«Ռուսաստանն առաջարկել է Իրանի տարածքով զորք ուղարկել, Փաշինյանը մերժել է». Դավիթ Ջամալյան
Մեծ Բրիտանիայում գտնվող Փաշինյանն ու Ալիևը չեն հանդիպել և դրա համար մեղադրում են մեկը մյուսին: Ո՞ւմ էր ձեռնտու բանակցությունների հետաձգումը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններում ողջ գործընթացը՝ թե՛ իր ստրատեգիական ուղղությամբ, թե՛ ընթացիկ տակտիկական վայրիվերումներով, ձեռնտու է միմիայն Ադրբեջանին:
«Ալիևն իր խամաճիկի հետ չի ցանկացել հանդիպել. գուցե տրամադրություն չի ունեցել, կամ այլ պլաններ է ունեցել, գուցե Լոնդոնում զբոսնելու ցանկություն է ունեցել: Մենք հիմա այնպիսի ողորմելի վիճակում ենք, որ ամեն ինչ շատ օրինաչափ է: Հարմար չի գտել՝ չի հանդիպել: Իհարկե, այստեղ եթե մի քիչ ավելի պրագմատիկ մոտենանք հարցին, սա նշանակում է, որ Ադրբեջանը հերթական մեծածավալ և անընդունելի պահանջների պորցիան է բերում առաջին պլան, և սրանց համար, իհարկե, հեշտ չի լինելու այդ ամենն ընդունելը, որովհետև իրենց իշխանության գոյության խնդիր կա: Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն օրըստօրե աճում են, երևի այնպիսի նոր պահանջներ են եկել օրակարգ, որ Ալիևն իր վերջնագրային տրամաբանությամբ պատրաստ է հանդիպել, քննարկել այն դեպքում միայն, եթե Երևանից համաձայնություն ստանան»,- ասաց նա:
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ այն, որ բանակցային պրոցեսում շատ լուրջ նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, վկայեց նաև օրեր առաջ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ խոսելով երկու կողմերի միջև բարդ ընտրության և ծանր փոխզիջումների գնալու մասին:
«Ես այն կարծիքին եմ, որ մեր գլխին պատուհասած այս ամբողջ ողբերգությունների ուղղորդումը կատարվել է Արևմուտքից՝ Արցախի կորուստ, Սյունիքի հնարավոր կորուստ, «Զանգեզուրի միջանցք» և այլն: Այս ամբողջ պրոցեսների քավորն անգլոսաքսոնական կենտրոններն են: Այդպես նրանք թուլացնում են Ռուսաստանին, ուժեղացնում են իրենց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմին: Ուղղակի հիմա հայ հասարակությանը մոլորեցնելու նպատակով, որպեսզի հավասարակշռության տպավորություն թողնի, հայտարարության մեջ խոսում է փոխզիջումների մասին: Եթե մարդ մի փոքր քննադատական միտք ունի, հասկանում է, որ Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևի, որևէ փոխզիջման չի գնալու: Կգնար այդ զիջումներին, եթե իսկապես Արևմուտքին ձեռնտու լիներ, որպեսզի Ադրբեջանն այդ զիջումներին գնա, որովհետև ալիևյան կլանի կախվածություններն Արևմուտքից այնպիսին են, որ արևմտյան վեկտորից եթե ճնշում լինի, նա կգնա այդ փոխզիջումներին:
Ալիևն ունի բացարձակ աջակցություն Արևմուտքից և շատ վարպետորեն օգտվում է Ռուսաստանի թուլությունից: Նախ՝ ֆիքսենք, որ ամերիկյան ընկալումներում առկա է ակնկալիք առ այն, որ Հայաստանը դեռ պետք է ինչ-որ բան զիջի, դա «Զանգեզուրի միջանցքն» է: Ես չեմ խոսում ընթացիկ զիջումների մասին՝ այսպես կոչված, անկլավներ, Սահմանադրության փոփոխություն: Գերագույն նպատակը «Զանգեզուրի միջանցքն» է, որն Արևմուտքի համար ունի կենսական նշանակություն՝ կոմունիկացիաներն այնպես կազմակերպել, որ շրջանցեն Ռուսաստանը, առևտրաշրջանառությունը կազմակերպել՝ Ռուսաստանը շրջանցելով, էներգակիրները տարհանել՝ ՌԴ-ն շրջանցելով, ունենալ պլացդարմ ՌԴ-ին և Իրանին հարվածելու համար, և, բնականաբար, այդ միջանցքի գոյությունը գոյաբանական վտանգներ է ստեղծում Իրանի և ՌԴ-ի համար»,- ընդգծեց ռազմական փորձագետը:
Ջամալյանի խոսքով՝ Սյունիքի հայապատկանությունը կենսականորեն անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին. «Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը հուշում է այն մասին, որ այս իշխանության արևմտյան տերերն անում են ամեն ինչ, որպեսզի ռուսներն իրենց դիրքերը չուժեղացնեն Սյունիքում, որովհետև այդ դեպքում այդ միջանցքն ուղղակի չի բացվի, եթե ռուսների ազդեցությունն ուժեղանա»:
Դիտարկմանը՝ հակառուսական տրամադրությունները Հայաստանում հատկապես շատացան Արցախի կորստից հետո, որովհետև ռուս խաղաղապահներն էին այնտեղ, նա արձագանքեց. «Ռուս խաղաղապահներն այնտեղ կարող էին դեր ունենալ, եթե ՀՀ-ն շահագրգռված լիներ, որ Արցախը մնա հայապատկան, և իր ողջ ռազմաքաղաքական ներուժը ծառայեցներ այդ գաղափարին: Ռուս խաղաղապահները մատակարարվում էին 102-րդ ռազմաբազայից, իրենց թիվը սահմանափակ էր: Խնդիրը ռուսներին արդարացնելը չէ: Մենք Արցախի կորստի ողբերգության հստակ պատճառահետևանքային կապերը պետք է հասկանանք:
Չի կարող հայապատկանությունն ապահովել, թող որ՝ դաշնակից, բայց այլ պետություն: Կարելի էր օգտագործել ՀՀ, Արցախի և ՌԴ եղած ռեսուրսը, Իրանի ռեսուրսը՝ Արցախը պահելու համար: Չմոռանանք, որ այդ օրերին Շոյգուն գտնվել է Թեհրանում: Թեհրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը երկու անգամ կապվել է Պապիկյանի հետ, առաջարկել են դելեգացիա ուղարկել Իրան, որպեսզի քննարկեն, իրավիճակը կայունացնելու վերաբերյալ սցենարներ քննարկեն, սրանք մերժել են:
Ռուսաստանում բավականին հայտնի արևելագետ, մեր հայրենակից Կարինե Գևորգյանն այդ օրերին մոսկովյան ռադիոընկերություններից մեկում ասել է, որ ինսայդերական ինֆորմացիա է հրապարակելու, որ այդ օրերին ՌԴ-ն Թեհրանում գտնվող Շոյգուի միջոցով Իրանի իր գործընկերոջ միջոցով առաջարկել է Հայաստանին՝ օգտագործել ՀՀ տարածքը՝ Արցախում իրավիճակը կայունացնելու նպատակով: Պայմանը եղել է այն, որ Հայաստանը գոնե ֆորմալ առումով մտնի գործընթացի մեջ, որովհետև եթե նայում ես լոգիստիկայի առումով, էլ որտեղի՞ց պետք է լրացուցիչ ուժեր մտնեին Արցախ, եթե ոչ՝ ՀՀ-ից: ՀՀ գործող իշխանությունը մերժել է Արցախ զորք մտցնելու ՌԴ առաջարկը:
Դրանք կարող էին լինել վագներականները: ՌԴ-ն Աֆրիկայում ձևավորում է աֆրիկյան կորպուս՝ Աֆրիկայում իր շահերն առաջ մղելու համար, բա էստեղ Արցախի կարուստը կանխելու համար չէի՞ն կարող ինչ-որ բան անել: Արցախի կորստից հետո Փաշինյանն ասում է՝ մեզ փորձում էին ներքաշել պատերազմի մեջ: Դա հուշում է այն մասին, որ Կարինե Գևորգյանը ճիշտ էր, այսինքն՝ եղել է առաջարկ Իրանի տարածքից ՀՀ տարածքով Արցախ ուժեր տեղափոխելու համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում