Մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են անվճար տրամադրել իրենց տվյալներն իշխանությունների կողմից ընտրված մի կոմերցիոն կազմակերպությանը. սա իրականում թվային թալան է. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Արտակ Գասպարյանը նրան հարցրել է.
«Հասկանում եմ, որ շարունակվող քաղաքական բռնաճնշման և տնային կալանքի պայմաններում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվել չեք կարողանում, բայց այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքի եք իրականացվող չարեփոխման մասին»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Անկախ իմ հարկադիր անշարժ վիճակից՝ հնարավորինս հետևում եմ մեր պետության կյանքի տարբեր ոլորտներին, և ոչ մի տեղ, ոչ մի ոլորտում չկա հուսադրող, դրական, որակյալ որոշում կամ դրա իրականացում։
Երևանում տրանսպորտային խնդիրը մեր հանրային կյանքում հիմնականում բուռն քննարկվում է՝ համարժեք թանկացման և անկառավարելիության աստիճանը բարձրացնող աբսուրդ լուծումների համատեքստում, ի լրումն որոնց կցանկանամ շեշտել այլ, առավել վտանգավոր հանգամանք։ Մեկ, տեխնիկապես անպատրաստ օպերատորին ակամայից փոխանցվում է անձնական տվյալների հսկայական շտեմարան, ինչն ինքնին ավելի թանկարժեք և վտանգավոր խարդավանք է, քան 100 դրամը 300 դարձնելը։
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը դեռևս 2018 թվականին Դավոսում հայտարարել էր, որ «անձնական տվյալները 21-րդ դարի օգտակար հանածո են»։ Եվ ահա մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են անվճար տրամադրել իրենց տվյալներն իշխանությունների կողմից ընտրված մի կոմերցիոն կազմակերպությանը։ Սա իրականում թալան է, թվային թալան, թալանի նոր, «ժամանակակից» ձև։
Չմոռանաք նաև, որ այդ տվյալների շտեմարանը կարող է անարգել և ուղղորդված կերպով օգտագործվել ոչ միայն կոմերցիոն, այլև քաղաքական նպատակներով։ Օրինակ՝ գալիք ընտրություններին։ Այս կապակցությամբ կասկած անգամ չունեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում: