«Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, եթե…». ՌԴ արտգործնախարարը բացատրել է իրավիճակը

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, եթե չլիներ 2014 թվականի հեղաշրջումը։

«Եթե չլիներ 2014 թվականի փետրվարյան հեղաշրջումը, և եթե այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվեին, Ուկրաինան դեռևս կմնար միասնական, և Ղրիմը կլիներ դրա մի մասը։ Ակնհայտ է, որ նրանք չեն կատարել պայմանավորվածությունները, փոխարենը կազմակերպել են հեղաշրջում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված էր դադարեցնել Դոնբասում հեղաշրջումից հետո սկսված հակամարտությունը, սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ Մինսկի պայմանավորվածությունները լիովին կատարվեին։

«Բայց Ուկրաինայում հեղաշրջումից հետո ստեղծված կառավարությունը դրանք սաբոտաժի ենթարկեց։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ կառավարությունը պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնի պետական հեղաշրջումը չընդունած մարդկանց հետ և նպաստի Ուկրաինայի այդ հատվածի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Դրանցից ոչ մեկը չի արվել: Կիևի ռեժիմը հայտարարել է, որ երբեք նրանց հետ ուղիղ չի խոսի»,- նշել է նա։

Բացի այդ, Լավրովը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախության միակողմանի հռչակագիրը՝ ասելով, որ այդպիսով իրացվում է ինքնորոշման իրավունքը։

«Կոսովոյում հանրաքվե չի եղել, այլ եղել է անկախության միակողմանի հռչակում։ Ի դեպ, դրանից հետո սերբերը դիմել են Արդարադատության միջազգային դատարան։ Սովորաբար Կոսովոյի ներկայացուցիչներն այնքան էլ կոնկրետ չեն իրենց դատողություններում, բայց նրանք որոշել են, որ եթե տարածքի մի մասը հռչակում է անկախություն, ապա դա պարտադիր չէ համաձայնեցնել իշխանությունների հետ», – ասել է Լավրովը։

Մի քանի տարի անց Ղրիմի բնակիչներն անցկացրին իրենց հանրաքվեն։ Հրավիրված էին մեծ թվով միջազգային դիտորդներ։

«Արևմուտքից ասացին, որ իրենք չեն կարող ընդունել դա, քանի որ դա տարածքային ամբողջականության խախտում է…ՄԱԿ-ի կանոնադրությունը «մենյու» չէ: Դուք պետք է այն հարգեք ամբողջությամբ»,- ասել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս