Հայաստանը պետք է միանա 3 միլիարդ բնակչություն ունեցող ԲՐԻԿՍ-ին. Ռուզաննա Մալխասյան

Հայաստանն ունի բոլոր շանսերը` միանալու 3 միլիարդ բնակչություն  ընդգրկող ԲՐԻԿՍ-ին և զարգացնելու սեփական տնտեսությունը՝ այդ կառույցում գործող համաձայնագրերի շնորհիվ։

168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացված ԲՐԻԿՍ 15-րդ համագումարին Հայաստանի մասնակցության  մասին՝ նման տեսակետ հայտնեց «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը՝ ընդգծելով.

«Հայաստանը պետք է միանա 3 միլիարդ բնակչություն ունեցող ԲՐԻԿՍ-ին, ինչը հսկայական սպառման դաշտ է ստեղծում։ Հայաստանի տնտեսությունն ունի իր արտահանման պոտենցիալն ավելացնելու լուրջ հնարավորություն։ Մենք ունենք հսկայական ներուժ՝ նաև դեպի Չինաստան արտահանումներ իրականացնելու համար, ինչը, սակայն, չենք օգտագործում։

Մինչև 2018 թվականը Հայաստանը Չինաստանի հետ ունեցել է զարգացած հարաբերություններ, բայց Հայաստանն ու Չինաստանը միմյանց հետ չեն կնքել Չինաստանի հետ ազատ առևտուր անելու վերաբերյալ համաձայնագիր, մինչդեռ Չինաստանը բաց է դա հայկական կողմի հետ քննարկելու համար։ Ունենալով նման հնարավորություն՝ Հայաստանը նման քայլի չի գնում, փոխարենը՝ Չինաստանի հետ նման համաձայնագիր է ստորագրել Վրաստանը։ Այսօր վրացական խմիչքներն առանց մաքսատուրքերի արտահանվում են Չինաստան, իսկ հայկականը՝ 40 տոկոսով ավելի թանկ է՝ վճարվելիք տուրքերի հաշվին, ինչը հայկական արտադրանքը դարձնում է ոչ մրցունակ»:

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, սակայն, առաջնային  նշանակություն ունեն ճանապարհները, ինչի հարցում Հայաստանի այս իշխանությունը ստեղծում է լրջագույն ռիսկեր. օրինակ՝ Կիրանցից ճանապարհ է  հանձնում Ադրբեջանին, ավելին՝ Տիգրանաշենից ևս նույնը պատրաստվում է անել։

««Կհանձնեն, ոչինչ, այլընտրանքային կկառուցենք» ասողների համար ընդգծեմ, որ Տիգրանաշենի ներքևով կառուցվող այլընտրանքային ճանապարհը ևս վերահսկվում է ագրեսոր Ադրբեջանի կողմից, որովհետև ճանապարհները հանձնելուց հետո զուգահեռ հանձնվում են ռազմավարական նշանակության դիրքեր»,- խնդիրները մատնանշեց Մալխասյանը՝ ընդգծելով՝ Հայաստանն իրականում այս տարբերակով գնում է ոչ թե ապաշրջափակման, այլ հակառակը՝ շրջափակման, մինչդեռ իրական խաղաղության խաչմերուկը կառուցվում էր 2015-2016 թվականներին, երբ Հայաստանն ինտեգրվեց  Չինաստանի կողմից կառուցվող «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»  մեգանախագծին՝ դառնալով այդ նախագծի մի մասնիկը, հիմա, սակայն, դա Հայաստանն անել չի կարող, որովհետև Հայաստանից խլում են դա անելու համար անհրաժեշտ ճանապարհները։

«Ադրբեջանին են հանձնել ճանապարհներ, դիրքեր՝ տալով հնարավորություն ցանկացած պահի  թիրախավորել Հայաստանում կառուցվող այլընտրանքային ճանապարհները։ Արտահանում իրականացնելու համար անհրաժեշտ ճանապարհները կորցնելն ամենասարսափելի բանն է, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի տնտեսության և գործարարների հետ։ Հայաստանից կտրում են ճանապարհները և վաղն անգամ Ռուսաստանի հետ չենք կարողանալու առևտուր անել»,- զգուշացնում է Ռուզաննա Մալխասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝  տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս