Բաժիններ՝

Տեղական նշանակության մարտ. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Գիտեմ, որ իմ ապաքաղաքական ցանկությունը շատ է քաղաքականացվելու, բայց ասեմ՝ Հայաստանում պետք չէ շատ հաճախ ընտրություններ անցկացնել: Որովհետև դա վեր է ածվում ինչ-որ կենաց-մահու պայքարի, չափից դուրս շատ է զբաղեցնում քաղաքացիների մտքերը և ամենակարևորը՝ իզուր թշնամացնում է մարդկանց:

Ես, օրինակ, կուզեի, որ Երևանի քաղաքապետ լիներ Վահագն Խաչատրյանը և, եթե Երևանի բնակիչ լինեի, ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Բայց ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե մնա Տարոնը կամ դառնա Օսկանյանը, կամ երկու Արմեններից մեկը: Այդ ի՞նչ մի ճակատագրական խնդիր է, որ այդպիսի չարությամբ և թույնով լցվեցին մեր հարգարժան կուսակցականները: Ընդ որում՝ բոլորը բոլորի դեմ, անկախ նրանից՝ «ռեժիմ» է, «ռեժիմ» չէ, գործընկեր է, գործընկեր չէ:

Ամենակարևոր բանը, որը կուսակցական գործիչները կարող են անել, իրար բզկտելու փոխարեն, ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աստիճանը բարձրացնելն է: Այդ առումով ինձ դուր է գալիս ԲՀԿ-ի գաղափարը՝ Երևանի բոլոր 464 տեղամասերում տեսախցիկ տեղադրելու մասին: Հրաշալի կլիներ, եթե հիմա դա տեխնիկապես հնարավոր չէ, գոնե 2017 թվականին ցանկացած մարդ Հայաստանում կամ աշխարհում, ով ունի համակարգիչ և համացանցի մուտք, կարողանա on-line հետևել, թե ինչ է տեղի ունենում տեղամասերում բացվելու պահից մինչև վերջին քվեաթերթիկի հաշվառումը, որպեսզի գոնե 70 տոկոսով բացառվեն խոսակցությունները քվեարկության նենգափոխման մասին: Խոսքը, իհարկե, կարող է լինել միայն քվեարկության մասին, որը ընտրությունների մի մասն է միայն:

Բարեբախտաբար, թե քաղաքագետների ու թե որոշ խելամիտ կուսակցականների շուրթերից վերջերս առիթ եմ ունեցել լսելու, որ պետք է պատրաստվել բուն ընտրություններին, ոչ թե հետընտրական պրոցեսներին, և հույս չդնել վերջիններիս վրա: Սակայն, ցավոք, առայժմ քարոզչության մեծ մասն ուղղված է հենց հետընտրական պրոցեսների՝ ցույցերի, բողոքների արդարացմանն ու հիմնավորմանը:

Այստեղից՝ իրար ոչնչացնելու թաքնված և բացահայտ խոստումները: Մինչդեռ ես վերջերս պարզեցի, որ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև հակասությունները չափազանցված են:

Երկուսն էլ, օրինակ, պնդում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան՝ կան խոշոր գործարարներ, որոնք իրենց ունեցվածքը վաստակել են բացառապես սեփական քրտինքով, ինտելեկտով, տաղանդով: Դե, մոտավորապես Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի նման:

Եվ մեր խոշոր գործարարները, բնականաբար, երազում են մտնել հարկային դաշտ, այսինքն՝ ոչ թե «նալոգ» տալ կոռումպացված իշխանավորներին և զբաղվել նախընտրական բարեգործությամբ, այլ դրանից մոտավորապես 10-20 անգամ ավելի մեծ գումարներ մուծել պետական բյուջե: Բայց ինչ-որ մեկը խանգարում է, որ այդ երազանքը իրականություն դառնա: Ըստ երևույթին, լրագրողները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս