«Այդ տղան գոնե մեկ անգամ խոսե՞լ է մեր զոհերի մասին, խոսե՞լ է, որ տուն կա՝ երեք զոհ է ունեցել. հեծնել են իշխանության ու երկիրը վարի են տալիս». Սամվել Թադևոսյան
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ պետք է դադարեն սրբադասել բանակը, որովհետև, ըստ նրա՝ սրբագործումը կուրացնում է ու չի թողնում իմանալ անելիքը։
«Այդ սրբագործման արդյունքում մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ դե լավ, բանակը կլուծի, մեր զինվորը, իրա ցավը տանե՜մ, իրա ցավը տանե՜մ, կուչ եկած, սառած, կանի ինքը։ Կանի ինքը, բոլորի դեմը կկռվի, գիտեք՝ ինքը ում սերունդն է, ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հես ա այստեղից տալու է, դուրս գա Մադագասկար կղզի։ Դե չմտածեք, որ մենք բանակը սիրում ենք, դրա համար ենք անում, մենք անում ենք, որ գցեք իր վրա, այդ խեղճ ու կրակ զինվորի վրա։
Ասում եք՝ հերոսներին նսեմացրել ենք, ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, թե՞ ինչ ուզում՝ անում էին, բառիս բուն իմաստով։ Սիրելի հայ ժողովուրդ, անծանոթ բաների մասի՞ն եմ խոսում, որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանում էին, ուրիշ բաների չանդրադառնամ, որ դուք դեռ տեղ ունենաք մեզ մեղադրելու պարտության ու դավաճանության և էլի շատ բաների մեջ։ Եկեք ձև տանք, թե ամեն ինչ մոռացել եք»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը, ով 90-ականներից սկսած արցախյան ամբողջ ազատամարտի ականատեսն ու վավերագրողն է եղել՝ Նիկոլ Փաշինյանի՝ հերոսների մասին արած հայտարարությունից չի զարմացել, քանի որ, նրա կարծիքով՝ Փաշինյանն ասում է այն, ինչի ցուցումը ստացել է իր «տերերից»։
«Եթե ցանկություն ու հրահանգ կա, ապա ցանկացած իդեալական բանի մեջ կարող են բիծ ու վատ բաներ գտնել։ Իսկ այդ տղան, որը նման հայտարարություն է անում՝ բացարձակապես Հայաստանի հետ կապ չունի, դրածո է, իրեն ինչ հանձնարարում են, այն էլ կատարում է։
Ավելին՝ այդ տղան այդքան խելք չունի, որ կարողանա նման ձևակերպումներ անի, կարծում եմ՝ «օգնականներն» իրեն հուշում են, թե ինչ հոգեբանական ներգործություն ունենա մասսաների վրա։ Սա ինչ եկել է իշխանության, վատ բաներ է անում՝ Արցախը հանձնեց, նախարարություններ փակեց, հիմա անցել է «Գոյ» թատրոնին։
Այս ամենը հոգեբանական ազդակներ են՝ գեներալին, գնդապետին, սերժանտին դարձնելու հակահայ, հակահերոս։ Իրենք մի հաղորդում ունեն՝ «մեր ժամանակի հերոսը», որտեղ այդ կերպարի տակ ներկայացնում են կոմպոտ սարքող կնոջ, ատաղձագործի, իհարկե, լավ է, որ մարդիկ աշխատում են, բայց մեր հերոսը զինվորն է, պայքարող զինվորը։
Հազարավոր տղաներ գնացին Արցախ, այն ազատագրեցին, ու նրանցից շատերին դագաղներով հետ բերեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Թադևոսյանը։
«Ավտոմատով մտնում էին տները, մարդկանց ունեցվածքը բաժան-բաժան անում»՝ Փաշինյանի անհասցե մեղադրանքներին ի պատասխան, ռեժիսորը հեգնեց՝ ասելով՝ ուզո՞ւմ են ֆանտազիայիս զոռ տալով՝ այնպիսի բաներ ասեմ, որ ապշեն։
«Բայց այդ տղան գոնե մեկ անգամ խոսե՞լ է մեր զոհերի մասին, խոսե՞լ է, որ տուն կա՝ երեք զոհ է ունեցել՝ հայրը և երկու անչափահաս տղաները։ Նա կարո՞ղ է նման վեհ բաներից խոսել, իհարկե չի կարող ու սա անում է, որ մեզ դեգրադացնի, բարոյալքի։
Ի դեպ, հոր և երկու անչափահաս որդիների զոհվելու մասին ֆիլմը նախապատրաստական փուլում է։
5 հազարից ավելի երեխու զոհեց, հիմա հեծանիվ է քշում, հետն էլ ասում է. «ձեզ ի՞նչ է խանգարում իմ հեծանիվ քշելը», սա չի հասկանում, որ մենք հասկանում ենք։ Իրեն թվում է, թե այս հասարակությանը վերջնականապես թմբիրի մեջ է գցել, բայց՝ ոչ։ Երբ երկրում օրհասական վիճակ է, և երկրիդ ղեկավարը հեծանիվ է քշում, այստեղ արդեն անբարո բան կա։
Կարդացեք Չեխովի «Շշպռեց» գործը, նա այդ հերոսն է, մի խոսք կա, ասում է՝ «իրեն գժի տեղ է դրել ու վանքի հավերն է ուտում», բայց սա խելագար չէ, այն, ինչ իրեն խոստացել են, նա ամեն ինչ անում է դա ստանալու համար։ Դրան զուգահեռ՝ կինն էլ նոյեմբերի 9-ին հայ ազգի ողբերգության օրը գնում է Զամբիա կամ չգիտեմ՝ ուր, այս ամենը պաթոլոգիա է արդեն»,- հավելեց Ս. Թադևոսյանը։
Շարունակելով միտքը՝ Սամվել Թադևոսյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է «շշպռելով հայ ազգի հախից գալ», բայց մարդ, ով չունի բարձրագույն կրթություն, ի՞նչ կարող է անել։
«Այս մարդիկ հեծնել են իշխանության ու երկիրը վարի են տալիս, հերքում են պատմական հայրենիքը, սա կարող է միայն թուրքն անել։ Միշտ հիշեք, հայը միշտ իր սեփական տականքի ձեռքից է տուժել, բայց պիտի համախմբվենք կարևոր գաղափարի շուրջ ու այս մարդկանց ուղարկենք իրենց հարազատ երկրներ, գնան, ինչ ուզում են՝ անեն, մենք էլ շառ ու փորձանքից հեռու կմնանք»,- եզրափակեց Սամվել Թադևոսյանը։