Պատահական մարդիկ որոշել են ոչնչացնել «Բրյուսովը». ռեկտոր Գյուրջինյանը Հերոստրատն է. Նատալյա Խաչատրյան
«Այսօր մեր աչքերի առաջ կատարվում է մի ամբողջ բուհ-ի սարսափելի ջարդ, որն ունի 90-ամյա փառապանծ պատմություն, և պատահական մարդիկ որոշել են բուհ-ը ոչնչացնել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի՝ աշխատանքից ազատված ամբիոնի՝ արդեն 11 տարվա նախկին վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանը՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին համեմատելով տխրահռչակ Հերոստրատի հետ:
Նրա խոսքով՝ Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը, իսկ Գյուրջինյանն այրում է Բրյուսովի տաճարը:
«Ամեն բուհ մի քանի տարին մեկ անցնում է հավատարմագրում: Ամեն ինչ անում են, որ լիցենզավորման պահանջներին չհամապատասխանեցնեն: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի՝ կոչումներ ունեցող դասախոսներին ջնջում են, ամենալավ դասախոսներից ազատվում են: Բացի դրանից, դուք չեք պատկերացնում՝ որչափ են փոքրացրել ու խեղճացրել ծրագրերը: «Ազգային մշակույթ» առարկան բոլոր ֆակուլտետներից հանվել է, մնացել է, կարծեմ, Տուրիզմում, մի կիսամյակ: «Հայ գրականությունը» կրճատվել է ահավոր ձևով, «Հայոց պատմությունը» 2 կիսամյակից դարձել է մեկ»,- ասաց պրոֆեսորը:
Շարունակելով կրճատված առարկաների ցանկի թվարկումը՝ Նատալյա Խաչատրյանը նշեց նաև, որ «Համաշխարհային գրականությունը» կրճատվել է կիսով չափ:
«Մենք ունեինք առարկա՝ «Երկրորդ օտար լեզվի քաղաքակրթություն և գրականություն: Այսօրվա ծրագրով, եթե ուսանողն ուսումնասիրում է անգլերեն և չինարեն, նա Չինաստանի մասին ոչինչ չպետք է իմանա: Միջմշակութային հաղորդակցություն բաժնից «Մշակութաբանությունը» հանվել է: Սրանց ավելացրեք պատմությունը, փիլիսոփայությունը, տրամաբանությունը: Այնպես որ, ծրագրերն էլ չեն համապատասխանում համալսարանական պահանջներին: Եվ դրանք այն ծրագրերն են, որոնք մենք արել ենք միջազգային պայմանագրերի հիման վրա… Եթե ուսանողը վճարում է համալսարանական ծրագրի համար, իսկ նրան տալիս են օտար լեզվի կուրսեր, դա կողոպուտ է… մենք չենք կորչի, մեր տեղը կգտնենք, բայց սիրտս ցավում է այն բուհ-ի համար, որը 48 տարի իմ տունն էր, ու ես դրան լո՞ւռ պետք է նայեմ»,- ասաց Նատալյա Խաչատրյանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ Բրյուսովի համալսարանը թերևս ինչ-որ մեկին խանգարում է:
«Ո՞ւմ է խանգարում Բրյուսովի ինստիտուտը: Շենքն եք ուզո՞ւմ: Ինչի՞ համար: Մեզ մոտ տարբեր կասկածներ կային, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել, կամ ինքն արդեն գնել է այն… Ինքը կտրականապես հերքեց: Մեզ մնում է միայն ենթադրել՝ այդ գեղեցիկ շենքը քաղաքի կենտրոնում ո՞ւմ է պետք, որ այդպես վայրենի ձևով ոչնչացնում են, որ ուզածդ հանձնաժողովը գա, ասի՝ էս չի՞ ձեր Բրյուսովը: Ո՛չ ծրագրեր ունեք, ո՛չ դասախոսական կազմ»,- ասաց Նատալյա Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



