«Վստահ եմ՝ ԱՄՆ-ում էլ տիրապետում էին գերիների հետ կապված զգայուն իրավիճակին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Բաքվում հայ գերիների վերաբերյալ կեղծ դատավճիռների պայմաններում ստեղծել են մի իրավիճակ, որտեղ դարակում ունեն դրված փաստաթղթեր, որոնք ցանկացած պահի Հայաստանի հետ հարաբերությունների ցանկացած զարգացման ժամանակահատվածում՝ կարող են աշխատել Հայաստանի դեմ։

«Երբ մենք ժամանակին ասում էինք, որ պետք է կանխել, որպեսզի այդ կեղծ դատավարությունը տեղի չունենա, նաև դրա համար էինք ասում։ Հիմա Հայաստանի իշխանությունը որքան էլ փորձում է իրեն անտեղյակ ցույց տալ, որ խնդիրը չի նկատում, լուռ է և այլն՝ իրավիճակը չի մեղմացնում։ Փաստացի, գործը կարվել է Հայաստանի դեմ, դրա հետևանքով մարդիկ դատվում են ադրբեջանական բանտերում, բայց խնդիրը մնում է առկախ»,- Բաքվում պահվող գերիների վերադարձի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, շատ կարևոր է, որ գերիների խնդրի մասին խոսում են հասարակական տարբեր կազմակերպություններ, բայց դրա արդյունավետությունն այլ է և բոլորովին այլ արդյունք կարող է լինել, երբ խնդրի մասին խոսում է պետությունը՝ օգտագործելով իր ինստիտուցիոնալ գործիքակազմը։

«ՀՀ իշխանությունն այս տարիների ընթացքում կա՛մ ֆորմալ տեքստեր է արտահայտել, կա՛մ օգտագործվող ձևակերպումներն առաջին պլան չեն բերվել։ Բնականաբար, Հայաստանը՝ որպես պետություն, ներդրում չի ունեցել այս իրավիճակի հանգուցալուծման մասով։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանում ու սփյուռքում տարբեր մարդիկ, խմբեր օգտագործում են իրենց չնչին հնարավորությունները՝ թեման ևս մեկ անգամ բարձրաձայնելու և հարցը միջազգայնացնելու համար»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Լրագրողների հարցին՝ իրատեսակա՞ն է, որ Բաքու կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Վենսը կբարձրացնի գերիների հարցը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց.

«Իհարկե, մենք խնդիր չունենք Միացյալ Նահանգներին ցույց տալու, թե որն է իր համար կարևորն ու առաջնայինը կամ իմիջային առումով բարելավումը, բայց վստահ եմ, որ Միացյալ Նահանգներում էլ են տիրապետում այն իրավիճակին, նաև այս զգայուն իրադրությանը, որը ստեղծված է գերիների, ռազմագերիների հարցերում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան կատարած այցով պայմանավորված՝ բազմաթիվ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ փոխնախագահին։ Ակցիայի պահանջը մեկն է՝ վերադարձնել Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս