«Դա անարժանապատիվ է և էժանագին». Զախարովան մեկնաբանեց Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարակուսում է, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի քանի տարի շահարկում են այդ թեման:

ՀԱՊԿ-ում ոչ ոք մյուս մասնակիցներին ուժով չի պահում, եթե հայտարարելու բան կա, թող բացահայտ և ուղիղ հայտարարեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Նա կրկին քննադատեց կազմակերպությանը և մեղադրեց Հայաստանի անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ:

Զախարովան շահարկումներ որակեց այդ թեմայով Հայաստանի քաղաքական գործիչների խոսակցությունները։

«Ես ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններին, որ Հայաստանը պետք է կամ անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Հիշում եմ, որ այսօրվա հայ քաղաքական գործիչները ոչ վաղ անցյալում հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այսինքն` ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որ ՀՀ–ն էլ պետք է դուրս գա այնտեղից։ Կարելի է անընդհատ զբաղվել բանավոր էկվիլիբրիստիկայով, բայց դա էժանագին բան է», – ասել է Զախարովան։

Նա նշել է, որ կան պետության ռազմավարական շահեր, կան տարածաշրջանային խնդիրներ, որոնց դեռ չի հաջողվել հրաժեշտ տալ, և առաջին հերթին պետք է մտածել ռազմավարական համագործակցության և անվտանգության, քաղաքացիական ենթակառուցվածքների մասին:

«Դա պետք է հանուն ապագա սերունդների։ Հանուն այն բանի, որ այս տարածաշրջանը լինի առաջադեմ, որ այն զարգանա։ Ոչ թե նրա համար, որ հին խնդիրները, ինչպես կապանքներ, քարերը քաշեն դեպի հատակ», – հավելել է Զախարովան։

Հենց Հարավային Կովկասը, նրա խոսքով, պետք է բազմակենտրոն աշխարհակարգի կենտրոններից դառնա։

«Դրա համար ամեն ինչ կա՝ և՛ ընդհանուր սահմաններ, և՛ դարերի համակեցություն, և՛ բնական հարստություններ, և՛ աշխատասեր ու տաղանդավոր մարդիկ։ Պետք է աշխատել այդ բաղադրիչի վրա։ Պետք չէ անվերջ ինչ-որ արևմտյան կամ Արևմուտքից նետված մեմեր հորինել։ Փոխարենը պետք է գնալ առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հաղթահարելու ակնհայտ ճանապարհով՝ հանուն սեփական ժողովրդի ապագայի», – ասել է Զախարովան։

Նա որոշ հայտարարություններ կապում է նախընտրական խոստումների իրականացման հետ։

Տեսանյութեր

Լրահոս