Հայ-թուրքական սահմանի բացումն ունի անվտանգային ռիսկ՝ չի կարող գտնվել «երկաթյա» անվտանգության տիրույթում. Վարդան Բոստանջյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է՝ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է թուրք և հայ ժողովրդի շահերից։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նաև հույս է հայտնել, որ սահմանի բացումը շուտ տեղի կունենա։
ԱԺ փոխնախագահը համոզված է նաև, որ Թուրքիայի հետ բաց սահմանների դեպքում Հայաստանը կունենա երկարատև խաղաղություն։
Հայաստանյան բազմաթիվ փորձագետներ, վերուծաբաններ բազմիցս նշել են, որ եթե չապահովվի ՀՀ անվտանգությունը, ապա Թուրքիայի հետ սահմանների բացումը առաջացնելու է անվտանգային մեծ ռիսկեր, այդ թվում՝ նաև տնտեսական:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս ասաց՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսապես օգուտ բերել Հայաստանին, եթե ապահովված լինի երկրի անվտանգությունը, հակառակ պարագայում դրական ակնկալիքներ չունի։
«Հիմա ես չեմ անդրադառնա անվտանգային հարցերին, այլ կխոսեմ տնտեսական հարցից։ Սահմանի բացման պարագայում, ցանկացած սահմանի, մարդու օդերը բացվում են, տա Աստված, որ Թուրքիայի սահմանի բացման դեպքում ևս այդպես լինի։
Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կլիեն տնտեսական մեծ հնարավորություններ՝ գործունեության և արդյունքի հասնելու կտրվածքով։ Տեսեք, կան ռեսուրսներ, որոնք կարելի է բաց սահմանների դեպքում օգտագործել, նույնիսկ, եթե չկա ռեսուրս, ապա բաց սահմանների դեպքում պետք է դրանք հայթայթել։ Մեր տնտեսական կաշկանդվածությունը միշտ պայմանավորված է եղել շրջանառվելու հնարավորությունը կորցնելով»,- նշեց Վարդան Բոստանջյանը։
Ըստ նրա, Խորհրդային Միության ժամանակ հայ ժողովուրդը կարողանում էր մաքսիմալ օգտվել տարբեր երկրների ռեսուրսներից, քանի որ միասնական կառավարում էր, սակայն հիմա այդ երկրների հետ հարաբերությունները փոխվել են, և ՀՀ տնտեսությունն ունի որոշակի կաշկանդվածություն։
«Մեր սպառումը վատը չէ, իհարկե, մենք աղքատություն ունենք, խոցելի տեղեր, սակայն Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է բոլոր տեսակի խոցելիությունները դուրս բերել օրակարգից։
Կրկնում եմ՝ անվտանգության առումով ունենք ռիսկ, որի պարագայում որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանը կգտնվի «երկաթյա» անվտանգության տիրույթում։ Բացի այդ, արտահանման առումով մենք չենք կարող թուրքական շուկայում մրցակցությանը դիմանալ՝ ռեսուրսով, տիրույթով ու բնակչության քանակով ևս։ Բայց, եթե հայկական կողմում լինեն լավ դիվանագետներ, կարող են նրանց հետ տնտեսական համագործակցության գնալ։ Այդ համագործակցության պարագայում կլինենք դոմինանտ։ Ցանկացած հարաբերական խաղաղության դեպքում հայ մարդը կարող է իրեն կրկին դրսևորել»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։