Այաթոլլա Ալի Խամենեին արգելել է, սակայն Թրամփը դիվանագիտական պայմանավորվածության սցենար է պատրաստում
The Wall Street Journal պարբերականում տեղեկատվության արտահոսք է կազմակերպվել՝ ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության նշաններով։ Նշվում է, որ Թրամփը, «չնայած փոխադարձ թշնամանքին», պատրաստում է Իրանի հետ դիվանագիտական պայմանավորվածության սցենարը «գործարքի» մակարդակով և մտադիր է այն իրականացնել մինչև 2025 թվականի հունվարի վերջին նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելը:
Ընդ որում, ըստ պարբերականի, նա մտադիր է ճնշում գործադրել Իրանի վրա պատժամիջոցների ուժեղացման միջոցով, սահմանափակել նրա նավթի վաճառքը «կոշտ ռազմավարության» շրջանակներում, որն ուղղված է այն բանին, որպեսզի խաթարի այն աջակցությունը, որն «Իրանը ցուցաբերում է Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին»:
Թրամփի ավագ խորհրդականներից Մայք Էվանսը պնդում է․ խոսքը «մինչև երդմնակալություն գործողությունների ռազմավարության մասին է», այն է ՝ «Իսրայելին հնարավորություն տալ ավարտել աշխատանքը տարածաշրջանում առաջիկա 8 շաբաթների ընթացքում»՝ նկատի ունենալով Գազայի և Լիբանանի պատերազմները:
Նշենք նաև, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին օրեր առաջ հայտարարել էր․
«Եթե նախկինում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մտադիր էր բանակցություններ վարել ԱՄՆ-ի վարչակարգի հետ, ապա Թրամփի վարչակազմի հետ բանակցություններ երբեք չեն լինի։ Դրա համար մենք բանակցություններ չենք վարում, և դա արգելված է։ Բոլորը պետք է դա իմանան»:
Բոլոր հատկանիշներով այս հայտարարությունն ունի հասցեական բնույթ, որն արվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իրանական քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ փորձագիտական եզրակացությունների խորապատկերին:
Ըստ ամենայնի՝ Թեհրանը մտադիր էր բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, բայց միայն ընտրություններում Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում:
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահը խոսել է Արևմուտքի հետ բանկցությունների վերսկսման հնարավորության մասին, իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հավաստիացրել է․ «Ի տարբերություն Իսրայելի՝ Իսլամական Հանրապետությունն էսկալացիայի չի ձգտում», ինչն ընկալվել է՝ որպես Թրամփի հետ երկխոսության հնարավորության ակնարկ: Սակայն Խամենեիի վերոնշյալ հայտարարությունը ջնջել է հնարավոր բանակցությունների հեռանկարը։
Հրապարակման պատրաստեց՝ Գ.Մ.-ն



