Այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունեցել. Պապոյան
Այս տարի Հայաստանում խաղողի մթերման խնդիր չի եղել։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս տարի մենք խաղողի մթերման խնդիր չենք ունեցել, և սա այն դեպքում, երբ 5000 տոննա ավել խաղող ենք մթերել, քան անցած տարի»,– ասաց նա։
Նրա խոսքով` 2023 թվականի ընթացքում մթերվել է 160 հազար տոննա խաղող, այս տարի 165 հազար տոննա է եղել։ Ըստ նրա` եթե 30–40 հազար տոննա ավելի էլ լիներ, միևնույնն է` հնարավոր կլիներ մթերել։
Պապոյանն ասաց, որ այցելել է գինու ու կոնյակի բազմաթիվ ընկերություններ ու տեսել, որ նրանք նոր, ժամանակակից տակառներ ու տարաներ են ձեռք բերել, որի արդյունքում էլ արդեն կարողանում են մեծ քանակությամբ խաղող մթերել։
Նրա խոսքով` դեռ անցած տարվանից 880 հազար լիտր կոնյակի սպիրտ էր մնացել պահեստներում, որն այս տարի ամբողջությամբ վաճառվել է։