Կառավարությունը՝ տգիտության ու բյուջետային թակարդում․ ինչպես չծախսել 750 մլն դոլար
Կառավարությունը հայտնվել է բյուջետային թակարդում. ո՛չ եկամուտներ է կարողանում հավաքել, ոչ էլ ծախսերն է կարողանում ժամանակին կատարել։ Թերակատարվել են բյուջեի՝ ինչպես եկամուտները, այնպես էլ՝ ծախսերը։
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով, 9 ամսվա պլանի համեմատ՝ եկամուտները թերակատարվել են 6,4 տոկոսով, ծախսերը՝ 17 տոկոսով։
128 մլրդ դրամի եկամուտներ չեն ստացվել, 289 մլրդ դրամի ծախսեր չեն կատարվել։
Թերակատարվել են հատկապես հարկային եկամուտները։ Անգամ հարկատուներին քերելու գնով, չեն կարողացել բյուջեի նախատեսված մուտքերն ապահովել։ Հարկային եկամուտների թերակատարումը հասնում է 7,8 տոկոսի։ Պլանի համեմատ՝ 149,8 մլրդ դրամի պակաս հարկ են հավաքել։
Նախատեսել էին 9 ամսում հավաքել 1 տրիլիոն 917 մլրդ դրամ, կարողացել են հավաքել 1 տրիլիոն 767,2 մլրդ դրամ։
Նվազել են հատկապես ավելացված արժեքի հարկի մուտքերը։ Նախորդ տարվանից ավելի քիչ ԱԱՀ են հավաքել։ Կրճատվել են գերազանցապես ներմուծումից գանձվող մուտքերը։ Ու դա այն պարագայում, որ ներմուծումն այդ ժամանակահատվածում 54 տոկոսով ավելացել է։ Ինն ամսում 13 մլրդ դոլարից ավելի ներմուծում է եղել։ Նախորդ տարի 8,5 միլիարդ էր։
Ներմուծումը 4,5 մլրդ դրամով ավելացել է, բայց ներմուծումից գանձվող ԱԱՀ-ն գրեթե 20 տոկոսով կրճատվել է։ Շուրջ 72 մլրդ դրամով պակաս մուտք է եղել։
Թվում է, թե սրանում տրամաբանություն չկա, որովհետև ներմուծման ԱԱՀ մուտքերն ուղիղ կապ ունեն ներմուծումների ծավալների հետ։ Բայց փաստն այն է, որ ներմուծման ավելի քան 54 տոկոս աճի պայմաններում ներմուծումից բյուջեի գանձվող ԱԱՀ մուտքերը շուրջ 20 տոկոսով նվազել են։
Չնայած ենթաակցիզային ապրանքների հարկային բեռի ամենամյա բարձրացումներին, գրեթե չեն ավելացել նաև ակցիզային հարկի մուտքերը ու կրկին առաջին հերթին՝ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մասով։
Փաստացի աճել են եկամտային հարկի մուտքերը, բայց դա հիմնականում վիճակագրական աճ է և մեծամասամբ կապված է հիփոթեքային վարկերի գծով վերադարձվող եկամտային հարկի գումարները բյուջեի ցուցանիշներում ներառելու հետ։ Միայն դրա հաշվին մուտքերը շուրջ 50 միլիարդով արհեստական աճ են տվել։
Հարկերի հավաքագրման ընդհանուր պատկերն այն է, որ նախատեսվածի համեմատ չափազանց մեծ շեղում է առաջացել մուտքերում։ Սա շատ վատ երևույթ է, որին վերջին շրջանում իշխանությունը սկսել է ավելի հաճախակի բախվել։ Նման մի իրավիճակ առաջացավ 2020թ., երբ ստիպված եղան նույն տարվա ընթացքում երկու անգամ բյուջեի սեկվեստոր անել, ինչը երբևէ չլսված բան էր բյուջեների պատմության մեջ։
Նախորդ տարի էլ բախվեցին բյուջեի հարկային եկամուտների թերակատարման հետ. Ճշգրտված պլանի համեմատ մի քանի միլիարդով պակաս հարկեր հավաքվեցին։
Արդեն այս տարվա 9 ամիսների տվյալներով, ունենք, անվանական արժեքով, աննախադեպ մեծության հարկային մուտքերի բաց, և դեռ հայտնի չէ, թե մինչև տարեվերջ այն ուր կհասնի։
Բյուջեի եկամուտների թերակատարումն ուղեկցվել է ծախսերի թերակատարմամբ։ Ընդ որում՝ այս դեպքում թերակատարումն ավելի մեծ է։ Ինն ամսում ավելի քան 289 մլրդ դրամի պլանավորված ծախսեր չեն կարողացել իրականացնել։ Խոսքը շուրջ 750 մլն դոլարի հասնող ծախսերի մասին է, որոնք նախատեսել էին իրականացրել, բայց ձախողել են։
Թե դրա հետևանքով ինչքա՞ն վնասներ են հասցրել տնտեսությանը, այդ մասին չեն էլ խոսում։ Բայց դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի տնտեսության համար ինչպիսի մեծ գումար է 750 մլն դոլարը։ Նախատեսված ծախսերը չեն կատարել, գումարները բանկերում ավանդ են դրել։ Երբեմն էլ ավելի թանկ գնով պարտքեր են վերցրել, որպեսզի բյուջետային ծրագրերը ֆինանսավորեն, տարել են բանկերում ավելի ցածր տոկոսներով ավանդադրել են ու պետությանը կրկնակի վնաս հասցրել։
Այսպես էլ վեց տարում չսովորեցին բյուջեն նորմալ կառավարել։ Ծախսերը չեն կարողանում ժամանակին կատարել, մի բան էլ հավելյալ պարտքեր են վերցնում ու թողնում պետության վրա։
Թերակատարվել են՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ, որը շատ ավելի վատ է՝ կապիտալ ծախսերը։ Կապիտալ ծախսերի թերակատարման տարիներ շարունակ առկա «խրոնիկ հիվանդությունը» շարունակում է պահպանվել։
Չկատարված 289 միլիարդից ավելի քան 124 միլիարդը կամ 320 մլն դոլարը բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։
Ինն ամսում պլանավորել են իրականացնել 427 մլրդ դրամի կապիտալ ծախս, արել են 303 միլիարդի. 30 տոկոսով պակաս, քան նախատեսել են։
«Շեղումը հիմնականում արձանագրվել է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Ճանապարհային ցանցի բարելավում», «Ոռոգման համակարգի առողջացում» և «Քաղաքային զարգացում» ծրագրերում»,- բյուջեի կատարման իննամսյա հաշվետվության մեջ արձանագրել է ֆինանսների նախարարությունը։
Ձախողել են ոչ միայն կապիտալ ծախսերը, այլև արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերը։ Դրանց կատարողականը կազմել է ընդամենը 60,4 տոկոս։ Նախատեսել են իրականացնել 76,3 մլրդ դրամի նպատակային ծրագրեր, իրականացրել են 46,1 միլիարդի՝ 30,2 միլիարդով պակաս, քան նախատեսել էին։ Նպատակային ծրագրերի թերակատարումը հասնում է գրեթե 40 տոկոսի։
Առանձին դեպքերում արձանագրվել է խայտառակ ցածր կատարողական։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ իրականացվող ծրագրերի թերակատարումը 9 ամսում կազմել է գրեթե 84 տոկոս, Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ ավելի քան 64 տոկոս, Համաշխարհային բանկի հետ՝ 37 տոկոս։ 13 մլրդ դրամի նպատակային ծրագրեր էլ նախատեսել են այլ վարկառուների հետ, որի կատարողականը զրո տոկոս է։ Ոչինչ չեն արել։
Օտարերկրյա պետությունների հետ համագործակցության շրջանակներում Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի հետ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականը կազմել է ընդամենը 16,9 տոկոս։
Այսպիսին է այս տարվա բյուջետային իրավիճակը, ու դա վկայում է, որ բյուջեն խնդիրների պակաս չունի։ Պետական միջոցների՝ ինչպես հավաքագրումը, այնպես էլ՝ կառավարումն անմխիթար վիճակում է։ Տարիներ շարունակ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև նորերն են կուտակվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ