ԱԶԲ-ն երկարաժամկետ վարկ է տրամադրել Ադրբեջանին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Քաղաքական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մինչ Երևանում փորձում են պարզել, թե ով է, ի վերջո, մեղավոր «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի ձախողման մեջ, Բաքուն հետևողականորեն աշխատում է համանուն միջազգային միջանցքից Հայաստանի դուրսմղման ուղղությամբ:

Տարածաշրջանում հաղորդակցության լիարժեք ապաշրջափակման հեռանկարներն ավելի ու ավելի հեռավոր են դառնում, իսկ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերածվել է քաղաքական առասպելաբանության տարրի։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորմանը միտված գործընթացները շարունակաբար թափ են հավաքում։

Օրեր առաջ Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարեց Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական ցանցերի սինխրոնիզացման մասին՝ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման միջոցով:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ միջազգային կարևորագույն ֆինանսական հաստատություններից մեկը՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) երկարաժամկետ վարկ է տրամադրել Ադրբեջանին՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն և ԱԶԲ-ն ստորագրել են 131,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր, որն ուղղված է «Հյուսիս-Հարավ» միջանցքի ադրբեջանական գտնվող հիմնական հատվածի արդիականացմանը։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 160,5 մլն ԱՄՆ դոլար, որից 29 մլն-ը կհատկացնի Ադրբեջանի կառավարությունը։ Վարկը տրամադրվել է 22 տարով, այդ թվում՝ 2 տարվա արտոնյալ ժամկետով, և ունի ճկուն տոկոսադրույք։

Ֆինանսավորումը նախատեսված է Սումգայիթ-Յալամա երկուղի երկաթուղու 166 կմ հատվածի վերակառուցման ավարտի համար, ներառյալ՝ քաղաքացիական կառույցների և անցումների արդիականացումը։

Վարկը կլրացնի երկաթուղային ոլորտի զարգացման ծրագիրը, որը մեկնարկել էր 2017թ. և որի շրջանակներում ԱԶԲ-ն արդեն իսկ տրամադրել էր Ադրբեջանին 150 մլն ԱՄՆ դոլար։

Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել նախնական ծրագիրը՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 333 կմ գլխավոր երթուղի Սումգայիթից մինչև Յալամա։

Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին»։

Տեսանյութեր

Լրահոս