Ջիվան Գասպարյանի և Յուրի Վարդանյանի նախընտրելի թեկնածուն Տարոն Մարգարյանն է
Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը Երևանի ամենալուրջ խնդիրը համարում է ճանապարհների վերանորոգման հարցը: Չնայած, չորս տարի է՝ աշխարհահռչակ մարմնամարզիկը բնակվում է Հայաստանում և դրական փոփոխություններ նկատում է, սակայն դա բավարար չի համարում:
«Քաղաքում շատ թերություներ կան, դրանք եղել են նաև խորհրդային տարիներից, բայց բոլորը գիտենալով, պետք է քաղաքի ղեկավարությունը հետևողական լինի: Նախկին և ներկա քաղաքապետերի հետ լուրջ խոսակցություներ ունեցել եմ, և ինձ հատկապես ճանապարհների հարցն է մտահոգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յուրի Վարդանյանը:
Նա պատմեց, որ տասնվեց տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, չորս տարի առաջ, երբ վերադարձել է Հայաստան, իր համար շատ վիրավորական է եղել, որ իր տանից մինչև աշխատանքի վայր հասնելը բազմաթիվ բաց դիտահորեր է տեսել:
Նա առանձնացրեց նաև կանաչապատման, աղբահանման, բարձրահարկ շենքերի վերելակների խնդիրը:
«Ինչ որ կատարվել է, տեղին է արվել, բայց անելու շատ բան կա: Սակայն, եթե աշխարհի ամենալավ քաղաքապետին էլ բերենք Երևանի քաղաքապետ, առանց ֆինանսական կարողությունների, Երևանը 20 տարի խելքը գլուխը չես բերի»,- նշեց Յուրի Վարդանյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանն էլ, խոսելով Երևանի մասին, ասաց, որ այն եղել է փոքր գեղեցիկ քաղաք, որտեղ բոլորն իրար ճանաչում էին, հիմա այն դարձել է եվրոպական քաղաք:
«Դրական է այն, որ քաղաքը լայնացել է, մեծացել է, այսպիսի կամուրջներով փողոցներ չենք ունեցել»,- ասաց Ջիվան Գասպարյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները սկսվել էին դեռևս քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք: Նա շեշտեց, որ կարևորը ոչ միայն ղեկավարությունն է, այլ նաև ժողովրդի վերաբերմունքը: Իբրև բացասական փոփոխություն՝ Ջիվան Գասպարյանը նշեց անճաշակ քաղաքաշինությունը:
Այդ խնդիրն առանձնացրեց նաև Յուրի Վարդանյանը: «Համահունչ չի կառուցվում քաղաքը, հին պատմամշակութային շենքերի կողքին անկապ բան են սարքել, որը չի ընդունվում»,- նշեց ծանրամարտիկը: Չնայած երկու բանախոսները նշում էին, թե իրենց համար միևնույն է՝ ով կընտրվի քաղաքապետ, կարևորը՝ սրտացավ լինի Երևանի հանդեպ, սակայն քիչ անց պարզվեց, որ երկուսի նախընտրելի թեկնածուն էլ գործող քաղաքապետ, ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանն է:
Ըստ Ջիվան Գասպարյանի՝ չնայած երիտասարդ տարիքին, Տարոն Մարգարյանը մեծ փորձ ունի կառավարման ոլորտում և «սիրտն էլ տաք է» քաղաքի համար, իսկ Յուրի Վարդանյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ն հենց այնպես չի առաջադրել Տարոն Մարգարյանին: