նրանք նշեցին, որ ՀՖՖ ղեկավար կազմը հարգանք չունի հայկական ֆուտբոլում, որ ռազմավարությունը, որն ընդունվել էր ՀՖՖ կողմից, թերի է կատարվել, և, որ ֆան ակումբները մինչև վերջ պայքարելու են՝ ստանալու Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի դիմումը։

168am-ն ասուլիսի բանախոսներից հետաքրքրվեց՝ ի՞նչ են պատրաստվում անել, եթե ՀՖՖ նախագահը չի ընդունում հրաժարականի պահանջը՝ պատճառաբանելով, որ հայկական ֆուտբոլի համար կարևորագույն որոշումներ են կայացվելու 2025 թվականին, և ինքը չի կարող այդ կարևոր փուլում հեռանալ պաշտոնից։

Ի պատասխան՝ «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը նկատեց․ «Եթե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսում է այն մասին, որ կան կարևոր գործողություններ 2025 թվականին, նա պետք է անի հետևյալը․  ասի՝ ժողովո՛ւրդ, ընդունում եմ այս բոլոր ձախողումները, բայց կան հարցեր, որոնք պետք է անենք 2025 թվականին, ես ստորագրում եմ իմ հրաժարականի դիմումը, եկե՛ք միասին քննարկենք այդ կարևոր հարցերը և ժամկետը միասին դնենք։ Դա ընդունելի կլինի մեզ համար, եթե հանդիպենք-քննարկենք։

Կարդացեք նաև

Բայց եթե լինի փափուկ բարձ՝ 2025-ին, 2026-ին․․․ ընտրություններ են, եկեք սպասենք՝ ո՛չ, մենք չենք սպասելու, մեր գործիքակազմն անսպառ է, գնալու ենք մինչև այն օրը, երբ կլինի այդ դիմումը»։

Այս համատեքստում անդրադարձանք նաև լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին առնչվող դրվագին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք նաև ՀՖՖ ղեկավար կազմի գործոնով էր պայմանավորված Ազգային հավաքականում չխաղալու ֆուտբոլիստի որոշումը ու արդյո՞ք նրա դեմ արշավի պատճառն այն էր, որ  նա չուրացավ իր կարիերայում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ներդրումը։

Սերգեյ Ջանջոյանն արձագանքեց․ «Ինչպես գիտենք՝ Հենրիխ Մխիթարյանն այս ֆեդերացիայի ղեկավար կազմի ժամանակ մասնակցել է որոշ խաղերի։ Մենք ՀՖՖ ղեկավարության հանդիպումների ժամանակ ասել ենք՝ զանգեք այդ ֆուտբոլիստին, կոմունիկացիա ունեցեք նրա հետ։

Պատասխանել են, թե մենք պրոֆեսիոնալ ենք․ դա կարող է անել հավաքականի մարզիչը»։

Ֆան շարժման անդամ Անդրանիկ Դալդումյանն էլ հավելեց․ «Կլոր սեղանի շուրջ քննարկումներ իրականացնելը բացակայում է մեր ֆեդերացիայի ղեկավարության մոտ։ Այստեղից էլ գալիս են ոչ միայն Հենրիխ Մխիթարյանի հետ կապված խնդիրները, այլև խնդիրներն ու առճակատումներն ակումբների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս