«Ռուսաստանը փորձում է վերջ տալ Հայաստանում եղած քաոսին. մոտ ապագայում հսկողության տակ կվերցնի նաև մեր տարածքները». Գագիկ Հարությունյան

«Մոսկվայից եկող վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը մոտ ապագայում հսկողության տակ պետք է վերցնի նաև մեր տարածքները՝ անվտանգության առումով: Մարիա Զախարովան դա նկատի ունի և չի կասկածում, որ ՀԱՊԿ-ը, այսինքն՝ Ռուսաստանը, կարևոր դերակատարություն ունի ստանձնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

Մարիա Զախարովան ասել էր, որ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում են, որ գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի:

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ է անդրադառնում Հայաստանին։ Նոյեմբերի սկզբին ՌԴ ԱՀԾ-ն նշել էր, թե Վաշինգտոնը Երևանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության»՝ Հայաստանին դրդելով հրաժարվել արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից, իսկ երեկ նշել են, որ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից։

«Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն»-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Գագիկ Հարությունյանը նկատեց՝ ՌԴ-ն փորձում է վերջ տալ Հայաստանում եղած քաոսին. «Դա անելու են նաև ՀԱՊԿ-ի միջոցով, հիմնական դերակատարումը ՌԴ դերակատարումն է լինելու, նաև՝ այն փափուկ մեթոդները, որ նրանք կիրառելու են հնարավոր որևէ տիպի ընտրությունների ժամանակ: Նիկոլական կողմն ամեն ինչով պատրաստվում է այդ ընտրություններին, անգամ անձնական տեսքի փոփոխություն է արել, այդ բոլորն ուղղված են նրա իմիջի փոփոխությանը: Բայց այդ պրիմիտիվ մեթոդները այս անգամ գոնե մեր հասարակության վրա չեն գործելու, և հուսով եմ, որ ռուսները, որոնք արդեն մոտ են ուկրաինական ճգնաժամն իրենց ձեռնտու պայմաններով կանգնեցնելու, ակտիվ մասնակցություն կունենան Հարավային Կովկասում: Այն պետք է, որ ռուսական հովանու տակ լինի: Դրա արդյունավետությունը մենք հասկացել ենք դեռևս 200 տարի առաջ՝ Պասկևիչի արշավանքներից հետո, երբ Հայաստանը վերածնունդ ապրեց՝ շնորհիվ հենց ռուսական ներկայության: Եկեք՝ անկեղծ լինենք այդ հարցի նկատմամբ, ուրիշը չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս