«Ադրբեջանը պատերազմի պատրվակ է ստեղծում, որ հարձակվի․ նպատակը ՀՀ պետականության ապամոնտաժումն է»․ Վազգեն Հովհաննիսյան
Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, որում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը՝ երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում:
Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանն ուշագրավ է համարում «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրի 6-րդ կետում առկա շեշտադրումները, որը նա կապում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի ունեցած հստակ դիրքորոշման հետ։
Թուրքիայում կայացած «3+3» ձևաչափի երրորդ հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրի 6-րդ կետում ասվում է․ «Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը վստահության, բարգավաճման և կայունության ամրապնդման գործում, որն իր հերթին՝ ծառայում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և վիճելի հարցերի կարգավորման միջոցով տնտեսական զարգացման և առևտրի հնարավորություններ է ստեղծում, մենք պայմանավորվեցինք շարունակել տրանսպորտի և կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ավելացման ոլորտներում փոխգործակցության զարգացման ուսումնասիրությունը»։
Իրանի համար գլխավոր ռիսկերը
Ըստ Վազգեն Հովհաննիսյանի՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» Իրանի համար երկու կարևոր ռիսկեր է պարունակում՝ տնտեսական և ռազմաքաղաքական։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսականն այն է, որ այսօր Իրանն է հանդիսանում կապող օղակը, իսկ ռազմաքաղաքական առումով, թեպետ այդ միջանցքի երկարությունը մեծ չէ, մեծ տնտեսական բում չի բերում Ադրբեջանին, սակայն հնարավորություն է տալու հետագայում իր էքսպանսիոնիստական քաղաքականությունն իրականացնել, ինչը լուրջ վտանգ է ստեղծելու նաև Իրանի համար։
Ինչ վերաբերում է առհասարակ «3+3» ձևաչափին՝ նա հիշեցնում է՝ դա ընդամենը հանդիպման ձևաչափ է, իսկ ռեալիստների համար կարևորը ոչ թե պայմանավորվածություններն են, այլ դրանք կյանքի կոչելու մեխանիզմները։
«3+3», թե՞ «3+2»
«Փաստացի, դա «3+3» ֆորմատ չէ, որովհետև Վրաստանը հրաժարվում է հանդիպումներից։ Վրաստանն ունի հստակ ազգային պետական շահի իր պատկերացումը, և ասում է՝ եթե Աբխազիայի և Օսիայի հարցում այն ռեգիոնալ տերությունը, որի հետ ունենք հենց այդ հարցերի հետ կապված խնդիր, լուծում չի տվել՝ մեր շահերից ելնելով, հետևաբար՝ մենք այդ ֆորմատում մասնակցությունն ավելորդ ենք համարում։ Հետևաբար՝ դա ավելի շատ «3+2» ֆորմատ է, որտեղ կան երեք ռեգիոնալ տերություններ, մի պետությունը՝ Ադրբեջանը, արդեն կարծես ուզում է ռեգիոնալ սուբհեգեմոն դիրք ունենալ, այսինքն՝ ուզում է դառնալ տարածաշրջանում երեք կովկասյան երկրներից առաջինը։ Ալիևը բացահայտ ասել է, որ տարածաշրջանում չի կարող լինել ինչ-որ հարցի լուծում, տարածաշրջանային պրոյեկտներ՝ առանց Ադրբեջանի կարծիքը, դիրքորոշումը հաշվի առնելու։ Այնտեղ հիմնական երկիրը, որը դիվանագիտական, գետնի վրա ունեցած ռեսուրսներով ամենափոքրն է, Հայաստանի Հանրապետությունն է»,- ասում է Վազգեն Հովհաննիսյանը։
Նա նկատեց՝ վերջին հանդիպման ժամանակ հստակ էր Իրանի դիրքորոշումը՝ կապված կոմունիկացիաների բացման հետ․
«Իրանի դիրքորոշումն այն էր, որ Հայաստանով դեպի հյուսիս գնալն իր համար ավելի ձեռնտու է, քան Ադրբեջանի ճանապարհով, բացատրությունն այն էր, որ նույն մաքսային պրոցեդուրաներն ավելի լիբերալ ռեժիմով են իրականացվում Հայաստանում, քան Ադրբեջանում։ Բայց դա հիմնականում ուղղված էր նրան, որ Իրանն ընդհանրապես դեմ է կոմունիկացիաների բացմանը՝ միջանցքային տրամաբանությամբ։ Հանդիպման արդյունքում ընդունված կոմյունիկեի 6-րդ կետը, որքանով ես եմ հասկանում, Իրանի հստակ դիրքորոշումն է՝ հենց «Զանգեզուրի» չարաբաստիկ «միջանցքի» հետ կապված»։
Քաղաքագետը նկատեց՝ «3+3» ձևաչափում ձեռք բերված պայմանավորվածությունները պարտադիր կատարման չեն, քանի որ շեշտում են՝ դա պարզապես հանդիպումների ձևաչափ է, ոչ թե կազմակերպություն։ Հանդիպումները, նրա խոսքով, ոչինչ չեն փոխում։
Ադրբեջանի և Թուրքիայի պլան մաքսիմումը
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, նա նշեց, որ Հայաստանն անընդհատ խոսում է խաղաղության մասին և անընդհատ փորձում նախաձեռնել այդ օրակարգի առաջմղումը, որը որևէ կերպ չի տեղավորվում Ադրբեջանի հռետորաբանության կամ քաղաքականության մեջ։
«Ադրբեջանին ընդհանրապես խաղաղություն պետք չէ, Ադրբեջանը վախեր չունի, որ Հայաստանը, հատկապես՝ այս իշխանությունների օրոք, վաղը փորձելու է ինչ-որ ռազմական ուժի պրոյեկցիա անել և կորցրածը ետ բերել։ Ադրբեջանը տեսել է հնարավորություն։ Եթե ռեալիզմի դիրքերից ենք վերլուծում՝ դա ռացիոնալ վարքագիծ է։ Հարձակողական ռեալիստներն ասում են՝ եթե դու տեսնում ես հնարավորություն քո ուժն ավելի մեծացնելու, քո հնարավորությունների տիրույթն ավելի մեծացնելու՝ ի հեճուկս քո, այսպես ասած, հակառորդի կամ ուրիշի, որն իր ուժային դիրքերը զիջում է, պետք է դա անես։ Հիմա, Հայաստանն իր ուժային դիրքերը գնալով զիջում է, հետևաբար, Ադրբեջանը պետք է Հայաստանի հաշվին իր ուժային դիրքերն ավելի մեծացնի։ Դա պլան մինիմումն է, իսկ պլան մաքսիմումն Ադրբեջանի և Թուրքիայի համար հայկական պետականության դեմոնտաժն է։ Հայկական պետականության դեմոնտաժից հետո Ադրբեջանի լծակները, ազդեցության գոտիները տարածաշրջանում ավելի են մեծանալու, նույնն էլ՝ Թուրքիայինը։ Հետևաբար՝ թեկուզ վաղն Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրի, դա նրա համար ոչ մի նշանակություն չունի։ Ինչպես կասեր Բիսմարկը՝ ռուսների հետ ստորագրած պայմանագիրը թանաքի և թղթի արժեքը չունի, նույնն էլ ադբեջանցիների պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ․ որո՞նք են վտանգները
Վազգեն Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ գործող իշխանություններն ուզում են նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն իրականացնել, բայց նրանց խնդիրն ավելի շատ կապված է այն հարցի հետ, թե որ երկիրը կամ որ միջազգային կառույցը պետք է այդ երաշխավորի ֆունկցիան կատարի․ «Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությունը նույն նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է։ Ցանկացած ռացիոնալ մտածող վերլուծաբան, քաղաքական գործիչ, եթե հասկանում է ազգային, պետական շահը, ինքը գիտի՝ եթե 9-րդ կետն իրականացվեց, անկախ նրանից՝ այնտեղ ռուսակա՞ն, ղազախակա՞ն, թե՞ այլ երկրի զորքեր կանգնած կլինեն, 9-րդ կետի իրականացումը բերելու է հայկական պետության դեմոնտաժի։ Նախ՝ նոյեմբերի 9-ին ստորագրվածը պայմանագիր չէ, հայտարարություն է զինադադարի մասին։ Փաստացի, այսօր զինադադարի տրամաբանությունն ամբողջությամբ ոչնչացած է, որովհետև այդ զինադադարն Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է՝ ի հեճուկս ոչ միայն ՀՀ-ի, այլև ՌԴ-ի, քանի որ ՌԴ նախագահն ասել է՝ ինքն է կազմել այդ փաստաթուղթը, հետևաբար, ինքը՝ որպես տարածաշրջանային տերություն, որն այդ հայտարարությունը ստորագրել է, պետք է լիներ երաշխավոր, բայց նա երաշխավորի որևէ գործառույթ չի իրականացրել։
ՌԴ-ն պետք է թույլ չտար, որ ռազմական գործողությունները վերսկսվեն՝ ոչ մի պատրվակով։ Ռազմական գործողությունները մի քանի անգամ վերսկսվել են, ՌԴ-ն հանցավոր պասիվ վարքագիծ է դրսևորել, որի արդյունքում Արցախի դե ֆակտո պետականության դեմոնտաժ և ցեղասպանություն է տեղի ունեցել, ինչը ՌԴ-ի կողմից անընդհատ հերքվում է, բայց միջազգային իրավունքի մեջ էթնիկ զտումը ցեղասպանություն է։ Հետևաբար, այսքանից հետո Հայաստանը դեռ պետք է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն իրականացնելու պարտավորություն վերցնի՞ իր վրա։ Սա ցինիզմի վերջին աստիճանն է»։
Թուկիդիդեսի ծուղակ․ ի՞նչ է պլանավորում Ադրբեջանը
Նա շեշտեց՝ վերջին 6 տարվա ընթացքում, ինչ Փաշինյանը եկել է իշխանության, ամեն ինչ նրան պարտադրում են․ «Պարտադրում են, դու էլ դիմակայիր։ Ես ինչո՞ւ եմ միշտ ասում, որ Հայաստանը պետք է որդեգրի դիմակայման քաղաքականություն։ Որ ասում են՝ ռևանշիստական․ նորմալ մարդը պետք է չուզենա՞, որ արդարությունը վերականգնվի։ Ինչո՞ւ պետք է մարդն արդարությունը վերականգնելու, իր ձեռքից անարդար ձևով վերցվածը վերականգնելու առողջ ձգտում չունենա։ Ռեալիզմի և կոնստրուկտիվիզմի դպրոցներն ասում են, որ միջազգային հարաբերություններում արդարություն չկա, որ արդարությունը հարաբերական հասկացություն է, և դրա մոդելավորումն այն է, ինչ քո պետությունն է տեսնում՝ իր շահերի տեսանկյունից։ Այսինքն՝ ինչը մի պետության համար արդար է, մյուսի համար կարող է արդար չլինել, բայց մենք պետք է չգնանք ընդհանուրի կամ դիմացինի արդարության պատկերացումների հետևից։ Արդարության պատկերացումն ըստ Ադրբեջանի՝ «Արևմտյան Ադրբեջանն» է՝ Հայաստանի փոխարեն, որի վերաբերյալ նախօրեին օրենսդրական մակարդակով որոշում ընդունեցին։
Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, նրանց հռետորաբանությունն ուղղված է հետագայում Հայաստանի նկատմամբ պատերազմի պատրվակ ստեղծելուն և ռազմական գործիքակազմի կիրառմամբ իրենց խնդիրները լուծելուն»։
Դիտարկմանը՝ արդեն Ադրբեջանից հնչող հայտարարություններն այդ մասին են, նշում են, թե իբր ԱՄՆ-ը ակտիվ զինում է Հայաստանին, և իրենք լեգիտիմ իրավունք ունեն խոցելու այն զինատեսակները, որոնք Հայաստանին տալիս է Արևմուտքը, նա արձագանքեց․
«Ես չգիտեմ՝ այդ կանխարգելիչ հարվածների իրավունքն Ադրբեջանին ով է տալիս։ Ռեալիզմի տրամաբանությունից ելնելով՝ դա կոչվում է թուկիդիդեսյան ծուղակ․ եթե դիմացի կողմը ինքնապաշտպանությանը միտված որոշակի գործողություն է իրականացնում, դա մյուս կողմի անվտանգությանը հետագա սպառնալիք կարող է լինել։ Այսինքն՝ պատերազմի պատրվակ է ստեղծում, որպեսզի հարվածներ իրականացնի․ դա հնարավոր սցենարներից մեկն է։ Միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսության մեջ թուկիդիդեսյան ծուղակը շատ քննարկելի երևույթ է․ դա հենց այն անվտանգության դիլեման է, որ երբ հակառակորդն ուժեղանում է, քեզ մոտ առաջացնում է սպառնալիքի և վախի զգացում, բերում է նրան, որ առաջանում է կազուս բելի, այսինքն՝ հնարավոր պատերազմի մոտիվացիա։
Լիբերալ օրակարգով չենք կարող ինչ-որ բան փոխել Ադրբեջանի վարքագծի մեջ, չզինվելը ևս սխալ է, բայց ես գտնում եմ, որ Հայաստանի զինվելը հիմա PR է, որովհետև պատերազմն իրենից ենթադրում է նաև ռազմական տնտեսություն, այսինքն՝ զինատեսակները, որ ձեռք եք բերում, արդյո՞ք դրան համար ականներն ու հրթիռները կարող եք նույն գնով ձեռք բերել։
Վերջերս Ուկրաինայի ռազմական փորձագետներից կազմված խումբը նշում էր, որ ական են արտադրում, որը, ենթադրենք, 50 եվրո արժողություն ունի, եթե ԵՄ երկրներից են վերցնում, դա նստում է մոտ 1200 եվրո։
Օրինակ՝ ֆրանսիական CAESAR համակարգերը շատ լավն են, բայց դրանցով մեր ռազմական խնդիրները կարո՞ղ ենք լուծել, եթե նույնիսկ լոգիստիկ ճանապարհներն իդեալական աշխատեն, և Ֆրանսիան իր վրա պարտավորություն վերցնի, որ ժամը մեկ մեզ կուղարկի դրանց հրթիռները։
Ինչ-որ մեկը հաշվարկե՞լ է՝ որքա՞ն պետք է կրակի՝ ինչ-որ խնդիր լուծելու համար, մեր հնարավորությունները թույլ տալի՞ս են անընդհատ հրթիռներն առնել և կրակել»։
Նրա դիտարկմամբ՝ պետք է զենք ձեռք բերելու հստակ տրամաբանություն լինի․
«Այն ժամանակ այդ զենք ձեռք բերելու տրամաբանությունը քիչ թե շատ դրված էր ռելսերի վրա․ մենք ձեռք էինք բերում այնպիսի զենքեր, որոնք նման հարց չէին կարող առաջացնել, կարող էին հարց առաջացնել միայն լոգիստիկայի հետ կապված։ Ֆրանսիական CAESAR համակարգերը շատ լավն են, բայց արդյո՞ք մենք կարող ենք ռազմական գործողությունների ժամանակ այդ համակարգը սպասարկել, ի՞նչ արդյունավետությամբ է գործելու։ Դա նույն ՍՈւ-երի պատմությունն է լինելու․ գնեցին առանց հրթիռների, դրանք պատերազմի ժամանակ մարտական խնդիր լուծեցի՞ն։
Ռազմական փորձագետները թող այս ամենը բացատրեն, թե արդյո՞ք ձեռք ենք բերում այնպիսի սպառազինություն, որի հետագա սպասարկումը մեզ համար խնդիր չի առաջացնելու, նույնիսկ, եթե իդեալական ձևով գործեն լոգիստիկ համակարգերը»։