Տարածաշրջանի համար ուժերի հավասարակշռության ոչ բարենպաստ սեյսմիկ տեղաշարժ է տեղի ունենում. գործընթացները կարող են լինել կտրուկ. Գոռ Գևորգյան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը, որը հանգեցրել է Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալմանը։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) և այլ ընդդիմադիր խմբավորումների գործողությունների մեկնարկից հետո մենք ինտենսիվ ջանքեր գործադրեցինք՝ ապահովելու, որ այն իրականացվի ամենաանարյուն ձևով, բայց մենք մինչ այդ չենք միավորվել որևէ երկրի կամ խմբի հետ, չենք մասնակցել նման պլանավորմանը»,- նրա խոսքը մեջբերում է Ekonomim թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ահմադ ալ-Շարը, որը հայտնի է որպես Մոհամմադ ալ-Ջոլանին՝ Թահրիր ալ-Շամ խմբավորման առաջնորդն էլ իր հերթին՝ սիրիացի դաշտային թղթակից Հադի ալ-Աբդոլլահի հետ զրույցում հայտարարել է.

«Մեր աշխատանքը նոր է սկսվել, և մենք ցանկանում ենք, որ արտերկրի սիրիացիները վերադառնան երկիր և իրենց փորձն ու մասնագիտությունը տրամադրեն իրենց հողին»:

Կարդացեք նաև

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ, արաբագետ Գոռ Գևորգյանի բնորոշմամբ՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում Թուրքիայի դերակատարման ու ներգրավվածության և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա ակնհայտ է։ Թուրքիան ոչինչ չի թաքցնում, ամեն ինչ ակնհայտ ու հստակ է։

«Առնվազն վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, նաև Թուրքիայի ղեկավարների  հանրային խոսքում արված հայտարարությունները, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հալեպ, վերջին շրջանում նման մակարդակով այց չէր եղել, այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան մաս է կազմում տեղի ունեցող իրադարձություններին։ Տոկոսային հարաբերակցությամբ, մեծ, թե փոքր՝ ժամանակը ցույց կտա, ենթադրում եմ, որ բավականին մեծ։

Հետևաբար՝ այստեղ պետք է հաշվի առնենք, որ Հարավային Կովկասի համար ուժերի հավասարակշռության ոչ բարենպաստ փոփոխություն է տեղի ունենում, կամ կարող ենք ասել՝ սեյսմիկ տեղաշարժ։ Այս ամենը բավականին խոցելի է դարձնում մեր տարածաշրջանի փխրուն անվտանգային համակարգը»,- 168.am հետ զրույցում նշեց Գոռ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը հաշվի առնելով, Հայաստանը պետք է ճիշտ հաշվարկված աշխատանքներ տանի բոլոր կողմերի հետ և, ինչպես ասում էր մեծ քաղաքական մտքի ներկայացուցիչ Քիսինջերը՝ աշխատել ու խոսել է պետք բոլորի հետ։

«Սա է այն միակ տարբերակը, որտեղ հնարավոր է ունենալ փոքրիշատե ինչ-որ դիրքավորում, բայց դա պետք է լինի ճիշտ հաշվարկված՝ հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանի խաղացողների, նրանց աշխարհաքաղաքական նկրտումները, ընկալումները։ Միայն այս գիտելիքահեն հաշվարկի վրա կարելի է դիրքավորվել։ Այլապես ձախողումն անխուսափելի կլինի շատ ավելի խորքային, ինչը, բնականաբար, մեծ ու լուրջ վտանգների ու նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնելու առանց այդ էլ բավականին խոցելի մեր անվտանգությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ՀՀ իշխանությունն այս պահին արդյոք այդ հաշվարկված քայլերը կարողանո՞ւմ է իրականացնել, Գոռ Գևորգյանը պատասխանեց՝ այս պահին պետք է մեկ շատ կարևոր բան արձանագրել, ինչը հաճախ տեսնում են այլ պետությունների օրինակով, առհասարակ այն, ինչ որ հանրային խոսքի ու ընկալելիության համար է արվում, արվում է՝ դա շատ քչերն են հասկանում։

«Հիմա իրականում և՛ հանրությունը, և՛, այսպես ասած՝ մեր հարցը ներկայացնող մարդիկ տեղեկատվության բավականին պակաս ունեն, դրա համար դժվար է ասել, թե իրականում ինչ է կատարվում, ինչ-որ աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ չէ։ Կարծում եմ՝ այդ ամենը որոշակիորեն տեսանելի պետք է լինի, այսինքն՝ մարդը նստած, որը ՀՀ քաղաքացի է, պետք է զգա, որ ունի անվտանգության բարձիկներ։ Իսկ այդ անվտանգության բարձիկների մասին պատկերացումները պետք է այդ մարդու ընկալումների չափով լինեն ընկալելի։ Հիմա վստահ չեմ, թե դա որքանով է այդպես, ամեն դեպքում այն մարդիկ, որոնք կանգնած են խփող զարկերակի, այդ մարտահրավերների մոտ և ուշի ուշով հետևում են այդ ամենին՝ բավականին լուրջ մտավախություններ ունեն։

Գործընթացները կարող են լինել կտրուկ և ոչ այդքան կանխատեսելի, որովհետև ամբողջ միջազգային հանրության մի հատվածը չէր էլ պատկերացնում, որ Սիրիայում 12 օրում իշխանություն կփոխվի։ Սակայն առանձին պետություններ դա իմացել են։ Այն մարդիկ, որոնք կարողանում են միտք գեներացնել և կարողանում են խորհրդատվական հարթակ ապահովել, նրանց հետ գոնե պետք է աշխատել»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս