Արտաքին ստրկության ներքին դոմինանտությունը

Հայաստանի իշխանական համակարգի անդամների մասնակցությամբ ցանկացած հրապարակային միջոցառում մարդկային ամենացածր որակների ցուցադրության ներկայացում է։ Ամեն շաբաթ հասարակությունը տեսնում է կառավարության նիստի ընթացքում իրենց ղեկավարի առջև, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով՝ խոնարհվող, անգամ տիեզերական անհեթեթություններին գլխով ու դիմախաղով համաձայնող նախարարների ու այլ պաշտոնյաների։

Այլ պարբերականությամբ քաղաքացիները տեսնում ու լսում են նվաստացման նույն տեսարանների խորհրդարանական տարբերակը, հատկապես կառավարության ղեկավարի ու անդամների մասնակցությամբ նիստերը, երբ ընտրողներից առաջնային մանդատ ստացած ու վարչապետ ընտրած պատգամավորները հնազանդության ծեսեր են բեմադրում իրենց ընտրյալի համար։

Խնդիրը, սակայն, էսթետիկական նողկանքը չէ, որ ապրվում է 21-րդ դարում վասալային հնազանդության այդ տեսարաններից, երբ ուղիղ կամ մոնտաժված եթերներում մարդիկ ականատես են լինում ստորաքարշության, քծնանքի, անողնաշարության կոլեկտիվ օրգիաներին։ Շատ ավելի կարևոր է այդպիսի որակներ ունեցող քաղաքական ու բյուրոկրատական էլիտայի անհամատեղելիությունը պետության առջև ծառացած խնդիրների, իրենց իսկ հռչակած նպատակների հետ։

Ինքնիշխանությունը, անկախությունն ու ազատությունը գործող իշխանությունը հռչակել է՝ որպես իր գործունեության առաջնահերթություն ու ուղենիշ։ «Ինչ անում ենք, ինքնիշխանության ու ազատության համար ենք անում»,- մոտավորապես սա է այն փաստարկը, որով այս իշխանությունն արդարացնում է իր գործողությունների արդյունքում պետությանը պատուհասած բոլոր աղետները։

Կարդացեք նաև

Ահա այդ նույն իշխանությունը, սակայն, գրեթե ամբողջությամբ բաղկացած է սեփական տեսակետ, կարծիք, դիրքորոշում չունեցող կամ դրանք արտահայտելու համարձակությունից զուրկ, հանուն իրենց պաշտոնների ստորանալու պատրաստ, հարյուր տոկոսով մեկ անձի կամքից կախված տասնյակ, հարյուրավոր պաշտոնյաներից, որոնք օր ու գիշեր աշխատում են Հայաստանի «ինքնիշխանության, ազատության ու անկախության» համար։ Այսինքն՝ ներքուստ ծառայամիտ, անինքնուրույն ու կախյալ մարդիկ՝ հոգեբանական ստրկության պայմաններում, զբաղված են պետության անկախությունն ու ազատությունն ամրապնդելու գործով, ինչը ոչ միայն հնարավոր չէ, այլ նոնսենս է ըստ սահմանման։

Անինքնություն ստրուկները չեն կարող կերտել այլոց ինքնիշխանությունն ու ազատությունը, ինչպես որ կախյալներն են անկարող անկախության ամրապնդման գործում։ Այս երևույթը որևէ կապ չունի քաղաքական միակարծության, թիմային համախմբվածության, կուսակցական հավատարմության ստանդարտ հասկացությունների հետ, որով ազատության նվիրյալ ստրուկները կարող են արդարացնել իրենց ծառայամտությունը։

Բայց խնդիրը նրանց արդարացումը չէ, այլ այն, որ մեկ անձի պաշտող էլիտայի ձեռքում հայտնված պետությունն ամեն օրվա հետ նմանվում է դրա կառավարիչներին՝ անազատ, զուրկ ինքնուրույնությունից ու ինքնիշխանությունից և կախյալ բոլոր նրանցից, ումից կախվածության շնորհիվ «և այդ մեկ մարդը» սեփական արտաքին ստրկությունը սուբլիմացնում է ներքին դոմինանտության։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս