«Ասեմ՝ ինչի մասին է եղել մեր խոսակցությունը». Նիկոլ Փաշինյան
«ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը համարում եմ կարևոր, որովհետև այնտեղի շփումների շրջանակը շատ ավելի լայն է, որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ։
Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել իմ և ընդլայնված կազմով Ադրբեջանի նախագահի հետ շփումների վերաբերյալ»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և Ալիևի հետ զրույցին։
Նա ընդգծեց՝ Ալիևի հետ վաղուց կամ առհասարակ նման երկար շփում չէր ունեցել։
«Մի քիչ էլ կոռեկտության խնդիր կար, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք մտքեր էինք փոխանակում։ Շատ կարևոր զրույց տեղի ունեցավ, քանի որ արդեն բարձրացել եմ այս ամբիոնի մոտ, հնարավորության սահմաններում ասեմ, թե ինչի մասին է եղել զրույցը։
Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից այն է, որ միտք է հնչել, և ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք, այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարևոր հարցն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, անձամբ նշված ռազմավարական գործարքի վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ, որը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա։
«Այս տեսանկյունից այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում, որը պետք է ունենա քաղաքական դրսևորումներ, բայց պետք էլ չէ ակնկալել, որ նման խոսակցություններն ինքնաբերաբար քաղաքական դրսևորումներ ունենալու են։
Այն, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի տեսքի համաձայնեցմանը, Արարատ Միրզոյանն արդեն ասել է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում