Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ համաձայնության չի գնա, եթե չապահովվի պաղեստինցիների վերադարձն իրենց տներ

ՀԱՄԱՍ-ի առաջնահերթությունն Իսրայելի ագրեսիան դադարեցնելն է, բայց շարժումը կհամաձայնի Իսրայելի հետ միայն այնպիսի համաձայնությունների, որոնք պաղեստինցիներին հնարավորություն կտան վերադառնալ իրենց տներ և պայմաններ կապահովեն նրանց նորմալ կյանքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Mayadeen-ը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրիի հայտարարությունը:

«Մենք չենք ընդունի որևէ համաձայնագիր, որը վերջ չի դնի մեր ժողովրդի տառապանքին, չի ապահովի նրանց վերադարձն իրենց տներ և չի հանգեցնի կյանքի բոլոր ասպեկտների լիարժեք վերակառուցմանը», – նոյեմբերի 24-ին հայտարարել է Աբու Զուհրին:

Նա նշել է, որ «իսրայելական օկուպացիան իրեն խաբում է՝ համարելով, որ զանգվածային սպանություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ և բնակչության բռնի տեղահանություններ կատարելով կարող է հասնել իր նպատակներին»։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի կարծիքով՝ պատերազմը 451 օր չէր շարունակվի առանց Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների աջակցության, մասնավորապես՝ ֆինանսական օգնության, զենքի մատակարարման, քաղաքական աջակցության ու լրատվամիջոցների աջակցության տեսքով։

Բացի այդ, հավելել է Աբու Զուհրին, ամերիկյան վարչակազմը բոլոր ջանքերը գործադրում է՝ արգելափակելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած գործողություն Գազայի հատվածում ցեղասպանությունը կասեցնելու համար։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ է զոհվել, 251 մարդ՝ առևանգվել։ Դեռ 97 պատանդ գտնվում է Գազայում, այդ թվում՝ առնվազն 34 մահացած պատանդների մարմինները։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 44 200-ը։

Ավելի քան 104 500 մարդ վիրավորվել է։ Առնվազն 10 000 մարդ անհետ կորած է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս