Թուրքիան իր ձեռքբերումները փորձելու է կապիտալիզացնել նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում․ քաղաքագետ
«Թուրքիան բավականին լուրջ ձեռքբերումներ ունի Սիրիայում, և հիմնական խնդիրն այս պահին միայն քրդական հարցն է»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով մերձավորարևելյան վերջին զարգացումներին՝ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ դեռևս տեսանելի չէ, թե այս հարցում ինչ հնարավոր լուծումներ կլինեն, այդուհանդերձ, ըստ նրա՝ պարզ է, որ Թուրքիան այս հարցով բանակցություններ կմեկնարկի՝ փորձելով չեզոքացնել քրդական հարցի ազդեցությունն առհասարակ տարածաշրջանում։
«Սա երկարատև պրոցես է լինելու․ չեմ կարծում՝ դա այդքան հեշտ կտրվի Թուրքիային, եթե ընդհանրապես տրվի,- նկատեց նա՝ ընդգծելով,- Ամեն դեպքում, մենք շուտով ականատես ենք լինելու Սիրիայի մասնատման գործընթացի, որը կարող է հետագայում նույնիսկ անդրադարձ ունենալ ավելի լայն՝ Մերձավոր Արևելքում ուժերի բաշխման պրոցեսի վրա»։
Այս իրողությունների և հայկական օրակարգերի վրա դրանց ազդեցության մասին իր շեշտադրումներում Հրանտ Մելիք-Շահնազարյանը նախ արձանագրեց, որ Սիրիան հայության համար անվտանգ վայր չէ, և սիրիահայերը պետք է ինչ-ինչ ճանապարհով դուրս գան այնտեղից՝ մինչև կհստականա, թե ինչ զարգացումներ են լինելու ռեգիոնում։
Հաջորդ խնդրահարույց հարցը, ըստ քաղաքագետի, տարածաշրջանում թուրքական ազդեցության առավել մեծացումն է։
«Թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ համաշխարհային քաղաքականության վրա Թուրքիան մեծացրեց իր ազդեցությունը, և, բնականաբար, իր այս ձեռքբերումները փորձելու է կապիտալիզացնել նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։
Իսկ Թուրքիայի խնդիրներն այստեղ պարզ են. առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ ցամաքային, որևէ մեկի կողմից չվերահսկվող, անխոչընդոտ կապ, ինչն իրական սպառնալիք է այս պահին։
Ցավոք սրտի, հաշվի առնելով նաև փաստը, որ Իրանն ու Ռուսաստանը, ըստ էության, ի վիճակի չեղան ո՛չ Հարավային Կովկասում, ո՛չ Մերձավոր Արևելքում լիարժեք սպասարկել իրենց շահերը, այդքան էլ մեծ հույս չունեմ, թե կկարողանան իրենց բացթողումները լրացնել Սյունիքում։
Ամեն դեպքում, սպասելիքս այն է, որ բացառապես Իրանի ու Ռուսաստանի աջակցությամբ է հնարավոր լինելու չեղարկել թուրքական սպառնալիքը, որ կախվել է ՀՀ գլխին»,- մանրամասնեց նա։
Հարցին՝ եթե նշում եք, որ Ռուսաստանն ու Իրանը չեն կարողացել սպասարկել իրենց շահերը, հետևաբար՝ օբյեկտիվորեն ճիշտ չե՞ն ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղել դեպի Արևմուտք, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ հիշեցնելով․ «Արևմուտքի օգնությամբ, ուղղորդմամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում է Թուրքիան կարողանում այս հաջողություններն արձանագրել, այսինքն՝ Հայաստանի՝ դեպի Արևմուտք թեքվելը ոչ այլ ինչ է, քան թեքվել դեպի Թուրքիա»։