«Այդ կառույցում ինչի՞ համար են նստել, ուղղակի հարմար ու փափուկ տե՞ղ է. այսօր արքա են, թող մտածեն՝ վաղն «արա» չդառնան». Անահիտ Ադոյան
Օրերս ԱԺ-ում լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին՝ գերիների, անհետ կորածների հարցով հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում տեղի ունենա ադրբեջանական կողմի հետ, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասաց՝ հանդիպում չի եղել, բայց նախատեսվում է։
«Շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է անհետ կորածների թվին, նա ասաց, որ թվեր չի հնչեցնի։
«Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում՝ հանձնաժողովների կազմով։ Կոնկրետ հանդիպման վայր նշված չէ, եկեք արդյունքների մասով չշտապենք, հայտարարություն անենք, եթե նմանատիպ իրավիճակ լինի, կտեղեկացնենք»,- ասել էր Արմեն Աբազյանը։
«Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայողներից մեկի՝ Վարդան Ադոյանի մայրը՝ տիկին Անահիտ Ադոյանն արդեն իշխանություններից որևէ ակնկալիք չունի, քանի որ, եթե իշխանությունը ցանկանար, իրենց որդիներին կվերադարձներ հայրենիք։
«Ասում են՝ հանդիպում ենք, չենք հանդիպում, ընդհանուր առմամբ ինձ մեկ է՝ իրենք կհանդիպե՞ն, թե՞ ոչ։ Այդ կառույցում որ նստել են, ինչի՞ համար են նստել, ուղղակի հարմար ու փափուկ տե՞ղ է։
Մեր շփումները տարբեր գերատեսչությունների հետ հաճախ է լինում, սակայն որևէ մեկը ստույգ որևէ բան չի ասում, կա՛մ չեն կարողանում, կա՛մ թույլ չեն տալիս, որ ասեն։ Մենք չգիտենք՝ ի՞նչն է խնդիրը, եթե իրենք ցանկություն ունենային, այս 4 տարվա ընթացքում գոնե մեկ տղայի կվերադարձնեին հայրենիք։ Ինչո՞ւ, մենք, դուք, իրենք չգիտե՞ն, որ շատ անհետ կորածներ՝ անհետ կորածներ չեն, իրենք Ադրբեջանում ու ցանկացած տեղում կարող են լինել, այս անիծված աշխարհում որտե՞ղ կարող են չլինել։ Մենք՝ ծնողներս, ամեն ինչին վարդագույն ակնոցով չենք նայում, ոչ էլ ջայլամի նման գլուխներս մտցրել ենք հողի տակ՝ մտածելով, որ ոչինչ չենք տեսնում, ամեն ինչ էլ տեսնում ենք, լսում ենք, ու գիտենք՝ ինչ է»,- 168.am–ի զրույցում նշեց Անահիտ Ադոյանը։
Տիկին Անահիտն ասում է՝ տղաներին այլևս չի ցանկանում համարել անհետ կորած, քանի որ բոլորի գտնվելու վայրը շատ լավ հայտնի է բոլորին։
«Մեր երեխաներից ովքեր ողջ են, անհետ կորած չեն, իրենք գաղտնի պահվող անձինք են»,- ասաց Անահիտ Ադոյանը։
Նա չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո հարցը կլուծվի։ Ասում է՝ գերիների վերադարձ, որոշ իմաստով, հնարավոր է այդ փաստաթղթի ստորագրումից հետո, բայց արդյո՞ք Ադրբեջանը կտա նաև գաղտնի պահվող անձանց՝ մեծ հարց է։
Հարցին՝ Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, նրա հետ հանդիպե՞լ են, արդյոք հետաքրքրվե՞լ են՝ Ալիևի հետ տարբեր հանդիպումների ընթացքում անհետ կորածների հարցը բարձրացնո՞ւմ է, Անահիտ Ադոյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ դեռևս մեկ տարի առաջ անհետ կորածների ծնողներով փակել էին Բաղրամյան-Պռոշյան փողոցները, պահանջելով, որպեսզի Փաշինյանը, որն այդ ժամանակ Բաղրամյան 26 էր տեղափոխվել, ընդունի իրենց՝ գոնե 5 րոպեով։
«Նա մեր այդ բողոքին ու պահանջին որևէ կերպ չարձագանքեց, իր աշխատակազմից գոնե մեկ մարդ չգտնվեց, որ գար, մեր հարցերին պատասխաներ։ Առհասարակ ո՞վ է Փաշինյանը, որ իր հետ հանդիպեմ, նա կատարածու է։ Եթե իրենք այդքան սրբություն ունենային, Աստծուց վախենային, չէին ընկնի այդքան անեծքի տակ։ Այսօր մարդը որ մի բան է անում, մտածում է՝ եթե ինքը չէ, բայց իր երեխան պատասխան կտա, բա իրենք չե՞ն մտածում, իրենք իրենց կաշին փրկում են՝ թքած ունենալով իրենց երեխաների ու թոռների վրա։
Մենք մեր երեխաների վերադարձի հարցը գցել ենք Աստծո փեշին, մեկ է՝ իրենք ոչխարների նման բազմել են այդ աթոռներին ու պինդ կառչել են, մեր երեխաներից ոչ մեկն իրենց հետաքրքիր չէ։
Որոշ ժամանակ առաջ մենք Երևանում ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպեցինք գրասենյակի ղեկավարի հետ, նա շշմած մեր դեմքին էր նայում ու հարցնում՝ ինչո՞ւ անհետ կորածներ կան։ Այսինքն՝ եթե այս իշխանությունն այդ հարցը չի ներկայացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին, ապա ՄԱԿ-ը որտեղի՞ց պետք է տեղյակ լինի։
Ոչինչ, երկիրը կլոր է, պտտվելով՝ մի օր շատ լավ տեղ կհասնի, բումերանգի էֆեկտը կգործի։ Այսօր արքա են, թող մտածեն՝ վաղն «արա» չդառնան, ու դառնալու են»,- հավելեց մեր զրուցակիցը։
Այդուհանդերձ տիկին Անահիտը հույսը չի կորցնում, որ տղաները մի օր վերադառնալու են, ասում է՝ մեր դռանն էլ մի օր հարսանիք կլինի ու լույսը կվառվի, դհոլ, զուռնա կհնչի, այդ ժամանակ թող իշխանությունները մտածեն, թե իրենց հետ ինչ կլինի։