Գնացի բժշկի, որ գլանդներս հանեմ՝ քիթս վիրահատեցին․ Ի՞նչ են վիրահատել իրականում․ ԼՕՌ բժշկի պարզաբանումը
Բերանի խոռոչի և ըմպանի սահմանի լորձաթաղանթում գտնվում են լիմֆոիդ հյուսվածքի մեծ կուտակումներ: Նրանց ամբողջությունը կազմում է ըմպանային լիմֆոէպիթելային օղը, որը շրջապատում է շնչառական և մարսողական ուղիների մուտքը: Այս օղի ամենախոշոր կուտակումները կրում են նշիկ անվանումը: Նշիկների բորբոքման կամ տոնզիլիտի մասին զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի հետ։
– Բժի՛շկ, որքանո՞վ են նշիկները կարևոր օրգանիզմի համար և ո՞ր դեպքում են հեռացվում։
– Բերանի խոռոչում կա ըմպանային լիմֆոէպիթելային օղ, որը ներառում է երեք զույգ և մեկ կենտ նշիկներ։ Մենք նշիկ ասելով՝ հասկանում ենք միայն քմային նշիկները, ժողովրդական լեզվով ասած՝ գլանդները, որոնք հեռացնում են։ Մնացած բոլոր դեպքերի վերաբերյալ մեր բուժառուները տեղեկացված չեն։ Միայն գիտեն քթըմպանային կենտ նշիկների մասին, որն անվանում են քթի միս։ Եվ երբ մանկական հասակում հեռացնում են նշիկներն ու քթըմպանային կենտ ադենոիդը, մարդիկ ասում են, որ երեխա ժամանակ քիթը վիրահատել են, բայց այն փակվել է, էլի վատ է շնչում։ Իհարկե, պատճառն այն է, որ ոչ թե քիթն են վիրահատել, այլ քթըմպանային նշիկն են հեռացրել, ու երբ նա մեծանում է՝ քթային շնչառությունը վատանում է։ Հեռացնելուց հետո հնարավոր է՝ ինչ-որ փոքրիկ կտոր մնա և մեծանալով՝ ինչ-որ չափով խանգարի։
Նշեմ, որ եթե մանկական հասակում երեխաները հաճախակի հիվանդանում են անգինայով, անպայման ադենոիդ է լինում, այսինքն, քթըմպանային նշիկն էլ է բորբոքվում, ու դրանք հեռացնում ենք քթային ադենոիդի հետ, սակայն, եթե բժիշկը զննում և համարում է, որ հեռացնել պետք չէ, հեռացնում են միայն մեծացած քթային ադենոիդը, որովհետև քթով շնչառության հաշվին մենք փրկում ենք քմային նշիկներին՝ արտաքին օդի հետ շփվելուց և վնասակար ազդեցությունն իրենց վրա վերցնելուց։ Հիշում եմ, հատկապես խորհրդային տարիներին ընդունված էր՝ տնից մի երեխա հիվանդանում էր, երեքի ձեռքը բռնած՝ տանում էին բժշկի, հեռացնում բոլորի նշիկները՝ դրանով իսկ վնասելով օրգանիզմին։
Առողջ քմային նշիկները չի՛ կարելի հեռացնել։ Լինում են դեպքեր, երբ ադենոիդ հյուսվածքը լավ վիճակում է, և միայն քմային նշիկներն են հաճախակի բորբոքվում, որոնք էլ հեռացնում ենք։ Հաճախ քրոնիկ տոնզիլիտ ունեցող մարդկանց մոտ լինում են հոդային և սիրտ-անոթային բարդություններ։ Հնուց եկած մի ասացվածք կա, որ ասում է․ «Քրոնիկ տոնզիլիտը կամ քմային հիվանդ նշիկները կրծում են սիրտը, լիզում հոդերը»։ Այսինքն, հիիմնականում ախտահարվող թիրախային օրգանները սիրտը և հոդերն են։ Առաջանում են նաև երիկամային, մկանային բարդություններ։
Աուտոիմուն ինֆեկցիոն բոլոր հիվանդություններն առաջանում կամ սրանում են քրոնիկ տոնզիլիտի ազդեցության արդյունքում, քանի որ միշտ օրգանիզմում թարախի արտահոսք է լինում։
Նախկինում ընդունված էր՝ տարին մեկ անգամ անգինայով հիվանդանալը համարվում էր հաճախակի անգինա, ու նշիկները հեռացնում էին։ Հիմա միջազգային ուղեցույցերով փոխվել է մոտեցումը. երեխաները պետք է տարեկան առնվազն 7-8 անգամ սուր անգինաներով հիվանդանան, որ մտածենք քրոնիկ տոնզիլիտի մասին։ Մեծերի դեպքում տարին 3-4 անգամ հիվանդանալն է համարվում քրոնիկ տոնզիլիտի ցուցանիշ։
– Քթի միջնապատի թեքությունը կապ ունի՞ տոնզիլիտի առաջացման հետ։
– Այո։ Քթով դժվարաշնչությունը բերում է բերանով շնչառության։ Մեր շնչած օդը քթի ստորին խեցիների հաշվին խոնավանում, տաքանում, միկրոբազերծվում է, նոր գնում են ստորին շնչուղիներ։ Բերանով շնչելիս այդ կեղտոտ օդը միանգամից նստում է նշիկների վրա, որոնք սկսում են պայքարել կեղտոտ օդի հետ ու հաճախակի բորբոքվել։ Լինում են դեպքեր, ասում են՝ գնացի բժշկի, որ գլանդներս հանեմ՝ առաջարկեցին քիթս վիրահատել։ Սա արվում է, քանի որ հետազոտությամբ հասկացել ենք, որ նշիկները դեռ այնքան ախտահարված չեն, որպեսզի հեռացնենք։ Քիթն ենք հետազոտում, տեսնում ենք, որ պատճառն այնտեղ է, ուստի առաջարկում ենք ուղղել քիթը, շնչառությունը լավացնել, որից հետո տեղային ողողումները, հակաբորբոքային, ֆիզիոթերապևտիկ բուժումները նպաստում են, որ նշիկներն առողջանան։
– Հիմա տարածված է՝ լազերային թերապիան, ֆոտոթերապիան, սկլերոթերապիան։ Դրանք իրո՞ք օգնում են։
– Ցանկացած ֆիզիոթերապևտիկ միջոցառում պետք է արվի կոնսերվատիվ բուժման կոմպլեքսի մեջ։ Օրինակ, կրիոթերապիայի դեպքում սառը ազոտով սառեցնում են նշիկները։ Այն սովորական ֆիզիոթերապևտիկ միջացառում է, ինչպես լազերայինը, բայց այս ամենը ֆետիշացնել, ու ամեն պրոցեդուրան մարդկանց համար մեկ վիրահատության գին արժենա, սխալ է։ Ցանկացած ֆիզիոթերապևտիկ միջոցառում պետք է օգտագործել՝ բուժումից հետո վիճակն ավելի բարելավելու համար։
– Վերջերս ծնողը, ով քրոնիկ տոնզիլիտ ունեցող երեխային տարել էր լողի՝ չէին ընդունել։ Մի՞թե ֆիզիկական ակտիվությունը վնաս է։
– Ընդհանրապես լողը, ֆիզկուլտուրան առողջարար է։ Մենք լողը շփոթում ենք սպորտային լողի հետ։ Ցանկացած ծանրաբեռնվածություն կարող է հանգեցնել հիվանդությունների սրացման, բայց չպետք է վախենալ ու չտանել։ Շատ լավ է, եթե երեխան զբաղվում է լողով, ավելին՝ կազդուրվում է։ ԽՍՀՄ տարիներին 8։30-ին լինում էինք դպրոցում, մինչև դասը շարվում էինք, կատարում ֆիզիկական վարժություններ։ Ավելին, դասի ընթացքում, երբ զգում էին, որ երեխաների ուշադրությունը կորել էր, 3 րոպե կտրում էին դասից, կատարում ֆիզիկական վարժություններ ու թարմ ուժերով շարունակում դասը։
– Երեխաները, որոնք պարբերաբար հիվանդանում են, ծնողները տարբեր ցավը մեղմացնող դեղեր են տալիս՝ «Իբուպրոֆեն» և այլն։ Այդպես կարելի՞ է։
– Չի խրախուսվում, ծնողի ինքնագործունեության արդյունքում՝ ցանկացած դեղորայք տալ երեխային։ Ի վերջո, կան պոլիկլինիկաներ։ Պետք է դիմեն տեղամասային մանկաբույժին, ԼՕՌ բժշկին։ Առաջնային օղակը շրջանցում են, ամբողջ գիշեր ինչ դեղ ուզում՝ տալիս են, լույսը բացվում է, վազում են հիվանդանոց, մոտենում այն բժշկին, ով ամեն օր ունի 4-5 վիրահատություն, կտրում աշխատանքից, որ կատարի առաջնային օղակի բժշկի գործը։ Պոլիկլինիկայում բժիշկը մնում է անգործ, այստեղ գերծանրաբեռնվում է։ Ու երբ հարցնում ես, թե գիշերն ինչո՞ւ չեն դիմել բժշկի, պատասխանում են՝ «Իբուպրոֆեն» եմ տվել։
Ժողովուրդ, ցանկացած ջերմիջեցնող դեղորայք ազդում է ստամոքսի լորձաթաղանթի վրա, մի՛ չարաշահեք, որովհետև վաղը ձեր երեխաները հիվանդանալու են գաստրիտով ու ասելու են՝ վայ, ինչո՞ւ խոց առաջացավ։
Երեխան վիրուս է վերցրել, ջերմում է՝ անտիբիոտիկ են տալիս, այն դեպքում, որ այսօր բժիշկները հինգ անգամ մտածում են՝ նշանակե՞ն, թե՞ ոչ։
Հարգելի՛ ծնող, անտիբիոտիկ պետք է նշանակել հակավիրուսային բուժումից 4-5 օր հետո, եթե մարդու մոտ առաջացել են բորբոքային խնդիրներ՝ թոքաբորբ և այլն։
– Դեռ դեղին չհասած՝ տարբեր յուղեր են օգտագործում՝ արևածաղկի, չիչխանի․․․
– Դրանք եթե չօգնեն՝ չեն վնասի։ Բայց այն, որ այս և այլ յուղերի օգտագործումից նշիկները կարող են լավանալ՝ նման բան չկա։
– Երբեմն ծնողները «բինտով» մաքրում են երեխաների կոկորդը։ Ի՞նչ վնասներ կարող են լինել։
– Դա ամենավտանգավոր գործողությունն է։ Կարող է պոկվել ինչ-որ թրոմբ, գնալ դեպի ուղեղ, և առաջանա ինսուլտ։ Բերանի խոռոչում՝ շրթունքների ծալքից վերև, ցանկացած ֆիզիկական գործողություն՝ սկսած դեմքի վրայի պզուկները սեղմելուց, վերջացրած նշիկներով, վտանգավոր են։
– Ի՞նչ են նշիկների վրայի սպիտակ գնդիկները։
– Կաթնաշոռի նմանվող մասսան է, որոնք սուր բորբոքման ժամանակ դառնում են թարախային, իսկ առողջանալուց հետո այդպես մնում են։ Քրոնիկ տոնզիլիտի վիզուալ ցուցանիշներից մեկը հենց այդ գնդիկներն են, որոնց դեպքում բժիշկն ասում է, որ այստեղ հեռացման ենթակա նշիկներ են։
– Մեծերի և փոքրերի դեպքում վիրահատությունը նույն ձևո՞վ է արվում։
– Տարիքային վիրահատության ձևեր, մոտեցումներ չկան։ Հիմա հիմնականում վիրահատում ենք ընդհանուր անզգայացմամբ, ու այստեղ նշիկը հյուսվածքներից անջատող դանակների խնդիրն է։ Օգտագործում ենք ուլտրաձայնային հարմոնիկ դանակներ։
– Եթե փոքր տարիքից ունեցել են խնդիր և չեն վիրահատել, մեծ տարիքում լուրջ խնդիրների առջև՞ են կանգնելու։
– Այո։ Եթե հաճախակի հիվանդացել է քրոնիկ տոնզիլիտով և չի բուժվել, ապա տարիների ընթացքում առաջանում են սրտային, հոդային բարդություններ։ Նպատակահարմար է վիրահատել այն ժամանակ, երբ կան հստակ ցուցումներ։ Տարիքային նպատակահարմարություն չկա։
– Պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ ծնողները ցուցման դեպքում հրաժարվել են վիրահատել երեխային։
– Եղել է դեպք, որ ես եմ հրաժարվել վիրահատել, քանի որ վիրահատության ցուցում չկար, բայց տարել ուրիշ տեղ՝ վիրահատել էին։ Փոքր տարիքում շատ են հիվանդանում, բայց պետք է հասկանալ՝ Մարշալի սինդրո՞մ է, թե՞ քրոնիկ տոնզիլիտ։ Առաջինի դեպքում կոնսերվատիվ բուժումներով բավարարվում ենք, երկրորդի դեպքում՝ վիրահատում։
– Ի՞նչ է Մարշալի սինդրոմը։
– Գենետիկ սինդրոմ է, որը բերում է նմանատիպ կլինիկայի և նշիկների ախտահարման ու հաճախ շփոթում են քրոնիկ տոնզիլիտի հետ։ Այն ախտորոշվում է՝ գենետիկ հետազոտության պատասխանը ստանալուց հետո։
– Անգինան և տոնզիլիտը կապ ունե՞ն իրար հետ։
– Անգինան սուր, իսկ տոնզիլիտը՝ քրոնիկ բորբոքումն է։ Նշիկներն անգլերենում կոչվում են «տոնզիլ»։ Չենք ասում՝ քրոնիկ և սուր անգինա։ Ասում ենք՝ քրոնիկ տոնզիլիտ։