Բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման. Գրիգոր Գրիգորյան
«Կամավորը ոչ մարտական պայմաններում չպետք է դիրք պահի, կամավորը պետք է խնդիր կատարի միայն պատերազմի ժամանակ՝ միանալով կանոնավոր բանակին»,-
168.am-ի հետ զրուցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:
«Բանակը պետք է իր առջև դրված խնդիրները կատարի»,- շեշտեց նա՝ հարցադրում անելով՝ արդյոք այսօրվա մեր բանակն ի վիճակի՞ է անվտանգություն ապահովել:
Մեր հարցադրմանը, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել է զինվորական կենսաթոշակառուներին պայմանագրային ծառայության անցնելու հնարավորություն տալ՝ պահպանելով կենսաթոշակը, ինչից նաև բանակն է շահելու, Գրիգոր Գրիգորյանն արձագանքեց.
«Զինված ուժերի ղեկավարությունը ստիպված է այդ քայլին գնում, որովհետև բանակում սպայակազմի խնդիր կա: Մյուս կողմից, պետք է նկատել, որ բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ բանակը համալրել ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով, պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման: Չի բացառվում, որ մի օր զարթնենք և տեսնենք՝ Ջերմուկը չկա, Կապանի ճանապարհը լրիվ բաց է, Տիգրանաշենում մարդկանց պատրաստում են դրա կորստին, ինչպես Կիրանցում արեցին, նման մի բան սպառնում է Վարդենիսի ուղղությամբ և այլն»:
Պահեստազորի գնդապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Նախիջևանի առանձնակի համազորային բանակը բավականին հզոր է. «Հարմար պահի կարող է մտնել Հայաստան և փակել դեպի Սյունիք տանող բոլոր ճանապարհները, Հայաստանից կտրել Սյունիքը: Մոտավորապես պարզ է՝ ինչ սցենարներ կարող են լինել, բայց թե որտեղից կսկսեն և որտեղ կավարտեն, դա կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, գլխավոր խաղացողների հրահանգից: Իսկ Ռուսաստանն այսօր զբաղված է իր խնդիրներով, նրան առաջին հերթին իր երկրի անվտանգությունն է հետաքրքրում, մյուս կողմից՝ նա ձեռք կմեկնի նրան, ով իր տեսանկյունից ճիշտ կլինի»:
Հավելենք, որ «Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Ադրբեջանի, Թուրքիայի օրակարգում, ինչո՞ւ չէ՝ նաև աշխարհաքաղաքական, և այս ուղղությամբ համապատասխան գործընթացները շարունակվում են: