Քավոր-սանիկ ամբողջությամբ կվերահսկեն Սննդի անվտանգության ոլորտը. Ո՞վ է ՍԱՊԾ ղեկավարի հավանական թեկնածուն
Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Հայրապետյանը: Տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեսչական մարմինների աշխատանքներն է համակարգում, դեռ Գեորգի Ավետիսյանի պաշտոնանկությունից հետո ցանկանում էր այդ պաշտոնում նշանակել իր մտերիմ Արմեն Դանիելյանին՝ տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալին, սակայն Փաշինյանը Հայրապետյանին է նշանակել։
168.am-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ Փաշինյանին տեղեկացրել են, որ Արմեն Դանիելյանը կոռուպցիոն համաձայնություններ կարող է ձեռք բերել Ստանդարտացման ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի հետ, ում հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունի:
Սակայն հիմա, թերևս, իրավիճակ է փոխվել, և ըստ ամենայնի հենց Արմեն Դանիելյանն էլ վաղը կնշանակվի ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում:
Նշենք, որ ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է հաստատվի կառավարման խորհրդի նիստում: Ի սկզբանե նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 7-ին, սակայն այն տեղափոխվել էր նոյեմբերի 8-ին:
Երեկ սակայն MediaHub-ը գրել է, որ նիստը տեղի է ունեցել օնլայն ձևաչափով, որի ժամանակ էլ Հայրապետյանի հրաժարականը հրատապ կարգով ընդունվել է: Սա հավանաբար արվել է այն նպատակով, որ խորհրդի նիստում՝ նոյեմբերի 8-ին, արդեն իսկ ներկայացվի ՍԱՏՄ ղեկավարի թեկնածուն:
Նկատենք, որ երկու տարվա մեջ ՍԱՏՄ արդեն 2-րդ տնօրենն է փոխվում, և կրկին ըստ մամուլի հրապարակումերի՝ հենց Արմեն Դանիելյանն է ՍԱՏՄ արդեն նախկին տնօրեն Արմեն Հարությունյանի դեմ խարդավանքներ հյուսողը՝ ինչպես արդեն հասկանալի է, վերջինիս պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշենք նաև, որ, ինչպես արդեն նշեցինք, ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն՝ Արմեն Դանիելյանը, ու Ստանդարտացման ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, 168.am-ի տեղեկություններով, շատ մտերիմ են, միմյանց հետ բարեկամական՝ քավոր-սանիկական հարաբերություններ մեջ են գտնվում:
Իսկ թե կոռուպցիոն ինչ ռիսկերով է հղի ՍԱՏՄ ղեկավար-Ստանդարտացման ազգային ինստիտուտի տնօրեն մտերմությունը, ավելին՝ բարեկամական կապը, կարծում ենք, երկար բացատրել պետք չէ:
Իսկ կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանը կամ Արայիկ Հարությունյանը, ով հովանավորում է Արմեն Դանիելյանին, բացառել, որ Դանիելյան-Բաբայան զույգը չի զբաղվելու հովանավորչությամբ կամ թայֆաբազությամբ, այս կամ այն լաբորատորիայից իրենց ուզած փաստաթուղթը չի ստանալու ու ազդեցություն չի գործելու սննդի անվտանգության ոլորտի վրա…
Պասերով փող աշխատելու սխեմայի համար, ինչպես ասում են, ամեն բան ապահովված է: