Փաստաբանները նախապատրաստում են գործադուլը

Շուրջ 30 փաստաբաններ ձեռնամուխ են եղել ընդդեմ Վճռաբեկ դատարանի փաստաբանների գործադուլի նախապատրաստմանը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է բողոքի ակցիան համակարգող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Ամենայն հավանականությամբ, գործադուլը տեղի կունենա մայիսին:

Հ.Ալումյանը դժվարացավ հայտնել, թե այս անգամ քանի փաստաբան կմասնակցի բողոքի ակցիային՝ անցյալ տարվա նման, թե ավելի փոքր կամ ավելի մեծ թվով փաստաբաններ, սակայն նշեց, որ կարևորը մասսայականությունը չէ, այլ հանրությանն իրենց դժգոհությունները հասցնելը:

Շուրջ մեկ տարի առաջ փաստաբանները ստեղծել էին հանձնախումբ, որն ի մի էր բերել Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» դեպքերը, փաստաբաններն անգամ դիմել էին բողոքի ակցիայի՝ դատադուլի, և խոստացել առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:

Ակցիայից հետո փաստաբանների բողոքի ձայնը լսելի էր դարձել իշխանության վերին մարմիններում, մասնավորապես՝ նախագահական նստավայրում: Երկրի ղեկավարը հրավիրել էր խորհրդակցություն, որին առաջին անգամ այդ ֆորմատով մասնակցել էր Փաստաբանների պալատի նախագահը: Այդ ժամանակ էր, որ Պալատի նախագահը ներկայացրել էր փաստաբանների դժգոհությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանից, որը ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները շտկելու ունակ վերջին դատական օղակն է:

Փաստաբանական կորպուսը արգելակել էր գործընթացը՝ սպասելով հետագա զարգացումներին, այս տարի ևս, մինչև ՀՀ նախագահի ընտրությունները փաստաբանները ձեռնպահ մնացին գործադուլ անցկացնելուց՝ գործընթացը անհարկի չքաղաքականացնելու մտավախությունից ելնելով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս