«Հուսամ, մարդիկ ուշքի կգան, ամեն ինչ կհասկանան ու հայրենիք հանձնածներին դատի կտան». Աշոտ Հարությունյան
Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանը վստահ է՝ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, հետևաբար՝ որքան էլ նա և իր իշխանությունը փորձի հակաարցախյան հայտարարություններ անել և խանգարել արցախահայերի՝ Արցախ վերադառնալու, Արցախի հարցն առաջ մղելու պահանջը, միևնույն է՝ նրանց չի հաջողվելու խանգարել գործընթացին։
«Այս իշխանությունն ու իր վարած քաղաքականությունն ամբողջովին հակասական են, 2019 թվականին հայտարարեցին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ 2020 թվականին, պատերազմում պարտություն կրելուց հետո, հայտարարեցին, թե ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։ Թեպետ պարտություն կրելը մի քիչ կասկածելի է, կարելի է ասել՝ այն Ադրբեջանին մատուցված հաղթանակ էր։
Տեսեք՝ մինչև այսօր ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հանդիպումների ժամանակ իրար հետ ջան-ջիգյարով խոսում, մարդկանց մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի դրածոն է, որովհետև հայ մարդը, հայ ղեկավարը չի կարող պաշտոնապես հայտարարել, թե Արցախը հայկական չէ։ Կրկնում եմ՝ հայ մարդը չի կարող հայտարարել, որ Արցախը նորաստեղծ Ադրբեջանի մաս է եղել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը՝ խոսելով ՀՀ իշխանությունների կողմից արցախահայերի ու Արցախի շահերից չբխող հայտարարությունների ու դրանց հետևանքների մասին։
Պատմաբանի խոսքով՝ հայոց պատմություն իմացող հայը, Հայաստանի ղեկավարը չի կարող ասել, որ Արցախը միշտ Ադրբեջանի մաս է եղել։ Ասում է՝ եթե Արցախի ու Հայաստանի պատմության վերաբերյալ հեղինակային գիրք ունենար, անպայման կնվիրեր Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և մյուս իշխանավորներին, որպեսզի կարդային, թեպետ, որպես պատմաբան, համացանցում պատմությունից մշտապես դրվագներ ներկայացնում է։
«Այս իշխանությունը հիմա ձգտում է ամեն կերպ հուսալքել ժողովրդին, մի ժողովրդի, որը պարտությունից հետո շշմած վիճակում է։ Հասկանալի է, ժողովրդին որոշ ժամանակ է պետք այս իրավիճակից դուրս գալու համար, բայց ցանկացած երկրի իշխանություն, որը պարտվում է, իր պարտվողական քաղաքականությունը չի շարունակում, քաղաքականության տրամաբանությունը փոխում է։ Իր ժողովրդին ոտքի է կանգնեցնում ու պատրաստվում է հաջորդ ռաունդին։ Ավելին՝ մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ թշնամուն տարածքներ նվիրելով՝ չես կարող խաղաղ ապրել, նման կերպ մտածող մարդիկ պետք է հուգեբուժարան գնան»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Աշոտ Հարությունյանի, Արցախ վերադառնալու պայքարը, որը սկսել են, վաղը կամ մյուս օրն արդյունք չի տալու, արդյունք տալու համար երկար ժամանակ է պահանջվելու, և այդ գաղափարը պետք է դառնա լայն զանգվածների գաղափարը։
«Ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ մեր Արցախը հետ ենք վերադարձնելու, պարտությունն ընդամենը ժամանակավոր է։ Պարտությունն այն է, որ մենք արհամարհել ենք մեր թշնամուն, երկրի ղեկին դրել ենք մի մարդու, որը հայրենասեր ու հայամետ չէ, ով եկել է զուտ երկիր հանձնելու համար։ Այս մարդկանց դեմ պայքարելու միակ ձևն այն է, որ ժողովուրդն աստիճանաբար ուշքի գալուց հետո ինքն իրեն հարց տա՝ արդյո՞ք կենդանական աշխարհից է, որ միայն սննդի մասին է մտածում, թե՞ սովորական ժողովուրդ, որն իրավունք ունի հայրենիք ունենալու։
Ժամանակին այս իշխանություններին առաջարկել եմ, որ Երևանին մոտ մեզ մի բնակավայր տան, մենք աշխատենք, ապրենք, Արցախն էլ կազատագրենք։ Չհամաձայնեցին, վախենում են մեր ծրագրից, գիտեն, որ ոտքի կանգնեցինք՝ Արցախն ազատագրելու ենք»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Նա նաև հավելեց՝ Արցախ վերադառնալը ոչ միայն արցախահայերի, այլև ամբողջ հայ ազգի համար պետք է լինի նպատակ։
«Այսօր Հայաստանում գիտակից զանգված կա, որը մտածում է, որ եթե Արցախ վերադարձնելը չլինի համազգային նպատակ, վաղը-մյուս օրն էլ կարող է Հայաստանը կորցնենք։ Քայլերը, որոնք արվեցին Արցախում, հետո այն հանձնեցին, նույն քայլերն արվում են նաև այստեղ։ Հուսամ, մարդիկ ուշքի կգան, կհասկանան ամեն ինչ ու հայրենիք հանձնածներին դատի կտան։ Իսկ մեր Արցախ վերադառնալու հետ կապված՝ մենք ունենք մեր պատկերացումներն ու ծրագրերը, որոնք չպետք է բարձրաձայնենք, որովհետև թշնամին մեզ ավելի լավ է լսում, քան այսօրվա մեր կառավարիչները»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։