Շոշափելով անհաջող բանակցությունները Վաշինգտոնում, ինչպես նաև ԱՄՆ-ում ներքին լարված փուլ սպասելով, ՌԴ ԱԳՆ-ն փորձում է լրացնել հնարավոր միջնորդական բացը. վերլուծաբան

Մինչ ԱՄՆ-ն թևակոխում է նախագահական ակտիվ ընտրապայքարի փուլ ուշագրավ զարգացումներով, Ռուսաստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավման փորձ է անում։

Նախօրեի ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ-ն պարտավորվել է, և դա գրված է Մոսկվայի ստորագրած փաստաթղթում, ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։

«Պատրաստ ենք այսուհետ ևս մեր հարթակը տրամադրել կողմերի համար նախընտրելի երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Իհարկե, նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Զախարովան։

«Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք՝ որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Եվ այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե դրսից»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Տևական ժամանակ է, ինչ Մոսկվան հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում հանդես չի եկել՝ որպես միջնորդ, աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս շրջափուլում այդ դերը զիջելով Արևմուտքին՝ Բրյուսելին և Վաշինգտոնին։ Հարկ է նաև նշել, որ վերջին շրջանում այնուամենայնիվ կողմերի միջև գործընթացը չի համակարգվում հստակ որևէ միջնորդի կողմից, և բանակցություններն ընթանում են կամ ուղիղ, կամ տարբեր մայրաքաղաքներում։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպումն էական առաջընթաց և կոնսենսուս չի ձևավորել։

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանակցություններում ստեղծված իրավիճակին և Մոսկվայի առաջարկին, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ բանակցային գործընթացն արգելակվել է տարաձայնությունների հերթական չափաբաժնի հետևանքով։

Ըստ նրա՝ կողմերի միջև կարծես միմյանց արված առաջարկներից հետո վերադիրքավորում է տեղի ունենում և նոր դիրքորոշումների ձևավորում, հաշվի առնելով ի հայտ եկող նոր հանգամանքները։

«Այս մասով որևէ նոր բան տեղի չի ունենում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները մշտական բնույթ են կրում, կան փուլեր, երբ սրվում է իրավիճակը, կան նաև փուլեր, երբ փոքր-ինչ մեղմվում է, սակայն արմատական փոփոխություն չի արձանագրվում։ Սա, կարծում եմ, այն փուլն է, երբ կորոշվի՝ երբ ու ինչ համաձայնագիր կստորագրվի կողմերի միջև»,- ասաց նա։

Վերլուծաբանի խոսքով, բավականին ուշագրավ է այն, ինչ կատարվում է հակամարտության միջնորդության գործընթացում։

«Ամենայն հավանականությամբ, շոշափելով  անհաջող բանակցությունները Վաշինգտոնում, ինչպես նաև սպասելով ներքին լարված փուլ ԱՄՆ-ում, պայմանավորված նախագահական ընտրություններով և, մասնավորապես, նախագահ Բայդենի դիրքերի թուլացումը, ՌԴ ԱԳՆ-ն փորձում է լրացնել այն միջնորդական բացը, որը կարող է առաջանալ գործընթացում մոտ ապագայում»,- ասաց Լուկիանովը։

Ըստ նրա, չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ կողմերը չունենան այլընտրանք և ստիպված լինեն բանակցել Մոսկվայում։

«Սակայն հակված եմ կարծել, որ կլինեն նաև փորձեր՝ բանակցել ուղիղ և հարցեր համաձայնեցնել ուղիղ ձևաչափով։ Ինչպես տեսանք վերջին տարիների ընթացքում, կողմերը կարողանում են որոշ հարցեր բանակցել այս ձևաչափով, սակայն միջնորդի ներկայությունը հարկավոր է բալանսավորված փաստաթուղթ ունենալու համար։ Այս դեպքում այդ հարցն ավելի էական է զգացվում։

Ակնհայտ էր, որ ՀՀ-ն ցանկանում էր միջնորդություն, նման փորձ արեց ԵՄ-ն, չհաջողեց, փորձեր եղան նաև ԱՄՆ-ի կողմից, սակայն միտումը լինելու է այն, որ ԱՄՆ-ը որոշակիորեն պասիվանալու է առաջիկայում, սա էր պատճառը, որ համաձայնագիրը շուտ ստորագրելու ցանկություն և ծրագիր կար, քանի որ արդեն ներկայիս փուլում ԱՄՆ-ը թևակոխում է փոփոխությունների շրջան»,- եզրափակեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս