Բաժիններ՝

Բանակցությունների ընթացքում բնակիչները համաձայնեցին, որ փոսալցում անենք, մինչև կսկսենք նորոգումը. Մեծավանում բնակիչները պահանջում են ճանապարհների նորոգում

Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղի և հարակից երկու գյուղերի բնակիչներ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, փակել էին Լոռի-Վրաստան ճանապարհը՝ պատկան մարմիններից պահանջելով բարեկարգել ճանապարհները, քանի որ ամեն օր քանդած ճանապարհներով հնարավոր չէ երթևեկել։

168.am հետ զրույցում Մեծավան գյուղի ղեկավար Մարտին Սոլոյանն ասաց, որ մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, խոստացել են, որ փոսալցումներ կանեն, մինչև հաջորդ տարի սկսեն վերանորոգումը։

«Խոսքը Տաշիր-Մեծավան 8 կմ ճանապարհի մասին է, ամբողջովին քարուքանդ ճանապարհ է, մեքենաներով անհնար է երթևեկել։ Այս ճանապարհի նորոգումը կա ծրագրում, սակայն նախատեսված է հաջորդ տարի։

Մարդկանց բողոքի ակցիան նորմայի մեջ էր։ Կրկնում եմ՝ այդ ճանապարհն ահավոր վիճակում է ու կարևոր ճանապարհ է՝ Մեծավանը միացնում է Տաշիրին»,- շեշտեց գյուղապետը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Մեծավանի հարակից գյուղերի՝ Պաղաղբյուրի և Ձյունաշողի բնակիչները ևս օգտվում են այդ ճանապարհից, ուստի նրանք էլ էին բողոքում։

«Բնակիչներն ասել էին, որ եթե ճանապարհը չսարքեն, իրենք կրկին բողոքելու են, բայց բանակցությունների ընթացքում համաձայնեցին, որ փոսալցում անենք, մինչև կսկսենք նորոգումը»,- եզրափակեց նա։

Պաղաղբյուրի գյուղապետ Ռոբերտ Դումիկյանը նույնպես ասաց, որ այս ճանապարհի վիճակը շատ է, փոսերն այնքան շատ են ու քանդված, որ մեքենաները մտնում են մեջն ու այլևս չեն կարողանում դուրս գալ։

«Տեղյակ չեմ, որ մեր գյուղից մարդիկ գնացել-բողոքել են, հավանաբար գնացել են։ Տաշիրից-Մեծավան ճանապարհի վիճակն ահավոր է, մարդիկ դրա համար են բողոքում։

Կոնկրետ մեզ մոտ ճանապարհները գրունտային են, շատ նորմալ չեն, բայց դե, ոչինչ»,- 168.am-ին փոխանցեց Ռոբերտ Դումիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս