Աշոտ Մանուչարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մասին (տեսանյութ)

Շաբաթ օրը` ապրիլի 13-ին, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) համագումարում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց նոր կուսակցության պայքարի ուղիների մասին` հայտարարելով բուրժուա-դեմոկրատական հեղափոխության, այսինքն` խոշոր բուրժուազիան կամ օլիգարխիան իշխանությունից պոկելու անհրաժեշտության մասին:

Այսօր հրավիրված մամլո ասուլիսում 168.am-ը հետաքրքրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից, թե վերջինս ի՞նչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանի առաջարկած դրույթի մասին:

«Տեր-Պետրոսյանն ինձ 2007 թվին խոստացել էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն իրականացնել 2008-ի փետրվարին, որովհետև մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները լավ են ստացվում փետրվար ամսին:

Հետո պարզվեց` նա ինձ մոլորեցրել է, այս քանի տարի է` չի անում, և պայմանավորվածությունն այնպիսին էր, որ նոյեմբերին էլ կլինի սոցիալիստական, կամ դրանից ավելի առաջատար հեղափոխություն, որի պատասխանատվությունն էլ արդեն ինձ վրա էր»,- ի պատասխան` ասաց Մանուչարյանը,- «Եվ նա, չկատարելով իր պայմանավորվածությունը, նաև պրոբլեմներ ստեղծեց երկրորդի համար: Հիմա 5 տարով ուշացել է, տեսնենք` ինչը երբ ենք անում»:

Մեր հարցին` իսկ մայիսին, երբ կկայանան Երևանի ավագանու ընտրությունները, ի՞նչ հեղափոխություններ են լինում, Մանուչարյանը պատասխանեց. «մայիսին հեղափոխություններ չեն լինում, մայիսին լինում է ազգային ազատագրական պայքար»:

Տեսանյութեր

Լրահոս